Մատչելիության հղումներ

Խորհրդարանում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում նախագահի, ԱԺ խոսնակի և վարչապետի, աշխատավարձի շեշտակի բարձրացում:

Կառավարության այս նախաձեռնությունն արժանանում է ընդդիմադիր պատգամավորների սուր քննադատությանը: Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) ասաց, թե խորհրդանշական է, որ սրան նախորդել է գործազրկության նպաստը վերացնելու մասին օրինագիծը. - «Եվ ահա սրանից բառացիորեն ժամեր անց Ազգային ժողովը քննարկում է Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203 տոկոսով բարձրացնելու, այսինքն` 436 հազար դրամից 1 միլիոն 322 հազար դարձնելու, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 հազար դրամից 1 միլիոն 190 դրամ դարձնելու, այսինքն` 208 տոկոսով բարձրացնելու մասին հարցը»:

«Նրանք այն մարդիկ են», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը, - «որոնց այսօրվա պաշտոնում գտնվելու ընթացքում աղքատությունը Հայաստանում 27.6 տոկոսից աճել-հասել է 35 տոկոսի, արտագաղթը ահագնացել է: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, դրա համար է նրանց պաշտոնավարման հետևանքները աղետալի Հայաստանի համար»:

Փաշինյանի կարծիքով` պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը չի կարող տոկոսային առումով ավելի լինել, քան հաշմանդամի նպաստը կամ կենսաթոշակը. - «Հայաստանում այսօր 1 միլիոն 146 հազար մարդ, պաշտոնական վիճակագրությամբ, աղքատ է: Այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված` քաղաքական էլիտան իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Եվ այսօր նրանք կստանան չակերտավոր բարի լուրը, որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը: Ինչո՞ւ պիտի բարձրանա, ասենք, Սերժ Սարգսյանի աշխատավարձը… 2008 թվականի մարտի 1-ին Երևանը տանկերով օկուպացնելո՞ւ, թե՞ Եվրոպաներում ու Ռուսաստանում Հայաստանը ծաղրի առարկա դարձնելու համար: Ինչո՞ւ պիտի բարձրանա Տիգրան Սարգսյանի, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը… Որ նրանք համրի նման հետևե՞լ են, թե ինչպես է օլիգարխը քարուքանդ անում մշակութային արժեքը: Աշխատավարձերը ցածր էր, դրա համա՞ր են լուռումունջ նստել: Այդ ինչքա՞ն պիտի աշխատավարձ բարձրացնեք, որ Փակ շուկայի ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը վարչապետին ու նրա նախարարներին քիչ թվա»:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ` Արամ Մանուկյանը հակադարձեց բերվող փաստարկին, թե աշխատավարձի բարձրացումը կօգնի կրճատել կոռուպցիան. - «6-7 տարի է դատավորների աշխատավարձը մինչև 1500-2000 դոլար է. ասեք, խնդրեմ, ավելի կոռումպացված միջավայր, քան դատարաններն են: Եթե կամքը չկա և դուք լուծում եք միայն աշխատավարձի բարձրացմամբ, կոռուպցիան այդպես չի վերանում: Կոռուպցիան վերանում է քաղաքական կամքի միջոցով»:

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը համաձայն է Մանուկյանի դիտարկմանը` վստահեցնելով, որ այլ փոփոխություններ էլ լինելու են. - «Եթե եղավ միայն աշխատավարձի փոփոխություն և չեղավ բովանդակային փոփոխություն, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»:

Օրինագծին դեմ է քվեարկելու նաև «Ժառանգություն»-ը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը անբարոյական է համարում անգամ եթե իր աշխատավարձը բարձրացնեն. - «Օրեցօր մենք հասկանում ենք, որ մեր քաղաքացիները ավելի են հարստահարվում, ավելի է աճում արտագաղթը, ավելի են մեզանից հիասթափված: Մենք լավ չենք աշխատում, հետևաբար` այդ թվում նաև Կառավարության անդամների, այդ թվում նաև նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձը, իհարկե, չպետք է բարձրանա: Նույնը պարոն Աբրահամյանի աշխատավարձը ինչո՞ւ պետք է բարձրանա»:

Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ը քննադատության սլաքը դարձյալ ուղղեց օրինագիծը հեղանակած Կառավարությանը. Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնությունն այս անգամ չի լռի. - «Այս նախագիծը բերել է մի Կառավարություն, որը համարում է, որ խորհրդարանը իր կցորդն է: Քանի՞ անգամ է եղել դեպք, երբ այս խորհրդարանը, խորհրդանական մեծամասնության գլխավորած հանձնաժողովները մերժեն այն նախագծերը, որը բերել է այս Կառավարությունը: Էլ ինչո՞ւ ենք պատիվ պահանջում Կառավարությունից, որ ինքը հարգի մեզ, հարգի պատգամավորներին, հարգի խորհրդարանին… Չի' հարգելու: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինքներս մեզ չենք հարգում»:

Ի պատասխան ելույթ ունեցավ Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. - «Այն քաղաքական մեծամասնությունը, որը իր մեջ ներառում է նաև Կառավարությունը, եթե օրինագիծ բերեց և դեմ քվեարկեց, դա խորտակված նավ է: Դա մի թիմ է: Այդ թիմը իր ամբողջ պատասխանատվությամբ է հանդես գալիս»:

Սահակյանը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը համարում է «պետության արժանապատվության խնդիր»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG