Մատչելիության հղումներ

Դատարանը սկսեց քննել Բուդաղյանների պաշտպանի բողոքը


Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը, որով նա բողոքարկում է Պաշտպանության նախարարության (ՊՆ) քննչական ծառայության «ապօրինի որոշումը»՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու մասին:

ՊՆ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7-ին որոշում է կայացրել կալանավորումից ազատել Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահին` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանին, քանի որ քննիչ Ալեքսան Ղազարյանը գտավ, որ հունսիսի 1-ին տեղի ունեցածի ժամանակ վերջիններս ինքնապաշտպանվել են:

Հայկ Ալումյանն բողոքարկել էր քննիչի գործողությունը` իր բողոքը հասցեագրելով գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինդատախազին, սակայն մերժում էր ստացել, որից հետո դիմել է դատարան, և այսօր դատարանում սկսվեց բողոքի քննությունը:

Նիստի սկզբում Ալումյանը միջնորդություն ներկայացրեց իրեն տրամադրել նախաքննության բոլոր նյութերի պատճենները: Պարզվեց, սակայն, դատարանը, ձեռնամուխ լինելով Հայկ Ալումյանի բողոքի քննությանը, իր տրամադրության տակ չունի տեղի ունեցածի վերաբերյալ նախաքննական մարմնում եղած բոլոր նյութերը՝ մոտ 9.5 հատոր կամ 2500 թերթ, որպեսզի որոշում կայացնի՝ հիմնավորվա՞ծ է եղել քննիչ Ալեքսան Ղազարյանի որոշումը, թե՞ ոչ: Պարզվեց նաև, որ քննիչը իր հայեցողությամբ դատարանին է ներկայացրել միայն շուրջ 190 էջ, որոնք, Ղազարյանի համոզմամբ, հիմնավորում են իր որոշումը:

Հիմնավորելով իր պահանջը` Հայկ Ալումյանը նշեց, որ ծանոթանալով գործի բոլոր նյութերին ինքը հեշտությամբ կապացուցի, որ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը անհիմն ու ապօրինի է եղել:

Սակայն գործը քննող մարմնի ներկայացուցիչը՝ քննիչ Ալեքսան Ղազարյանը, և գործի քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դախազության ներկայացուցիչը՝ Արտավազդ Հարությունյանը, դեմ դուրս եկան Ալումյանի միջնորդությանը:

Դատախազը նշեց, թե ըստ օրենքի գործի բոլոր նյութերին կասկածյալը, տուժողը, մեղադրյալը կամ դատավարության մյուս մասնակիցները կարող են ծանոթանալ, եթե քրեական գործը կարճվել է, մինչդեռ քննիչ Ղազարյանը ոչ թե կարճել է գործը, այլ ընդամենը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ:

Ալումյանը հակադարձեց, թե այս դատաքննությունում իր կարգավիճակը ոչ թե տուժ֊ողի կամ մեղադրյալի կարգավիճակ է, այլ դիմողի, իսկ օրենքը պահանջում է, որ դատավարության բոլոր կողմերը ունենան հավասար իրավունքներ ու պարտականություններ:

Փաստաբանը նաև հարց բարձրացեր՝ եթե իրենք իրավունք չունեն ծանոթանալ գործի նյութերին, քանի որ այն չի կարճվել, ապա ինչո՞ւ է քննիչը, այնուամենայնիվ, ներկայացրել գործի նյութերը մի մասը. - «Այդ տրամաբանությամբ պիտի ընդհանրապես ոչ մի նյութ չտրամադրվեր: Իսկ եթե տրամադրվել է, արդեն քննիչը չի կարող որոշել, թե դատարանը որ նյութերին պիտի իրավունք ունենա ծանոթանալ, իսկ որ նյութերին` ոչ: Սա բացարձակ անօրինական միջամտություն է արդարադատության կատարմանը»:

Ի վերջո, որոշվեց, որ Հայկ Ալումյանը կծանոթանա դատարանի տրամադրության տակ եղած նյութերը, այնուհետև, եթե գտնի, որ ցանկանում է ծանոթանալ բոլոր նյութերին, դատարանը կրկին կանդրադառնա հարցին:

Դատարանը որոշեց 4 աշխատանքային օր տրամադրել Ալումյանին՝ գործի նյութերին ծանոթնալու համար, և հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 31-ին:

Դատավարությունից հետո Ալումյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ իրեն չեն տրամադրվում այդ նյութերը, ասաց. - «Ինձանից չեն փակ պահում: Եթե խնդիրը միայն ես լինեի, հավանաբար ինձ կարող է և տրամադրեին: Հասարակությունից են փակ պահում: Որովհետև այստեղ բոլոր քայլերը գնում են առանձնապես ծանր հանցագործության պարտակման»:
XS
SM
MD
LG