Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար


Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանն այսօր միաձայն ընտրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար:

Խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր անսպասելիորեն հայտարարեց, թե այլևս չի ցանկանում լինել այդ պաշտոնում՝ խուսափելով ներկայացնել հրաժարականի պատճառները:

Նկատենք, սակայն, որ Ռուբեն Հակոբյանը ոչ միանշանակ դիրքորոշում էր արտահայտել Փոստանջյանի՝ կազինոյի մասին հարցի շուրջ՝ ասելով, թե ինքը նախագահին նման հարց չէր տա: Փոստանջյանն էլ հակադարձել էր, թե ինքն ու Հակոբյանը տարբեր սերունդների ներկայացուցիչներ են: Ոմանց պնդմամբ՝ Ռուբեն Հակոբյանի հրաժարականը անմիջականորեն կապ ունի նաև այս միջադեպի հետ։

«Ես դիմել եմ, խնդրել եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ էր այդ մասին վաղուց, խնդրել եմ, որ հարգեն իմ ցանկությունը: Իհարկե, Րաֆֆին ցանկանում էր, որ ես շարունակեի մնալ այդ պաշտոնում, բայց որովհետև շատ դեմոկրատ անձնավորություն է՝ ի վերջո թողեց ինձ, որպեսզի ես որոշեմ այդ հարցը», - ասաց պատգամավորը:

«Ես վաղուց էի որոշել, մինչև Զարուհի Փոստանջյանի հարցադրումը։ Ես էն տեսակը չեմ, որ ինձ կարող են խանգարել կամ պարտադրել ինչ-որ բան։ Ես ասացի՝ դա շատ անձնական որոշում է, ես չեմ պայմանավորում դա որևէ ներքին խնդրով, ուղղակի ցանկացա, որ այլևս չլինեմ ղեկավար խմբակցությունում։ Ես լուրջ պատճառ չեմ տեսնում, ուղղակի իմ ցանկությունն էր դա և վերջ»,- հավելեց Հակոբյանը։

Նշենք, որ ինչպես պնդում էին ժառանգականները, Հակոբյանի այս որոշումը անսպասելի է եղել նաև իրենց համար: Մասնավորապես, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անկեղծորեն ասաց, թե այսօր լրագրողներից է իմացել, որ Հակոբյանը ցանկանում է հրաժարական տալ, և դրա համար անձամբ եկել է խորհրդարան, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում:
Մարտիրոսյանը պնդում էր, թե Հակոբյանի հրաժարականը քաղաքական չէ, կուսակցական չէ, հակառակ դեպքում՝ իրենք այդ մասին տեղյակ կլինեին:

«Ժառանգություն» խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը նույնպես լրագրողների հետ զրույցում փոխանցեց, թե ինքն էլ է այսօր իմացել Հակոբյանի հրաժարականի մասին: Փոստանջյանը նաև վստահեցնում էր, թե որևէ խնդիր Հակոբյանի հետ չունի և չի ունեցել, շատ հարգում և սիրում է վերջինիս, և նրա հրաժարականն էլ իր հարցի հետ բացարձակապես կապ չունի։

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է Հակոբյանի որոշման տրամաբանական բացատրությունը, Փոստանջյանը պատասխանեց.- «Դա իր անձնական որոշումն է, ես կարծում եմ՝ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ նման անձնական որոշում»։

«Ժառանգություն» խմբակցության այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում խմբակցության քարտուղար է ընտրվել անկուսակցական Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանին, ապա նա փոխանցեց, թե «Ժառանգությունից» դուրս գալու մտադրություն չունի:

Իսկ թե ինչ է մտածում խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը՝ Հանրապետականը, «Ժառանգությունում» տեղի ունեցող խմորումների մասին, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե այնտեղ տիրող խառնաշփոթի մասին ժառանգականները իրենք պետք է բացատրություններ տան: Սահակյանի փոխանցմամբ՝ նախ այդ խմբակցությունում տարբեր կուսակցությունների անդամներ են ընդգրկված, [խոսքը Ալեքսանդր Արզումանյանի մասին է], Թևան Պողոսյանն էլ ընդհանրապես անկուսակցական է, բացի այդ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը տարբերվում է «Ժառանգություն» կուսակցության տեսակետից և այլն:

Հարցին, թե «Ժառանգությունը» այսուհետ ավելի արմատական չի դառնա՞՝ հաշվի առնելով, որ Ռուբեն Հակոբյանը ավելի մեղմ էր իր հայտարարություններում, Սահակյանը պատասխանեց.- «Արմատականը ո՞րն է... պիտի թիմ ունենան, որպեսզի կարողանան իրենց տեսակետները առաջ տանեն։ Ասեմ ավելին՝ ինձ համար միակ խորշելի քննադատը Ռուբեն Հակոբյանն էր, բայց երևի թե որպես քաղաքական ճամբարի ներկայացուցիչ՝ միակ փորձառու քաղաքական գործիչն էր։ Ես կարծում եմ՝ «Ժառանգությունը»՝ որպես խմբակցություն, վաղուց կորսված վիճակում է գտնվում և վերակենդանացման հույսեր էլ չկան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG