Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործով մեղադրող Արմեն Մարուխյանն այսօր անսպասելիորեն հայտարարեց, թե անցած նիստերին ամբաստանյալների հնչեցրած նոր ցուցմունքների հետ կապված «հարցեր չունի»:

Վեց ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը հայտարարել էր, թե միայն ինքն է հարվածել այդ դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանին: Կան այդ պնդումը հերքող բազմաթիվ ապացույցներ: Մյուս ամբաստանյալը՝ Գարիկ Մարգարյանը ստանձնել էր մյուս ռազմական բժշկին՝ Արտակ Բայադյանին հարվածելու պատասխանատվությունը՝ նշելով, թե միայն ինքն էր հարվածել Բայադյանին, չնայած այս դեպքում նույնպես կան նրա ցուցմունքը հերքող փաստարկներ: Ամբաստանյալներից Արթուր Բաբլոյանն էլ իր վրա էր վերցրել տուժող Գարիկ Սողոմոնյանին հարվածներ հասցնելու պատասխանատվությունը:

Մեղադրող Արմեն Մարուխյանն անցած նիստին ժամանակ էր խնդրել ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի և Արթուր Բաբլոյանի նոր ցուցմունքների վերաբերյալ հարցադրումներ անելու կապակցությամբ․ մեղադրողը ևս անցյալ նիստին որոշակի հակասություններ էր տեսել ամբաստանյալների նոր ցուցմունքներ միջև:

Բազմաթիվ հակասություններ կան նաև ամբաստանյալների՝ տարբեր ժամանակներում տված ցուցմունքներում, ինչպես նաև ամբաստանյալների և տուժողների նկարագրությունների միջև: Սակայն մեղադրողն այսօր հարցադրումներ չհնչեցնելու որոշումը «Ազատության» հետ զրույցում բացատրեց ոչ նպատակահարմար լինելու պատճառաբանությամբ: Ասաց՝ քննարկվել է այդ հարցը և որոշվել է հակասություններին անդրադառնալ ավելի ուշ՝ մեղադրական ճառով:

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկը՝ Արթուր Դավթյանն անցյալ շաբաթ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ:

Անցյալ շաբաթ ամբաստանյալների հնչեցրած ցուցմունքների առնչությամբ այսօր դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում կայացրեց: Նա ասաց՝ քանի որ ամբաստանյալների նոր ցուցմունքների կապակցությամբ վերսկսվել է դատաքննությունը, ապա պետք է հաջորդ նիստին հարցաքննել տուժողներին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 21-ին:
XS
SM
MD
LG