Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 19-ի մամուլ


«Մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի Մաքսային միության շրջանակներում: Եթե մենք չինտեգրվենք Մաքսային միությանը, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է», - Հայաստանի վարչապետի՝ երեկ հնչեցրած այս խոսքերն է մեջբերում «Հայկական ժամանակն» ու շարունակում․ - «Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը հատուկ «շքեղություն է» ստանում Ռուսաստանի տնտեսության մասին վերջին ուսումնասիրությունների ֆոնին: Խնդիրն այն է, որ ռուսական տնտեսության նախաճգնաժամային վիճակի մասին արդեն խոսում են ոչ միայն ընդդիմադիր տնտեսագետները, այլ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներն ու նույնիսկ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևը: «Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին մոդելը սպառել է իրեն», - այդպիսի միանշանակ հայտարարություն է արել ռուս նախարարը ընդամենը երկու շաբաթ առաջ: Եվ ահա Հայաստանի վարչապետը մեր երկրի տնտեսության զարգացումը տեսնում է զարգացման սպառված մոդել ունեցող Ռուսաստանի գլխավորած Մաքսային միության կազմում»:

Արարատի քաղաքապետի առաջիկա ընտրություններին ընդառաջ «Ժամանակը» խորհրդածում է․ - «Արարատի քաղաքապետի ընտրությունները հավակնում են դառնալ աշնանային դժգույն ներքաղաքական կյանքի զվարթ կետերից մեկը: Որևէ նոր կամ օրիգինալ բան այնտեղ չի կատարվելու՝ կրկին իրար դեմ են լինելու, այսպես ասած, վաղեմի մրցակիցներ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Այս մրցակցությանը հասարակությունը ականատես է եղել մի քանի մակարդակի տարբեր ընտրություններում 2007 թվականի պառլամենտական ընտրություններից ի վեր: Այնպես որ, հատկապես Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից և ԲՀԿ-ի հետընտրական ու նախընտրական պահվածքից հետո նույնիսկ կարելի է ասել, որ ոչ մի զվարթություն էլ չկա և ամեն ինչ անցնելու է ավանդականի պես՝ թեժ նախընտրական իրավիճակ և ընտրություններից հետո պարզապես լռություն: Սակայն այստեղ, իհարկե, ամեն ինչ միանշանակ չէ, և չի բացառվում դեռևս 2012 թվականի պառլամենտական ընտրություններից առաջ տեղի ունեցած Իջևանի քաղաքապետի ընտրությունների կրկնությունը: Եթե հիշում եք, այնտեղ ԲՀԿ-ի թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին: Ըստ որում՝ ԲՀԿ-ի թեկնածուին իրենց աջակցությունն էին բերել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» տեղական կառույցները: ՀԱԿ-ը արդեն հայտարարել է, որ Արարատում սատարելու է ԲՀԿ-ի թեկնածուին, ինչը ըստ էության նաև նշանակում է «քաղաքագիտական վերլուծության» գծին հավատարմության վերահաստատում: Այնպես որ, Արարատում նման զարգացումների կրկնություն բացառելն ամենևին պետք չէ»:

«Հրապարակի» խմբագրականում կարդում ենք․ - «Ինչ-որ երիտասարդական կազմակերպություն իր առջև նպատակ է դրել պայքարել աղանդների դեմ և մեր էլեկտրոնային փոստը հեղեղում է նամակներով, ասուլիսներ տալիս, հայտարարություններ անում՝ բացահայտելով «ժողովրդի թշնամիներին»: Թողնենք մի կողմ, թե այս երիտասարդներն ինչու են իրենց վրա վերցրել նման «ազգափրկիչ» գործունեություն, և ով է նրանց ստիպում զբաղվել մի գործով, որից ակնհայտորեն վատ հոտ է փչում: Դառնանք այն փաստին, որ Հայ առաքելական եկեղեցուն դավանել-չդավանելը մարդու անհատական ընտրության հարց է: Եթե պետությունն ընդունել է «Խղճի ազատության մասին» օրենքը, թույլ է տվել, որ տարբեր կրոնական կազմակերպություններ գրանցվեն և գործունեություն ծավալեն իր տարածքում, կնշանակի հավատքի, դավանանքի, տարբեր կազմակերպություններին հարելու ազատություն է սահմանված մեզանում: Իսկ նրանք, ովքեր խախտում են օրենքը՝ կրոնական անհանդուրժողականություն են քարոզում, հետապնդում են այլ կրոնական դավանանք ունեցող անձանց, պետք է պատժվեն»:

«Հայոց աշխարհն» անդրադառնում է հակամարտության գծում ԵԱՀԿ փորձագետների դիտարկման ժամանակ արձանագրված հրադադարի խախտման փաստին ու դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը․ - «Բազմիցս է ասվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչ էլ կատարվի հայ-ադրբեջանական շփման գծում, ամեն կերպ ձգտում են հավասարության նշան դնել ու անընդհատ խոսում են «երկու կողմերի» մասին: Նույնիսկ երբ առավել քան ակնհայտ է, որ այս կամ այն միջադեպը սադրել են ադրբեջանական իշխանությունները, համանախագահները «երկու կողմին» են կոչ անում պահպանել հրադադարի համաձայնությունը կամ նման մի բան: ԼՂՀ պաշտպանական բնագծերի՝ Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին ԵԱՀԿ դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանական կողմից ավտոմատ հրազենից կրակ էր արձակվել, ու դիտարկումն էլ ընդհատվել էր, փաստորեն համանախագահներին նույնպիսի երեսպաշտական պահվածքի ու գնահատականի տեղիք է տվել: Այստեղ ամենից վրդովեցուցիչը, իհարկե, այս ձեւակերպումն է. «Անհնար է եղել որոշել, թե որ կողմից է եղել կրակոցի ձայնը»: Միանգամից հարց է ծագում, թե դիտարկողները, որոնք պատահական մարդիկ չեն, այլ զինվորական գործի փորձագետներ, ի՞նչ հեռավորությունից են լսել կրակոցների ձայները, որ չեն կարողացել որոշել՝ ո՛ր կողմից են ձայները գալիս: Ու այդ պարագայում ի՞նչ մասնագետներ են դրանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG