Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյանը չի շարունակի մարզել ազգային հավաքականը


Վարդան Մինասյանը նոր ընտրական փուլում չի գլխավորի ազգային հավաքականը
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Ուղիղ 10-ը օրից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմնա առանց գլխավոր մարզչի։

Ուղիղ տասն օրից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմնա առանց գլխավոր մարզչի։ Վարդան Մինասյանը հոկտեմբերի 31-ին լրացող պայմանագիրը չի երկարաձգի։

Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարզչին առաջարկել է շարունակել գլխավորել հավաքականը, Մինասյանը մերժել է։ Նշվում է, որ Մինասյանը գերադասել է կարիերայի այլ շարունակություն, մարզիչն այժմ արտասահմանից մի շարք առաջարկներ ունի, և ցանկանում է քննարկել դրանք։

Հայաստանի ազգային հավաքականի ամենաերիտասարդ մարզիչը այս պաշտոնը ստանձնել էր 35 տարեկանում։ Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսեց «Փյունիկում»՝ որպես մարզչի օգնական, այնուհետև դարձավ ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդի օգնական։ Պորտերֆիլդին փոխարինեց Յան Պոուլսենը, Մինասյանը շարունակեց պաշտոնավարել մինչ Պոուլսենի հեռանալը, ինչից հետո նրան վստահեցին հավաքականի մարզչի պաշտոնը։

2009 թվականից նրա ղեկավարությամբ հայկական ֆուտբոլը «Արարատ 73»-ից հետո առաջին անգամ սկսեց հաջող հանդես գալ։ Աննախադեպ մեծացավ հետաքրքրությունը հավաքականի հանդեպ, իսկ ամենակարևորը թերևս այն է, որ վերջին տարիների գրեթե ամեն խաղից առաջ երկրպագուները միայն հաղթանակ են ակնկալում։

Անդրադառնալով հատկապես վերջին մրցաշրջանին՝ Մինասյանը ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի հետ զրույցում նշել է, որ ազգային հավաքականը բոլոր հանդիպումներում ցույց է տվել արժանի խաղ, միակ ձախողումը, նրա կարծիքով, Մալթայի հետ հանդիպումն էր։ Ամենալավ խաղը, Մինասյանի գնահատմամբ, Դանիայի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումն էր, իսկ ամենակարևոր գոլը՝ Դանիայի հետ խաղում Մովսիսյանի խփած առաջին գնդակը։

Հրաժեշտից առաջ Մինասյանը նաև պատասխանել է վերջին շրջանում ամենից շատ քննարկվող հարցին, թե ինչու է հավաքականը ավելի լավ հանդես գալիս մրցակցի հարկի տակ։ Ըստ գլխավոր մարզչի՝ արտագնա խաղերում մեր հավաքականին հակագրոհներ կազմակերպելու համար տարածություն են տալիս, երկրորդ հանգամանքը, որը նրա կարծիքով կարող է տարօրինակ թվալ՝ երկրպագուների ճնշումն է Հայաստանում։

«Մեր երկրպագուները բացի հաղթանակից ուրիշ բան չեն սպասում: Դա, իհարկե, լավ է, բայց երբեմն մեծ պատասխանատվությունը խանգարում է ֆուտբոլիստներին դրսևորելու իրենց ողջ կարողությունը»,- ասել է Մինասյանը։

Նրա ղեկավարությամբ Հայաստանի ազգային հավաքականի ամենամեծ հաջողությունը թերևս ընդամենը մի քանի օր առաջ հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակն է, որտեղ մեր հավաքականը զբաղեցնում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 38-րդ տեղը։

Վարդան Մինասյանի կարծիքը Հայաստանի հավաքականի մասին միշտ էլ նույնն է եղել, նա մշտապես շեշտել է, որ այն մեծ պոտենցիալ ունի և իրենք միշտ խաղում են հաղթանակի համար։ Դանիային հաղթելուց հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մինասյանը խոսել էր նաև հայկական ֆուտբոլի հաջողությունների մասին և շեշտել, որ այս հավաքականը առաջիկայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում խաղալու իրական հնարավորություն ունի։

Հեռանալուց առաջ Մինասյանը նշել է, որ իր կարծիքով՝ այս հավաքականը արդեն հասունացել է և բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի։ Հավաքականի մարզչի պաշտոնում քառամյա աշխատանքն ամփոփելիս՝ Մինասյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրենց մշտապես աջակցելու համար, ինչպես նաև ֆուտբոլիստներին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց: Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջև դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ՝ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում և վստահ եմ, որ դեռ շատ բարձունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձևավորել ենք և ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաև ինչ-որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- եզրափակել է Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG