Մատչելիության հղումներ

logo-print
Եվրասիական միություն ստեղծելուն զուգահեռ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հետխորհրդային երկրների ռազմական կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ:

Երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրեց՝ կազմակերպության անդամ երկրները համաձայնել են, որ ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումը իրականացնելու է Ռուսաստանի Զինված ուժերի օպերատիվ-ռազմավարական հրամանատարությունը:

Այդ հրամանատարությունը, որի կենտրոնակայանը գտնվում էր Մոսկվայից ոչ հեռու ընկած Բալաշիխա քաղաքում, պատասխանատու է Ռուսաստանի ռազմավարական պաշտպանության համար՝ տիեզերքից և օդից: 2011 թվականին Օպերատիվ-ռազմավարական հրամանատարության և Տիեզերական զորքերի հիման վրա ստեղծվեց Ռուսաստանի Զինված ուժերի մի նոր զորատեսակ՝ Օդա-տիեզերական պաշտպանության զորքեր, որոնք այսօր կազմում են այդ երկրի Զինված ուժերի վեց զորատեսակներից մեկը:

Այսօրվա ասուլիսին, որն, ի դեպ, անցկացվում էր տեսակամուրջի միջոցով՝ Մոսկվայի, Երևանի, Կիևի ու Աստանայի միջև, ռուսաստանցի լրագրողներից մեկը հարց ուղղեց Բորդյուժային, թե ՀԱՊԿ-ում բազմիցս բարձրացվել է կառույցի Միացյալ շտաբի գործառույթների ընդլայնման հարցը, նաև նախաձեռնություն է եղել փոխել Միացյալ շտաբի գործառույթների բնույթը, որպեսզի այն կարողանա ավելի արդյունավետ իրականացնել կառույցի ներքո գործող զորամիավորումների ղեկավարումը, և ի՞նչ նորություններ կան քննարկումների արդյունքում:

«Իրոք, այսօր Միացյալ շտաբն ընդլայնում է իր լիազորությունները, հնարավորությունները: Ի վերջո, մենք որոշեցինք, թե որտեղ է Միացյալ շտաբի՝ որպես միջպետական կառույցի տեղը: Հարցը շատ բարդ է, իրավական: Մի կողմից Միացյալ շտաբն իրավունք չունի ղեկավարել ազգային զորամիավորումները, մյուս կողմից հարկավոր է մի մարմին, որը կկորդինանացներ զինվորականների աշխատանքը` հատկապես զորամիավորումների գործունեության ակտիվ մի որևէ փուլում։ Այսօր մենք ամբողջովին հստակություն ենք մտցրել հավաքական ուժերի ղեկավարման ողջ համակարգում, հատկապես՝ հավաքական ուժերի կիրառման ժամանակ և մեծ մասամբ հենվելու ենք Ռուսաստանի Զինված ուժերի Օպերատիվ-ռազմավարական հրամանատարության վրա: Այսինքն, այդպիսի փաստաթուղթ է նախապատրաստվել և այն պատրաստ է ստորագրման համար՝ չհաշված որոշ նրբերանգներ»,- պատասխանեց ՀԱՊԿ քարտուղարը։

Գեներալ-գնդապետ Բորդյուժան շարունակեց.- «Ինչ վերաբերում է Միացյալ շտաբին, առաջարկություններ կան նրա նոր համակարգի, շտաբի գործառույթների լրացման վերաբերյալ: Այդ առաջարկություններն այսօր գտնվում են համաձայնեցման փուլում, և կարծում եմ առաջիկայում կընդունվեն: Չնայած այն հանգամանքին, որ մենք դեռևս չունենք համաձայնեցված պաշտոնական փաստաթուղթ, այսօր Միացյալ շտաբն իր լիազորությունները ընդլայնում է: Գիտեք, որ վերջին բոլոր զորավարժությունների ժամանակ Միացյալ շտաբի պետը զորավարժությունների հրամանատարի տեղակալն էր, այսինքն՝ ՀԱՊԿ կողմից ինքն է մասնակցում զորավարժությունների նախապատրաստմանը և այն նպատակների իրագործմանը, որոնք դրվում են զորավարժությունների առջև»:

ՀԱՊԿ-ն ավելի քան տաս տարի ղեկավարող Նիկոլայ Բորդյուժան նաև նշեց, որ առաջիկայում, ըստ ամենայնի, որոշում կկայացվի ՀԱՊԿ հավաքական օդուժի ստեղծման վերաբերյալ, և այդ օդուժը լուծելու է ինչպես տրանսպորտային, այնպես էլ մարտական խնդիրներ: Առաջիկայում ավարտվելու են նաև հատուկ գործողությունների հավաքական ուժերի ստեղծման աշխատանքները:

Ըստ Բորդյուժայի, պատրաստ է նաև հավաքական ուժերը ժամանակակից զինատեսակներով վերազինման ծրագիրը, որն առաջիկայում կսկսվի: Այդ ծրագրի շրջանակներում նոր սպառազինություն կստանան նաև հայկական զորամիավորումները, որոնք ներգրավված են ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծեց՝ նոր սպառազինությունների մի մասը Ռուսաստանը կհատկացնի որպես օգնություն, մյուս մասն էլ կազմակերպության անդամ պետությունները պետք է գնեն:

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովին Հայաստանի նախագահը քննադատեց ՀԱՊԿ իր գործընկերներին: Կառույցի անդամ երկրներից ոմանք՝ նախագահների մակարդկակով, միջազգային փաստաթղթեր են ստորագրել, ուր ղարաբաղյան հակամարտության մասով ամրագրված է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ դա դեմ է դուրս գալիս ղարաբաղյան խնդրում ՀԱՊԿ որդեգրած դիրքորոշմանը, ըստ որի՝ խնդրի խաղաղ կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Այսօր Բորդյուժային հարցրեցին, թե ի՞նչ կարող է ասել նախագահ Սարգսյանի սուր քննադատության մասին։

«Չի եղել ո՛չ սուր քննադատություն, ո՛չ էլ ոչ բարեկամական դիրքորոշում: Այսպիսի հարցեր միշտ էլ ծագում են, երբ միջազգային տարածաշրջանային խնդիրների առնչությամբ այդքան էլ կոորդինացված չեն ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունները: Սրա համար էլ անցկացվում են կառույցի անդամ երկրների նախագահների հանդիպումները՝ նեղ կազմով, որտեղ հարցերը քննարկվում են, որտեղ կարելի է հնչեցնել մտահոգություններ՝ գործընկերների գործողությունների վերաբերյալ: Սա մի ռազմաքաղաքական կառույցի մեջ մտնող պետությունների փոխգործակցության նորմալ ընթացք է»,- ասաց նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում օրերս ավարտված կազմակերպության խաղաղապահ ուժերի զորավարժությունները ցույց տվեցին, որ այդ զորամիավորումները պատրաստ են իրականացնել խաղաղապահ առաքելություններ։ Առաջիկայում ՀԱՊԿ-ը դիմելու է ՄԱԿ-ին՝ համապատասխան գրանցամատյանում գրանցվելու համար, որից հետո, եթե լինի ՀԱՊԿ անդամ երկրներին ղեկավարների որոշումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կարող են ուղարկվել աշխարհի տարբեր «թեժ կետեր»:

Բորդյուժային հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվեն Ղարաբաղում կամ Մերձդնեստրում։

«Մեր առջև նման հարց չի դրվել: Մերձդնեստրում Ռուսաստանի խաղաղապահներն են, և նրանք հաջողությամբ լուծում են իրենց առջև դրված խնդիրը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, գիտեք, այստեղ հատուկ կարգավիճակ է, և որոշման կայացման համար հարկավոր է երկու պետությունների համաձայնությունը: Համենայն դեպս, որևէ «թեժ կետ» ՀԱՊԿ խաղաղապահների ուղարկման հարց երբեք չի բարձրացվել: Միգուցե այն պատճառով, որ մեր խաղաղապահները հայտնվել են մի քանի տարի առաջ, սակայն դեռևս այդպիսի հարցեր մեզ չեն տվել»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
XS
SM
MD
LG