Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային պլատֆորմի համակարգողը կոչ է անում հրապարակել Ասոցացման համաձայնագրի տեքստը


ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի Ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը պլատֆորմի պատվիրակների այսօր կայացած ժողովի ընթացքում, որին ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, պահանջեց հրապարակել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տեքստը:

Ընդգծելով, որ այսօր հրապարակումը ավելի հրատապ է, քանի որ ականատես ենք լինում համաձայնագրի բովանդակության հետ կապված բազմաթիվ միակողմանի շահարկումների, վարկաբեկման փորձերի, Բորիս Նավասարդյանը պարզաբանեց․ - «Այս իրավիճակում միանգամայն համարժեք քայլ կլիներ, առանց համաձայնեցնելու Հայաստանի իշխանությունների հետ, Եվրոպական հանձնաժողովի կողմից այդ տեքստի հրապարակումը»:

Տրայան Հրիստեան նույնպես նշեց, որ մամուլում հանդիպել է համաձայնագիրը վարկաբեկող հրապարակումների, սակայն ասաց՝ փաստաթղթի բովանդակությունը բացահայտելու միակողմանի իրավունք ինքը չունի: Փոխարենը դեսպանն առաջարկում է ծանոթանալ ուկրաինական կողմի հետ կնքվելիք նույնատիպ համաձայնագրին, որը հասանելի է համացանցում:

«Իհարկե տարբերություններ կան, բայց դրանք այնպիսին չեն, որ ազդեն Ասոցացման համաձայնագրի տրանսֆորմատիվ ուժի վրա», - նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Տրայան Հրիստեան նշեց, որ մի բան պարզ է՝ նոյեմբերին Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր չի ստորագրվի:

«Հիմա մենք քննարկում և փորձում ենք հասկանալ, թե ինչ ենք կուտակել Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես ենք կառուցելու մեր համագործակցությունը Հայաստանի հետ», - հավելեց նա, - «Մի բան պարզ է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը որոշակիորեն կնվազեցնի Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հավակնությունները, ինչպես նաև Հայաստանին հատկացվող միջոցները»:

Դեսպան Տրայան Հրիստեան հավելեց, թե այս հետևանքները չպետք է դիտարկվեն, որպես պատժամիջոց, քանի որ շարունակվելու է ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը:

Իր հերթին Բորիս Նավասարդյանը մտահոգություն հայտնեց, որ եթե անգամ Վիլնյուսում ներկայացվի հայտարարագիր՝ նախորդ տարիների համագործակցության վերաբերյալ, և այն չուղեկցվի ապագայի վերաբերյալ առաջարկների մասին փաստաթղթով, սա բավականին վտանգավոր կարող է լինել Հայաստանի հետագա բարեփոխումների համար:

Տրայան Հրիստեան էլ հաստատեց, որ անհրաժեշտ է ազդանշան, որը կապացուցի, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի խոչընդոտի հետագա բարեփոխումները:

Ի դեպ՝ վերջին շրջանում Հայաստանում ակտիվ քննարկումներ են ծավալվում Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ․ անգամ սոցիալական հարցումներ են կազմակերպվում այս առիթով, որոնք ցույց են տալիս, որ հայաստանցիների մեծ մասը կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ վստահելի՞ են արդյոք այս արդյունքները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ - «Ինչքանո՞վ են իրազեկ իրավիճակից, ինչքանո՞վ են հասկանում [հարցմանը մասնակցող քաղաքացիները], որ Մաքսային միությունը իրականում ոչ մի կապ չունի Սովետական միության ժամանակների Հայաստանի կարգավիճակի հետ՝ դա միանգամայն այլ փաստաթուղթ է, որը Հայաստանին, որպես երկրի, բացի գների բարձրացումից, բացի ինքնիշխանության կործանումից, բացի առևտրային կապերը այլ երկրների հետ փակելուց, ոչ մի բան չի բերելու: Մարդիկ, բնականաբար, դա չեն հասկանում»:
XS
SM
MD
LG