Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 24-ի մամուլ


«Կառավարության ցինիզմի գագաթնակետը» վերնագրի ներքո «Չորրորդ իշխանություն»-ն արձագանքում է գործազրկության նպաստները վերացնելու մասին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին. - «Փորձենք հասկանալ Կառավարության ցինիզմի աստիճանը: Իհարկե, տեսականորեն ավելի լավ է մարդկանց ապահովել աշխատատեղերով, քան թե գործազրկության նպաստ տալ: Պարզ ասած` ավելի լավ է մարդկանց ամսական ոչ թե 18 հազար դրամ ողորմություն տալ, այլ գոնե ամիսը 70-80 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղեր ստեղծել: Այլ հարց է, թե ինչու պիտի մեկը մյուսի հաշվին արվի: Աշխարհի բազմաթիվ երկրներում բնակչության զբաղվածության ապահովման տասնյակ ծրագրեր են գործում, ընդ որում` շատ արդյունավետ, բայց որևէ երկրի Կառավարության մտքով չի անցնում ասել` լավ, քանի որ ծրագրերն ակտիվացնում ենք, բերեք գործազրկության նպաստը վերացնենք: Հասկանալի է, որ այդ 18 հազար դրամով, այսպես թե այնպես, հնարավոր չէ ապրել, բայց դա չի նշանակում, որ Կառավարությունը պիտի կանգնի ու ասի` դուք իսկական գործազուրկներ չեք, բոլորդ էլ թաքուն աշխատում ու յոլա եք գնում, էլ ինչո՞ւ իզուր տեղը փող տանք: Եթե այդպես է, թոշակները նույնպես պիտի վերացվեն, որովհետև թոշակով ապրել, այսպես թե այնպես, հնարավոր չէ: Թոշակառուների 75-80 տոկոսն էլ զավակների օգնության հաշվին է գոյատևում»:

«Ժամանակ»-ը փորձում է նախանշել Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա ընթացքը. - «Եվրոպային գոնե այսօր Հայաստանից այլևս ոչինչ պետք չէ: Վիլնյուսից հետո Եվրոպան կմտածի, թե ինչ է իրեն պետք և կառաջարկի արդեն դրա վերաբերյալ տարբերակներ, զարգացման սցենարներ, միգուցե բովանդակային նորություններ: Եթե Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հարցում Վիլնյուսը բարեհաջող անցնի, ապա այստեղ, իհարկե, Հայաստանի համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ՝ Բրյուսելը կարող է դրանից հետո ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի վրա: Եթե ոչ, ապա Եվրոպան կարող է Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կորցնել և առաջնորդվել նվազագույն անհրաժեշտության սկզբունքով, ինչը, իհարկե, Հայաստանի զարգացման շահերից չի բխում»:

«Հրապարակ»-ը, անդրադառնալով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի թափուր տեղի համար Քաղծառայության խորհրդի հայտարարած մրցույթին, գրում է․ - «Թափուր տեղի համար հայտարարված մրցույթի պահանջների մեջ երկու ուշագրավ կետ կա: Մեկը, համենայնդեպս, զավեշտալի է: ԲՈՀ-ի նախագահի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է «համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն» և ռուսերենի ազատ տիրապետում: Եթե առնվազն զարմանալի է, որ 21-րդ դարում համակարգչով աշխատելու ունակության մասին հատուկ նշում են կատարում մի կառույցի ղեկավարի դեպքում, ով ժամանակակից գիտական աշխատությունների բարձր մակարդակն ստուգելու առաքելություն ունի, ուստիև համակարգչից և ինտերնետից օգտվելու հույժ անհրաժեշտություն, ապա ռուսերենի իմացությունը թերևս Մաքսային միությանն ուղղված ռևերանս է: Ինչու ոչ անգլերեն, որը միջազգային լեզու է, այլ ռուսերեն: Ակնհայտ է, որ ոչ միայն ՀՀ քաղաքական, այլև գիտական ու կրթական շրջանակներն են կամաց-կամաց տեղավորվում ռուսական օրիենտացիայի ուղեծրում: Հաջորդ քայլը կլինի ռուսերենը պետական լեզու հայտարարելը»:

«168 ժամ»-ը գրում է․ - «Կոռուպցիան և ամենաթողությունը ոչ թե վերացական հասկացություններ են, այլ հնարավոր է չափել դրանց պատճառած վնասը: Policy Forum Armenia վերլուծական կենտրոնի փորձագետները իրենց հեղինակած «Կոռուպցիան Հայաստանում» զեկույցում հենց դա էլ արել են և հաշվարկել, որ ՀՀ բյուջետային կորուստները գերազանցում են ՀՆԱ-ի 7 տոկոսը: Օրինակ՝ 2012 թվականի բյուջետային կորուստը կազմել է մոտ 750 միլիոն դոլար: Իսկ կոնկրետ կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով: Այսինքն՝ Հայաստանի ՀՆԱ-ն այսօրվա 10․5 միլիարդ դոլարի փոխարեն կարող էր լինել ավելի քան 16․4 միլիարդ, եթե կոռուպցիայի դեմ իրական պայքար մղվեր և վերացվեին կառավարման համակարգի թերությունները»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնում է Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթի` օրերս հրապարակված տասներեք նախագծերին. - «Չկա մի նախագիծ, որ սոցիալական տիրույթում կամ մասնավոր խոսակցություններում գովասանքի արժանա: Իշխող թեմատիկան հավատքն է, պատկերը` խաչը, այն էլ` կալանավայրերում հացի խմորից պատրաստվող թզբեհների վրա պատկերվող խաչերի ոճով: Սա այն դեպքում, երբ մրցույթին մասնակցում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ապրող, այսպես ասած` աշխարհ տեսած ճարտարապետներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG