Մատչելիության հղումներ

Փոստանջյանը հանվեց ԵԽԽՎ պատվիրակության կազմից


Արխիվ -- Ընդդիմադի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսի ժամանակ, Երևան, 17-ը հոկտեմբերի, 2013թ․

Արխիվ -- Ընդդիմադի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսի ժամանակ, Երևան, 17-ը հոկտեմբերի, 2013թ․

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դժվարին օրեր է խոստանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ընդդիմադիր «Ժառանգությունը» ներկայացված չի լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Ազգային ժողովի նախագահն այսօր սահմանել է միջազգային պատվիրակությունների համամասնությունը, որով «Ժառանգության» փոխարինող անդամի տեղը տրվել է իշխանական «Օրինաց երկրին»:

Վեհաժողովում «Ժառանգությանը» Զարուհի Փոստանջյանն էր ներկայացնում: «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Փոստանջյանի կարծիքով Աբրահամյանի այսօրվա նախաձեռնությունը անմիջականորեն կապված է Սերժ Սարգսյանին կազինոյում խաղալու մասին տված իր հարցի հետ:

«Ինձ հետապնդում են այդ հարցի համար», - հայտարարեց Փոստանջյանը, - «Հովիկ Աբրահամյանը ինքն է իր դեմ ցուցմունք տվել, որ ինքը հետապնդում է «Ժառանգության» ներկայացուցչին, այն բանի համար, որ նա հարց է հղել Սերժ Սարգսյանին»:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը նաև այլ ենթատեքստ ունի․ «Ժառանգությանը» մեկուսացրին, որպեսզի եվրոպական այդ կարևոր հարթակում ներկայացված լինեն միայն Մաքսային միությանը կողմ ուժերը:

«Ձեզ դժվարին օրեր են սպասվում, այդ գործողությունները Ձեզ չեն ներվելու», - արդեն նիստերի դահլիճում Աբրահամյանին այս բառերով դիմեց Զարուհի Փոստանջյանը, ով այսօր առավոտից եվրոպական տարբեր կառույցներին ուղղված նամակներ էր պատրաստում: Պատգամավորը մանրամասնեց՝ «իշխանությունն իր նախաձեռնության ձեռքը կրակն է ընկնելու»: Պատվիրակության ընդդիմադիր անդամին իշխանականով փոխարինելով խախտվել է բազմակարծությունը, ինչը Եվրոպան նրանց չի ների, - «Եվ ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, իհարկե, նաև իր, այսպես ասենք՝ խմբակի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, նույնպես շատ հետաքրքիր օրեր են սպասվում»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին Փոստանջյանի նկարագրած հեռանկարը սարսափահար չարեց:

«Շատ ենք վախեցած», - հեգնեց Սահակյանը, - «Ով ինչ ուզում է կասկածի, ճշմարտությունը նա է, ինչը որ արդեն կատարել ենք»:

Զարուհի Փոստանջյանն այսօր շատ էր վիրավորված իր ընդդիմադիր գործընկերներից: Պատվիրակությունների նոր կազմերի մասին այսօր առավոտյան Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում էր տեղեկացել: Իր հետ նույն քննարկմանը ներկա ընդդիմադիրներից որևէ մեկը, նրա պնդմամբ, «Ժառանգությանը» չէր փորձել պաշտպանել:

«Ցավալին այն է, որ այդ բոլոր ներկաները, հատկապես ես նկատի ունեմ ՀԱԿ ներկայացուցչին, որևիցե հակադրում չեղավ, ընդհակառակը՝ ողջունեցին», - դժգոհեց նա:

Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանն ասաց՝ Փոստանջյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ԵԽԽՎ պատվիրակությունից «Ժառանգությանը» հանելու մասին Զուրաբյանի կարծիքը հետևյալն է․ - «Հանրապետականները հիմա այդ փաստարկը բերում են, ասում են՝ 8 հոգի են ԵԽԽՎ-ի պատվիրակության մեջ, ուրեմն 5-ը պետք է լինեն Հանրապետականից, որովհետև մենք ունենք բացարձակ մեծամասնություն: Ուրեմն եթե մենք ընդամենը երեք հոգի ունենք այդ պատվիրակության մեջ, պատկերացրեք ինչ զիջումների ենք գնացել, ինչ ժողովրդավար ենք, ինչքան արդար ենք: Զուտ ֆորմալ առումով կարծես թե արդար պահվածք է և արդար մոտեցում: Բայց նորից եմ ասում, մենք գիտենք, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ընտրությունները կեղծվել են: Հիմա դրանից հետո խոսել պատվիրակությունների արդար կազմավորման սկզբունքների մասին, կարծում եմ, ավելորդ է»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության կազմը բալանսավորված է համարում: Վեհաժողովի աշխատանքներին 4 իշխանական, 4 ոչ իշխանական անդամներ կմասնակցեն:

«Ինչ որ առաջարկվել է, միանգամայն համահունչ է ԵԽԽՎ կանոնադրությանը և որևէ խախտում միջազգային իրավունքի, միջազգային նորմի և քաղաքական ուժերի բալանսավորվածության, կամ գենդերային հավասարակշռության խախտում չկա», - մեկնաբանեց Զոհրաբյանը:

Միակ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչն Արմեն Ռուստամյանն էր, ով ափսոսանք հայտնեց, որ Փոստանջյանը պատվիրակության կազմում ընդգրկված չի լինելու:

«Կար մի դաշտ, որտեղ նա անգերազանցելի էր», - ասում է Ռուստամյանը, ում խոսքով՝ Փոստանջյանը կարողանում էր տարբեր ստորագրահավաքներին ներգրավել անգամ ԵԽԽՎ ոչ հայամետ պատվիրակներին: Բայցևայնպես, Աբրահամյանի այսօրվա որոշումը նա էլ նախընտրեց չքննարկել:

«Կարգավորել և որոշումը կայացնելը իսկապես Ազգային ժողովի նախագահի լիազորություններն են», - նշեց նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG