Մատչելիության հղումներ

Արսեն Ղազարյան. «Կառավարման ոլորտում մեծ է սուբյեկտիվ գործոնը»


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով` գալիք տարի լրացուցիչ մոտ 100 միլիարդ դրամի հարկերի հավաքումը բացասաբար չի անդրադառնա բիզնես հանրության վրա, եթե իշխանությունները հարկահավաքն իրականացնեն հավասարաչափ:

«Եթե բոլորին հավասարաչափ ենք հարկում, դա միշտ մենք` որպես միություն, հնչեցրել ենք: Եթե հավասար ենք հարկվում, միշտ հնարավոր է գոտիները ձգել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ղազարյանը:

Սեպտեմբերի վերջին Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնելով, որ գալիք տարի իշխանությունները մտադիր են ավելացնել կենսաթոշակներն ու պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը, նշեց նաև, որ այդ անելու համար հարկավոր է պետական բյուջեն համալրել լրացուցիչ գումարով: Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ գումարը կոմիտեն մտադիր է գանձել խոշոր հարկատուներից։

Նշենք, որ 2014-ը կլինի երրորդ տարին, որ Կառավարությունը լրացուցիչ հսկայական գումար է հավաքում բիզնեսից. անցած տարի գանձվեց լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ ու տուրք, այս տարի պետք է հավաքվի լրացուցիչ ավելի քան 110 միլիարդ:

Ըստ Արսեն Ղազարյանի, Կառավարությունը պետք է ցույց տա, թե այդ շուրջ 100 միլիարդ դրամը կոնկրետ ո՞ր ոլորտներից և ի՞նչ տոկոս է հավաքելու. - «Ժամանակն է, որ Կառավարությունը հստակ բարձրացնի այս հարցը և հստակ առաջադրանք դնի ՊԵԿ-ի առաջ, հակառակ դեպքում պլանի կատարման պարտավորությամբ ՊԵԿ-ը կանի այն, ինչ որ անում է` կքամի մինչև վերջին կաթիլը հնարավոր այն ձեռնարկություններից, այն ճյուղերից, որոնք շահույթ ունեն, շահութաբերություն ունեն և ի վիճակի են վճարել: Եվ երկրորդը. եթե մենք գնալու ենք այսպիսի ցուցանիշներով տարին տարվա վրա, ապա ստվերայնության աստիճանը պետք է կտրուկ իջեցնել: Ցավոք սրտի, մենք ունենք ոլորտներ (ակնհայտ է բոլորին, և դա ընդունում է Կառավարությունը), որտեղ մինչև 30, 40, 45, 55 տոկոս ստվերայնություն կա»:

Հարցին, թե իշխանությունները ինչո՞ւ հավասարաչափ չեն հարկում`այդ թվում խոշոր բիզնեսին, Ղազարյանն արձագանքեց. - «Քանի որ կառավարման ոլորտում սուբյեկտիվ գործոնը մեծ է, քանի որ մենք, ցավոք սրտի, դեռ անցումային տնտեսություն ենք: Ցավոք սրտի, դեռևս մենք չենք կարող ասել, որ լիարժեք ունենք բուրժուական դասակարգ` ձևավորված, հասուն, որը ունի սոցիալական պատասխանատվություն, ունի բարոյական սկզբունքներ և արժանավայել է գնահատում իր դերը հասարակության մեջ»:

Իսկ հարցին, թե արդյոք պատճառների թվում չէ նաև մեզանում առկա քաղաքական և տնտեսական կոռուպցիան, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը պատասխանեց. - «Կոռուպցիան համակարգային հիվանդություն է, որը բոլոր հասարակություններում կա տարբեր աստիճաններով: Մեզ մոտ, այո, կոռուպցիայի դրսևորումը, տոկոսը և' բարձր է, և' այլանդակ»:

Այդքանով հանդերձ մեր զրուցակիցը ընդգծեց, որ իշխանությունները ձգտում են, քաղաքական կամք ունեն բիզնեսը հավասարաչափ հարկելու. - «Այդ քաղաքական կամքը հստակ կա: Այլ բան է, որ արդյունավետ, լիարժեք չի ստացվում: 90-ականներից ձևավորված մեր տնտեսությունը, մեր գործարարությունը բավական բարդ է: Կա'մ մենք պետք է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ ջարդենք, փշրենք, որտեղ միանշանակ թացը չորի հետ շատ բան է այրվում, կա'մ էվոլյուցիոն ճանապարհով, ինչը որ մենք անում ենք, ամեն մի գործիքին, որը պետք է տանի կաշառակերության, ստվերայնության, կոռուպցիայի նվազեցմանը, կարծես թե, շուկան ինքն է լուծումներ գտնում»:

Հայաստանյան բիզնես հանրության ներկայացուցչի հետ զրուցեցինք նաև արտագաղթի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, վերջին վեց տարիներին երկրից մեկնել է մոտ 170 հազար մարդ: Արսեն Ղազարյանը մտահոգություն հնչեցրեց՝ եթե արտագաղթի ներկայիս տեմպերը շարունակվեն, այն ոչ միայն բացասաբար ու լրջորեն կազդի տնտեսության վրա, այլև կդառնա ազգային անվտանգության խնդիր:

«Ես չեմ տեսնում այսօր արտագաղթի դեմն առնելու իրական մեխանիզմներ` եթե ոչ աշխատատեղեր, եթե ոչ բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն, եթե ոչ, ինչու չէ, ապահովություն: Չէ՞ որ ամբողջ տարածաշրջանը այսօր մեզ մոտ եռում է», - եզրափակեց Արսեն Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG