Մատչելիության հղումներ

logo-print

48-ամյա Սեդա Մուրադյանը ամեն գիշեր քնում է ահը սրտում․ հանկարծ վաղը չգան ու «տնից» չհանեն: 12-ամյա որդու՝ Սարգիսի հետ ապաստան է գտել Մոլդովական փողոցի ուսանողական հանրակացարանի աղքատիկ սենյակներից մեկում, որը բարեկամը ժամանակավորապես է տվել:

«Ինձ ասում է՝ մորքուր ջան, ես պիտի ամուսնանամ, դուրս գամ: Պիտի իմ տնից դուրս գաս», - պատմում է նա, - «Ստիպված ասել եմ՝ հա, ոնց ասում եք, ես համաձայն եմ: Ուղղակի որ ինձ լավություն արեց, էսքան տարի ապրում եմ էս տան մեջ, ես շատ շնորհակալ եմ»:

Սեդայի նման շատ կանայք ու աղջիկներ, երբ մարզերից հարս են գալիս Երևան, հաճախ են բախվում բնակարանային խնդրի, հատկապես, եթե ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրասենյակում: Երբ ամուսինը մահանում է կամ անորոշ ժամկետով լքում է երկիրը, կինը երեխայի հետ կարող է հայտնվել փողոցում: Սեդան Ապարանից հարս է եկել Երևան:

«Սարգիսս 1 տարեկան 3 օրական էր․․․ սենց փողոցներով ապրել եմ, թափառական ոնց որ․․․ «Արջուկ» խանութում ենք ապրել ահագին ժամանակ», - պատմում է նա: - «Ոչ մի բանով ես չեմ օգտվել, իմ դառը քրտինքով աշխատել: Նպաստ ստանում էի․․․ ես աշխատում եմ Ինֆորմատիկայի քոլեջում: 35 հազարի համար այդ ժամանակ ինձ կտրեցին գումարս: Հիմա աշխատում եմ․․․ 45 հազար: Իրոք չեմ հասցնում: Կոմունալ ծախսերը շատ, տրանսպորտով գնում գալիս եմ, գումար էդքան չի մնում․․․ էրեխուն ո՞րը առնեմ՝ կոշիկը առնեմ, շորը առնեմ․․․ չեմ հասցնում»:

Փորքիկ Սարգիսը հաճախում է եկեղեցի, դպիր է: Հպարտությամբ ցույց տվեց իր եկեղեցական հագուստը, որ մայրն էր կարել մի գիշերվա ընթացքում:

«Եթե չեմ ամուսնանում՝ դառնում եմ վարդապետ, թե՝ երկիսպոպոս․․․ երկիսպոպոսից հետո դառնում եմ վարդապետ, վարդապետից հետո էլ կաթողիկոս», - պատմում է տղան, բայց, ասում է՝ ուզում է ոչ թե վարդապետ, այլ ոստիկան դառնալ՝ աշխատավարձը շատ է: Մեր հարցին՝ ինչքա՞ն է աշխատավարձը, գիտե՞ս, արձագանքում է՝ «եսի՞մ, մի 100 հազարը կանցնի»:

Պայծառ այս փոքրիկը արդեն հասկացել է, որ արցունքներով չես դիմակայի կյանքի դժվարություններին: Ասում է՝ կարատե եմ պարապում, որ պաշտպանեմ ընտանիքս՝ մորս:
XS
SM
MD
LG