Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է հունվարի 1-ից վերացնել ամսական 18 հազար դրամ գործազրկության նպաստը: «Զբաղվածության մասին» օրենքը, որ խորհրդարանում ներկայացրեց Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), աշխատանք չունեցողներին առաջարկում է նպաստի փոխարեն մասնագիտություն սովորել, վերապատրաստվել:

«Ոչ թե մարդուն պետք է գործազրկության նպաստ տանք և ասենք` հաջողություն, քո փողը տվել ենք, գնա, այլ մարդուն պետք է ռեալ օգնենք կրթության, ուղիղ ֆինանսավորման, ուղիղ խորհուրդներով, ուղիղ զբաղվածություն ստեղծելու համար», - փաստարկեց պատգամավորը:

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցություններում տարակուսած են՝ մարդկանց օրվա հացից են կտրում, վերապատրաստում, բայց աշխատանքի էլ չեն տեղավորելու: Դաշնակցական Արծվիկ Մինասյանի խոսքով, գործադիրը չգիտի էլ երկրին խառա՞տ է պետք, թե՞ բարմեն:

Ընդդիմադիր պատգմավորի պնդմամբ՝ կտրուկ եւ անհեռանկարային նախաձեռնությամբ սոցիալական պետության գաղափարախոսությունն է խարխլվել․- «Հայաստանի Սահմանադրությունը հռչակում է սոցիալական յոթ հիմնական ռիսկերից քաղաքացու պաշտպանվելու իրավունքը` հաշմանդամություն, գործազրկություն, ծերություն և այլն: Կառավարությունը, ըստ էության, այս քայլով նաև թույլ է տալիս սահմանադրական կոպիտ խախտում` արձանագրելով նահանջ»:

Գործադիրի այն մոտեցումը, թե ստանալով 18 հազար դրամը մարդիկ այլեւս շահագրգռված չեն լինում աշխատել, Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) համարում է վիրավորանք` գործազուրկներին մուրացկան են անվանում. - «Աշխատատեղ չկա, աշխատանք չկա, և ասել, որ եկեք գործազրկության նպաստը կտրենք և այդ գումարներն ուղղենք մարդկանց որակավորում տալու, դա ևս ես լուրջ չեմ համարում: Որովհետև մենք ունենք հրաշալի մասնագետներ, մենք ունենք գիտնականներ, գիտության թեկնածուներ, որոնք այսօր, կներեք, շուկայում զբաղված են մանրածախ առևտրով»:

Բացի այդ, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի, գործող Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով աշխատատեղեր են կրճատվել, փակվում են փոքր ու միջին ձեռնարկությունները, գիտական հիմնարկները, ուստի երկրում աշխատուժի կարիք էլ չկա:

Նաիրա Զոհրաբյանը պետության կազմակերպած դասընթացների արդյունավետությունը գնահատում է զրոյական: Նրա համար պարզ է, թե ինչու են նպաստը վերացնում. - «Այն ուռճացված բյուջեն, որը ներկայացվել է, փուչիկ է, միֆ է, որը իրականանալի չի լինելու, և ուղղակիորեն փորձում են այս մի ծախսը կրճատել»:

«Բյուջեում վերջին միջոցներն են մնացել», - համոզված է Զարուհի Փոստանջյանը: Այսօր առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկել. - «Նրանց խնդիրը այսօր ոչ թե այն է, որ մասնագիտացման միջոցով քաղաքացիներին ապահովեն աշխատանքով: Ապահովելու համար պետք է լինեն արդարացի կարգեր, օրենքի առջև պետք է բոլոր քաղաքացիները լինեն հավասար: Բայց այս քաղաքացուն զրկում են այդ հավասար պայմաններից և ստիպում են, որ նա արտագաղթի»:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ նույնիսկ 18 հազար դրամը մարդկանց համար էական նշանակություն ունի. - «Միլիոնից ավելի քաղաքացի այսօր Հայաստանում քաղցած է: Սա այս հանցավոր քաղաքականության հետևանք է, որից մենք չեն կարողանում տարիներ շարունակ դուրս գալ»:

Պաշտոնական վիճակագրությամբ, 70 հազարից ավելի գրանցված գործազուրկ ունենք, նրանից տասը հազարը ստանում են այս նպաստը: Ըստ իշխանությունների հաշվարկների, ևս 200 հազար մարդ աշխատանք չունի, բայց պետությանն այդ մասին տեղյակ չի պահել:

Կառավարության այս նախաձեռնության հասցեատերերը զայրացած են: Սեդրակ Բաղդասարյանը, ով աշխատանքը կորցնելուց հետո օգտվել է գործազրկության նպաստից, «Ազատության» հետ զրույցում ասաց. - «18 հազարն էլ մի թիվ չի, բայց մկան համապատասխան արտադրանքն էլ ջախացին օգտակար է... Ի՞նչ է նշանակում` քաղաքացու նպաստը կտրում ենք, որ նա գնա գործ ման գա: Իսկ կարելի՞ է իմանալ, Կառավարությունը ինչքան աշխատատեղ է ստեղծել»:

XS
SM
MD
LG