Մատչելիության հղումներ

logo-print

Ակտիվիստը սեփական ուժերով կապահովի իր անվտանգությունը


Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ցույցը Փակ շուկայի մոտ, սեպտեմբեր, 2013թ․

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ցույցը Փակ շուկայի մոտ, սեպտեմբեր, 2013թ․

Ոստիկանության մերժումը Փակ շուկայի ճակատագրով մտահոգ ակտիվիստ Կարո Եղնուկյանին չի հուսալքել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ կշարունակի պայքարել մշակութային արժեքի պահպանման համար՝ սեփական միջոցներով ապահովելով անվտանգությունը։

«Զգուշություն՝ համար առաջին: Ես, փաստորեն, իմ կյանքը փոխել եմ: Ես առաջ իսկապես կարծում էի, որ անվտանգ Հայաստանում եմ ապրում, գիշերը գալիս էի հանգիստ, մտնում էի մեր շքամուտքը՝ ոչ մի մտահոգություն չունենալով: Բայց այսօր ես հիմա մենակ չեմ շրջում, ես հիմա այսօր ինքնապաշտպանության միջոցներ եմ ծրագրում, ընտանիքիս՝ նույնպես միջոցներ եմ ձեռնարկել՝ նրանք էլ են զգուշանում, ուշ ժամին մենակ չեն գալիս տուն: Գիտեք ինչ՝ դա միայն 50 տոկոսանոց ապահովություն է», - ասաց Եղնուկյանը:

Մեկուկես ամիս առաջ, երբ Փակ շուկայի ճակատագրով մտահոգ քաղաքացիները բողոքի ակցիաներ նախաձեռնեցին շուկայի առջև, Եղնուկյանի լուսանկարով մեծ պաստառ հայտնվեց շուկայի շենքի ճակատային մասում, նկարի տակ գրված՝ «Մասոն. ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»։

Այս դեպքից հետո նա դիմել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ խնդրելով ապահովել իր ու ընտանիքի անդամների անվտանգությունը։ Նա վկայակոչել էր նաև մեկ այլ դեպք․ սեպտեմբերի 5-ին անհայտ անձինք ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանին և Հայկակ Արշամյանին ծեծելու ժամանակ ասել են՝ «ախպա՞ր եք», և Եղնուկյանը կարծում է, որ ընկերներին ծեծել են իր փոխարեն։

Ոստիկանությունը օրեր առաջ մերժել է ակտիվիստի դիմումը։ Կենտրոնի քննչական բաժինը մերժումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ Եղնուկյանի բերած հիմքերը ներկա փուլում բավարար չեն անվտանգության ապահովման պաշտպանության միջոցներ կիրառելու համար։ «Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98 հոդվածի պահանջների՝ պաշտպանության միջոցներ են կիրառվում հանցագործության բացահայտման և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնող անձի նկատմամբ, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, ընտանիքի անդամների առողջությունը, գույքը, իրավունքները և օրինական շահերը, ուստի վերջինս ունի պաշտպանության իրավունք: Մինչդեռ քրեական գործի քննության ընթացքում նման տեղեկություններ Եղնուկյանը չի հայտնել, ուստի նրա միջնորդությունը այս փուլում անհիմն է և ենթակա է մերժման», - գրել է ոստիկանությունը:

Ակտիվիստը ոստիկանության մերժումը համարում է ոչ թե պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք, այլ քաղաքական որոշում։

«Սամվել Ալեքսանյանը արտոնյալ անձնավորություն է, որը կարող է ամբողջ օրը չգնալ Ազգային ժողով իր պարտականությունները կատարել, բայց միաժամանակ կարող է մեր ակցիաներին իր մեքենայով մեզ հետապնդել: Ոստիկանությունը գործակցում է օլիգարխի հետ՝ միանշանակ գործակցում է, որովհետև եթե չգործակցեին, իր ձեռքը շուտվանից բռնած կլինեին և չէին թույլ տա, որ աներ ապօրինություններ, որ ինքը արել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:

Ոստիկանության մերժումից չհուսալքվող ակտիվիստն ասում է, որ չնայած դժվարություններին՝ իրենք շարունակելու են պայքարել այնքան ժամանակ, մինչև «կլոր սեղանի» շուրջ մյուս կողմի հետ քննարկման արդյունքում որոշեն շուկայի ճակատագիրը։
XS
SM
MD
LG