Մատչելիության հղումներ

logo-print

Կանխվել է ռուս ազգայնականների գրոհը այլազգիների դեմ


Ռուսաստան - Սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովին ուղեկցում են դատարան, Մոսկվա, 17 հոկտեմբերի, 2013թ.

Ռուսաստան - Սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովին ուղեկցում են դատարան, Մոսկվա, 17 հոկտեմբերի, 2013թ.

Սերգեյ Սոբյանինին խոսում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների համար հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։

Մերձմոսկովյան Խիմկիում ոստիկանները կասեցրել են ապօրինի ներգաղթյալների դեմ արշավը, որը փորձել են իրականացրել ազգայնական ակտիվիստները։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչէլ է «Ռուսսկիե» ազգայնական միավորման ղեկավար Դմիտրի Դեմուշկինին, ով ասել է, թե ակտիվիստները մտադիր էին բացահայտել ապօրինի միգրանտների կոնկրետ հասցեները։

Գործակալության փոխանցմամբ՝ ակտիվիստների մոտ գտել են Խիմկի ավանի տարբեր շրջանների շենքերի բնակիչների ցուցակը, որում այլազգիների ազգանունների կողքին հատուկ նշումներ են եղել։

Ակտիվիստներից երեքին բերման են ենթարկել։ Նրանց ազգանունները չեն հրապարակվել, ոստիկանները միայն հայտնել են, որ երեքից երկուսը Ռյազանից ժամանած ջահել տղաներ են, մեկն էլ Ադիգեայում ծնված ջահել աղջիկ է։ Այդ երեքին մի քանի ժամ ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո ազատ են արձակել։

Եվս մոտ չորս տասնյակ ակտիվիստների հետ ոստիկանները Խիմկիի քաղաքային զբոսայգում «բացատրական աշխատանք» են կատարել։

«Ռուսսկիե» միավորման ղեկավարի խոսքերով՝ ակտիվիստներն ամեն տարի են նման արշավ անցկացնում։

Նախօրեին Լյուբերցիում ոստիկանները բերման են ենթարկել դիմակներով երեսները ծածկած և ծեծաններով զինված մոտ ութ տասնյակ մարդկանց, ովքեր մտադիր էին հարձակվել այլազգիների վրա։

Ոստիկանները հայտնել են, որ բերման ենթարկվածներից 18-ը հարբած էին, մեծ մասը դեռահասներ են եղել։

Նրանք իրենց ակցիայի մասին հաղորդել են սոցիալական ցանցում, ինչը ոստիկաններին ընձեռել է ղեկավարին բացահայտելու և ակցիան խափանելու հնարավորություն։

«Ռուսսկայա սլուժբա նովոստեյ» մասնավոր ռադիոկայանի փոխանցմամբ՝ նրանք մտադիր էին վրեժ լուծել հինգշաբթի օրը տեղի ունեցած բռնաբարության համար։ Հետագայում պարզվել է, որ Ղրղըզստանից ժամանած երեք տղամարդիկ ծեծել, ապա բռնաբարել են մոսկվացի մի կնոջ։ Երեք միգրանտներին ոստիկանները կալանավորել են։

Ռադիոկայանը վկայակոչել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, ով ասել է, թե Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների համար անհրաժեշտ է սահմանել հատուկ ռեժիմ։ Միաժամանակ, նա ասել է, որ հնարավոր չէ երկրի ներսում ինչ-ինչ սահմաններ գծել։

Սոբյանինը նշել է, որ միայն Մոսկվայում ապրում է 500-600 հազար միգրանտ, իսկ Մոսկվայի մարզում նրանց թիվը հասնում է մոտ երկու միլիոնի։

Ռուսաստանում այլազգիների նկատմամբ ատելության նոր ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը դանակահարվել և մահացել է Եգոր Շերբակովը։ Երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է ադրբեջանցի միգրանտ Օրհան Զեյնալովը, ով մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG