Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան․ «Երկու կողմերին մեղադրելը ոչ մի օգուտ չի տա»


Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Հայաստանյան փորձագետները ադրբեջանական կողմին են մեղադրում հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտարկումների ժամանակ հնչած կրակոցների համար։

Երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ԵԱՀԿ առաքելության խմբի հերթական դիտարկման ժամանակ կրակոցներ են հնչել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները որոշել են ընդհատել դիտարկումը։ Նույն օրը տարածած հայտարարությունում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շեշտում են, թե այդպես էլ չեն կարողացել որոշել՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմից են լսվել կրակոցները։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե մեծ է հավանականությունը, որ կրակոցները հնչել են ադրբեջանական կողմից․ - «Այլ կերպ ասած՝ երբ կողմերից մեկը խախտում է հրադադարը, այս դեպքում, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը, երկու կողմերին մեղադրելը ոչ մի օգուտ չի տա»:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև հայկական կողմը։ Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում որպես մեղավոր է մատնանշվում ադրբեջանական կողմը։ Ադրբեջանն իր հերթին մեղադրում է Հայաստանին։

Արման Մելիքյան
Արման Մելիքյան
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ևս այն կարծիքին է, որ հենց ադրբեջանական կողմից են լսվել կրակոցները:

«Դա ձեռնտու է Բաքվին: Բաքուն շահագրգռված է անընդհատ աշխույժ պահել ճակատային գծում իրավիճակը և սադրել նաև համանախագահներին, այս կարգի հայտարարություններ անել և կողմերի միջև հավասարության նշան դնել»,-պարզաբանում է նա:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կիրակոսյանի գնահատմամբ, այս հարցում առավել էականն այն է, որ հրադադարի խախտման այս դեպքը Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանն ուղղված ուղերձ էր այն մասին, որ Բաքուն չափազանց դժգոհ է Մինսկի խմբի գործունեությունից։ Այս առումով առաջիկայում կարող ենք սպասել Ադրբեջանի կողմից հրադադարի նորանոր խախտման փաստերի, ասում է Կիրակոսյանը։

«Քանի դեռ նրանք շարունակում են սպառնալ պատերազմով և քաղաքականացնել ըստ էության չլուծված հակամարտությունը, մենք չպետք է մեղադրենք ԵԱՀԿ-ին մինչև միանշանակորեն չդնենք ողջ մեղքը և պատասխանատվությունը Ադրբեջանի իշխանությունների վրա»,- ասում Կիրակոսյանը:

Նրա կարծիքով, իրավիճակի ստակ պատկեր ստանալու համար ժամանակն է, որ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումներն իրականացվեն առանց որևէ կողմից թույլտվություն ստանալու անհրաժեշտության և սահմանի ողջ երկայնքով։

Հիշեցնենք, որ ավելի քան երկու տարի առաջ Մինսկի խմբին նման առաջարկով է հանդես եկել նաև հայկական կողմը: Հայաստանյան փորձագետները նշում են, որ նման խախտումներ նաև անցյալում են արձանագրվել, բայց ԵԱՀԿ-ն առաջին անգամն է հայտարարությամբ հանդես գալիս՝ մտահոգություն հայտնելով կատարվածի վերաբերյալ և կողմերին հորդորելով հետաքննել կատարվածը հանգամանալից և անաչառորեն։

Կիրակոսյանը հիշում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան։

«Երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելեց տարածաշրջան, նրա այցելությունը ձախողվեց Ադրբեջանի սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով։ Այն ոչ միայն ցույց տվեց, որ այս խախտումներն առաջանում են առաջին հերթին ադրբեջանական կողմից, այլ նաև որ ադրբեջանցիները վտանգավորության աստիճան անկանխատեսելի են և ամենևին էլ հաշվի չեն նստում միջազգային արձագանքի հետ», - ասում է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG