Մատչելիության հղումներ

logo-print
Վաղը մեկնարկող մեկշաբաթյա համերգաշարի ընթացքում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան ոչ միայն իր ստեղծման 75-ամյակը նշող հայկական ջազի լավագույն ներկայացուցիչները, այլև արտասահմանից ժամանած անվանի երաժիշտներ:

Հոբելյանական համերգաշարի բացման օրը հանդես կգան, մասնավորապես, Մակեդոնիայից և Ավստրիայից ժամանած նվագախմբերը, որոնց հիմնադիրները, ի հպարտություն մեզ, ծագումով հայ են. «Դավիդյան եղբայրներ» ջազ-բենդը մեծ հռչակ ունի ոչ միայն Մակեդոնիայում, այլև ողջ աշխարհում, իսկ Ավստրիայում իրանահայերի ընտանիքում ծնված Մայքլ Մոսեսյանը, ով առաջին անգամը չէ, որ ելույթ պիտի ունենա Երևանում, բերել է իր հիմնադրած ջազ-տրիոն:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Տիրան Դավիդյանը նշեց, որ ավելի քան չորս հարյուր համերգ են տվել աշխարհով մեկ, այդ թվում այնպիսի հռչակավոր երաժիշտների հետ, ինչպես Ռեյ Չարլզը, Մայքլ Ջեքսոնը, Չիկ Կորեան և շատ ու շատ ուրիշներ:

Տիրան և Կարո Դավիդյաննները պատմեցին, որ սերը երաժշտության նկատմամբ գալիս է իրենց հորից` Մակեդոնիայում հայտնի դաշնակահար Կարապետ Դավիդյանից: Եղբայրներն առաջին անգամ են Հայաստանում, հայերեն չեն խոսում, բայց որոշ տեղեկությունների հայոց պատմությունից տիրապետում են. գիտեն, որ իրենք Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներն են:

Ի տարբերություն Դավիդյան եղբայների, Մայքլ Մոսեսյանը արդեն եղել է Երևանում. ելույթներ է ունեցել «Մալխաս» ակումբում և «Գաֆեսջյան» կենտրոնում, հանդես է եկել պետական ջազ նվագախմբի հետ:
XS
SM
MD
LG