Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հարցը՝ «Վիլնյուսից հետո»


Մոլդովա - Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Կարլ Բիլդտի (ձախից) և Ռադոսլավ Սիկորսկու համատեղ ասուլիսը Քիշնևում, 22-ը հոկտեմբերի, 2013թ․

Մոլդովա - Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Կարլ Բիլդտի (ձախից) և Ռադոսլավ Սիկորսկու համատեղ ասուլիսը Քիշնևում, 22-ը հոկտեմբերի, 2013թ․

Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը Եվրամիությունը կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում երեկ Քիշնևում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը:

«Որոշումը, որ կայացվեց Հայաստանի կողմից, բխում էր այդ երկրին բնորոշ շատ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրողություններից: Դրա հետ մեկտեղ, պետք է ընդգծել, որ նրանք չեն լքել Արևելյան գործընկերության ծրագիրը: Այն պահից, երբ կայացվեց [Մաքսային միությանն անդամակցելու] որոշումը, Հայաստանից այցելությունների իսկական տեղատարափ սկսվեց, և մեզ շարունակ ասում էին՝ «իրականում մենք չէինք ցանկանում լքել [գործընթացը], մենք ցանկանում էինք հնարավորինս առաջ շարժվել, սակայն եղել են որոշակի ճնշումներ», - պնդում է Բիլդտը:

Շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով նաև Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադիրներից մեկն է, խոստանում է Երևանի հետ հարաբերությունների հարցին վերադառնալ Լիտվայի մայրաքաղաքում նոյեմբերին կայանալիք համաժողովից հետո միայն:

«Վիլնյուսից հետո արդեն մենք կդիտարկենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այդ համագործակցությունը, իհարկե, չի լինի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության այլ ձևերն իհարկե կզարգացնենք», - նշում է Բիլդտը:

Շվեդիայի արտգործնախարարը Մոլդովա էր ժամանել լեհ պաշտոնակցի` Ռադոսլավ Սիկորսկու հետ:

Լեհական դիվանագիտության ղեկավարն էլ հատուկ ընդգծում է, որ ի տարբերություն ռուսական կողմի` Բրյուսելը գործընկերներից որևէ մեկին ճնշելու մտադրություն չունի:

«Եվրոպան որևէ մեկի վրա ճնշում չի բանեցնում: Մենք պարզապես սահմանում ենք որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են ասոցացման համար: Հետևություններն արդեն ձերն են՝ ինչ հարաբերություններ եք ուզում ունենալ` հավատարիմ մնալ նախանշվա՞ծ ուղուն, թե՞ որպեսզի ձեզ ստիպեն այս կամ այն որոշումը կայացնել», - նկատում է Սիկորսկին:

Կարլ Բիլդտն էլ իր գործընկերոջ խոսքին հավելելով նշում էր․ - «Մենք դուռ ենք բացել Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, մյուս պետությունների համար: Եթե դուք ուզում եք այդ դռնով մուտք գործել դեպի այն հնարավորությունները, որ ընձեռում է Եվրոպական միությունը՝ դա ձեր որոշումն է: Եթե ցանկանում եք գնալ այլ ուղղությամբ` դա նույնպես ձեր կայացրած որոշումն է»:
XS
SM
MD
LG