Մատչելիության հղումներ

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ՄՄ-ին միանալու որոշումը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

«Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության հերթական քայլն էր։ Եվ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ կշահի թե Հայաստանը, և թե Ռուսաստանը։ Մենք ուղղակի ողջունում ենք դա»,- կիրակի այս մասին Ստեփանակերտ այցելած ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղը ևս կմտնի Մաքսային միություն, նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց, թե Ղարաբաղը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով ճանաչված չլինելու կարգավիճակը։

«Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք և կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն»,- ասաց Բակո Սահակյանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարը նշեց, թե ի տարբերություն Ադրբեջանի, Ղարաբաղում բարձր են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը՝ ընդգծելով, որ միջնորդների ջանքերի շնորհիվ է նաև, որ այսօր Ղարաբաղում հարաբերական խաղաղություն է տիրում։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա։ Բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մենք լիարժեք մասնակցություն ունենանք բանակցային գործընթացում։ Մենք միշտ ասում ենք, որ հարգանքով ենք վերաբերում միջնորդական առաքելությանը։ Բայց և այնպես վերջնական խաղաղության հասնելու համար այդ գործընթացին պետք է մասնակցի նաև Ղարաբաղը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ»,- հայտարարեց Բակո Սահակյանը։

Ռուսաստանցի լրագրողները Լեռնային Ղարաբաղի նախագահից նաև հետաքրքրվեցին, թե թե ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունն առ այսօր պաշտոնապես չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

«Որովհետև Հայաստանն այսօր Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Եվ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կընկալվի որպես պոպուլիստական քայլ։ Այս տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ առաջարկություններ են հնչել, այսօր էլ Ազգային ժողովում շարունակվում են քննարկումները։ Բայց այսօր մենք մեր բոլոր ուժերն ու ռեսուրսներն ուղղում ենք Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»,- ասաց Սահակյանը։

Ի դեպ, նախագահ Սահակյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Գերմանիայում կազմակերպվելու է հավաքույթ՝ ադրբեջանական «սև ցուցակում» ընդգրկված անձանց մասնակցությամբ։ Այս առաջարկը, ըստ նրա, հնչել է վերջերս Եվրոպա կատարած աշխատանքային այցելության ժամանակ՝ գերմանացի մի պաշտոնյայի կողմից, ում անունը նախագահ Սահակյանը չնշեց։
XS
SM
MD
LG