Մատչելիության հղումներ

ԼՂՀ-ն ճանաչելու օրինագծի վերաբերյալ որոշում չկայացվեց


«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի շուրջ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր որոշում չկայացրեց։

Քվեարկությանը չմասնակցելու՝ իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը ստեղծեց այդպիսի իրավիճակ։ Կողմ էին օրինագիծը ներկայացրած Զարուհի Փոստանջյանի խմբակից Թևան Պողոսյանը, Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը և Նիկոլ Փաշինյանը։ Իշխանության ներկայացուցիչները հիմնականում նախընտրեցին չքվեարկել, ասում էին՝ կողմ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, բայց ոչ այս պահին։

Քվեարկության այս պատկերը նշանակում է, որ քառօրյայի օրակարգում հայտնվելու և նիստերի դահլիճում քննարկվելու համար այս օրինագիծը ևս մեկ անգամ պետք է քվեարկվի։ Հանրապետական մեծամասնության ձայները հաշվի առնելով՝ դժվար թե այն օրակարգում ընդգրկվի։

Այսօրվա քննարկման ժամանակ Փոստանջյանին տարատեսակ այլընտրանքներ առաջարկեցին՝ փակ լսումներ կազմակերպել, հող նախապատրաստել ԱԺ որոշում-հայտարարություն ընդունելու համար, բայց ոչ օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ։ Փոստանջյանն անդրդվելի էր, նախագիծը ետ չվերցրեց, ավելին՝ դրեց քվեարկության։

Այսօրվա քննարկման ժամանակ տարբեր վիճաբանություններ ծագեցին։ Ծնունդով ղարաբաղցի, հանրապետական Համլետ Հարությունյանը կարծիք հայտնեց, թե կազինոյի մասին Սերժ Սարգսյանին ուղղած հարցից հետո Փոստանջյանը բարոյական իրավունք չունի Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծ ներկայացնել։

Փոստանջյանին ուղղած Նիկոլ Փաշինյանի հարցը նույնպես բարոյականության մասին էր. - «Տիկին Փոստանջյան, ի՞նչ եք կարծում, բարոյական իրավունք ունի արդյոք Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել մի մարդ, ով իշխանության է եկել ՀՀ տասը քաղաքացիների գնդակահարման և Երևան քաղաքը՝ ՀՀ մայրաքաղաքը, տանկերի թրթուրների տակ առնելու արդյունքում։ Բարոյական իրավունք ունի՞ արդյոք , Ձեր կարծիքով, ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնելու մի մարդ, ում ընտանիքի անդամները միլիոնատեր են դարձել հանրությանը անհայտ հանգամանքների բերումով, որոնք սակայն հանրության շրջանում հայտնի են սրա-նրա բիզնեսի մեջ փայ մտնելու, կամ սրա-նրա բիզնեսները խլելու հանգամանքով»։

Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, ասում էին քննարկման մասնակիցները, բայց դե յուրե չի կարող։ Օրենսդիրների մտահոգությունները մի քանիսն էին՝ ԼՂՀ-ի ճանաչումից հետո բանակցությունները կձախողվեն, պատերազմի սպառնալիք կառաջանա։ Իրավաբան, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց՝ սա ի վերջո հակակոռուպցիոն նախագիծ չէ, որ հեշտ ու հանգիստ կարելի է ընդունել։

Փոստանջյանը համաձայն էր, բայց այսօր այլ ավելի մեծ սպառնալիքի առաջ ենք հայտնվել, կարծում է նա. մտնում ենք Մաքսային միություն, որի անդամ է նաև Ադրբեջանին աջակցող Ղազախստանը։ Այս պարագայում Մաքսային միության սահմանը որտե՞ղ է ավարտվելու՝ Գորիսո՞ւմ, հարցրեց նա։

«Մենք փաստացի ասում ենք՝ ճանաչում ենք Արցախը, հիմա մարդիկ էլ կան, ասում են՝ փաստացի Արցախը ճանաչում ենք Գյուլիստանի պայմանագրով, և որ Արցախը Ռուսաստանի մի մասն է»,- ասաց Փոստանջյանը։

Օրինագծի հեղինակին հարցրին՝ ճանաչումից հետո ի՞նչ է լինելու։ Ասաց՝ Արցախը բանակցային լիիրավ կողմ է դառնալու, այդպես է պատկերացնում։
Նույն հարցը Նիկոլ Փաշինյանն ուղղեց փոխարտգործնախարար, այս պահին Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ իշխանությունների բացասական կարծիքը խորհրդարանում բերած Շավարշ Քոչարյանին։ Փոստանջյանի պատասխանը Փաշինյանին ավելի համոզիչ թվաց, քան փոխարտգործնախարարինը, ով պնդեց, թե միջազգային խաղի կանոններն այսօր չարժե փոխել։

Ի դեպ, նրա հետ համաձայն էր նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։

«Մենք այսօր ականատեսն ենք Իրան-ԱՄՆ հարաբերությունների գոնե առաջխաղացման նախադրյալների, և որը կարող է այս ամբողջ տարածաշրջանը ամբողջությամբ փոխել»,- ասաց Արզումանյանը։

Նախագահի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանն էլ հայտարարեց՝ ժամանակին մեծ սխալ ենք թույլ տվել՝ բանակցային գործընթացից Ղարաբաղը դուրս թողնելով։
XS
SM
MD
LG