Մատչելիության հղումներ

Ստանոն հայտարարում է՝ 3.5 տարի բանակցված փաստաթուղթը չի նախաստորագրվի


ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանո

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանո

Հայաստանի հետ 3.5 տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը Եվրամիությունը Վիլնյուսում չի նախաստորագրի, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն` ի պատասխան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից շարունակաբար հնչող այն համոզմունքին, որ Ասոցացման համաձայնագիրը ինչ-որ տարբերակով, այդուամենայնիվ, նախաստորագրվելու է Վիլնյուսում:

«Ես կարող եմ մեկնաբանել այն իրողությունների մասին, որոնք մենք ունենք մեր հարաբերություններում: Նախկինում մենք ձգտում ունեինք, ընդհանուր ձգտում՝ ունենալ Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: Մենք ձգտում էինք նախաստորագրել այն Վիլնյուսում, և մենք բանակցել ենք այս փաստաթուղթը, մեկ միասնական փաստաթուղթը, բաղկացած երկու՝ քաղաքական և առևտրային մասերից՝ որպես մեկ փաթեթ: Այս միասնական փաթեթը հնարավոր չէ նախաստորագրել կապված այն նորության հետ, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, ինչի մասին, ի դեպ, մենք բոլորովին վերջերս տեղեկացանք: Ինչպես գիտեք, Ասոցացման, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը Մաքսային միության պարտավորությունների հետ անհամատեղելի են: Այնպես որ մենք չենք կարող շարունակել, ինչպես սկզբում նախատեսում էինք և չենք կարող ստորագրել այս բանակցված Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը»,- հայտարարեց Ֆյուլեի խոսնակը։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի պարզեցված կամ հարմարեցված տարբերակը նախաստորարգրել կամ ստորագրել Հայաստանի հետ, Փիթեր Ստանոն նշեց, որ Հայաստանի հետ երկխոսությունն այժմ շարունակվում է համագործակցության նոր հիմքեր փնտրելու ձևաչափի մեջ. ԵՄ-ն փորձելու է պատկերացնել, թե ինչպես կարող է շարունակել հարաբերությունները Մաքսային միության կազմում գտնվող երկրի հետ, և գնդակը, փաստորեն, հիմա Հայաստանի դաշտում է։

«Ինչպես արդեն նշեցի` եկեք հերթով դնենք քայլերը: Այս փուլում մենք քննարկում ենք, թե ինչ նոր հիմքի վրա ենք կարող դնել մեր հարաբերությունները: Մենք մշտական կապի և երկխոսության մեջ ենք` փորձելով նոր հիմք ստեղծել մեր հարաբերությունների և գործընկերության համար: Եվ հիմա կարող եմ ասել, որ մենք սպասում ենք նորությունների մեր հայաստանյան գործընկերներից, տեսնելու, թե ինչպես են նրանք պատկերացնում նոր գործընկերության ձևաչափը այս նոր հանգամանքների պարագայում: Մենք մեր կողմից պատրաստ ենք համապատասխանորեն արձագանքել: Երբ մենք համատեղ ուժերով ստեղծենք հարաբերությունների նոր սահմանում, հիմնվելով արդեն ձեռքբերվածի վրա, կտեսնենք, թե ինչ է ուրվագծվում ապագայում: Այս պահին եկեք կենտրոնանանք նոր հիմքերի ստեղծման վրա, հետագայում ԵՄ կարձագանքի` հիմնվելով գործընկերոջ կարիքների և ձգտումների վրա»,- ասաց Փիթեր Ստանոն:
XS
SM
MD
LG