Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Ես չեմ զանգահարելու Հայաստանի նախագահին»


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դիմում է համակիրներին, արխիվ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դիմում է համակիրներին, արխիվ

Հաղթանակ առաջին փուլում կամ ոչինչ. այսպես կարելի է բնութագրել այն հիմնական ուղերձը, որ երեկ մոտ չորս ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ վրացի ընտրողներին հղեց երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նրա համոզմամբ՝ եթե «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում չհաղթի հենց առաջին փուլում, ապա նա պետք է ընդհանրապես դուրս գա ընտրապայքարից:

«Վերջին հարցումները վկայում են, որ Մարգվելաշվիլին հաղթելու է առաջին փուլում: Եթե նման բան տեղի չունենա, ես Գեորգիին խորհուրդ կտամ ընդհանրապես լքել պայքարը: Այդ դեպքում դուք կընտրեք Դավիթ Բաքրաձեին: Վերջինիս Սաակաշվիլիին առաջադրել է նախագահի պաշտոնում մի շատ պարզ պատճառով, որովհետև միշտ էլ ցանկացել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Կարող եմ միայն ասել, որ եթե իրադարձությունները նման կերպ զարգանան, ես պարզապես կհեռանամ քաղաքականությունից»,- դիմելով վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նախազգուշացրեց Իվանիշվիլին:

Վրաստանի վարչապետի կարծիքով՝ սակայն Գեորգի Մարգվելաշվիլին կարող է ստանալ քվեների 60 տոկոսը: Նրա համոզմամբ՝ երկրորդ տեղում կլինի Սաակաշվիլիի զինակից Բաքրաձեն, իսկ երրորդը՝ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն է:

«Միակ տարածաշրջանը, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածուն կարող է պարտվել, հայաբնակ Ջավախքն է»,- պնդում է Իվանիշվիլին:

«Հայերով բնակեցված Ջավախեթիում Դավիթ Բաքրաձեն առաջ է անցել Մարգվելաշվիլիից: Իրոք, դա են վկայում վերջին հետազոտությունների արդյունքները: Դա, սակայն, չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դիմել հայկական ընտրազանգվածի վրա ներազդեցության անարդար մեթոդներին: Մասնավորաբար, ես չեմ պատրաստվում զանգահարել Հայաստանի նախագահին նման խնդրանքով: Այդպիսի նախադեպեր մեր երկկողմ հարաբերություններում արձանագրվել են, բայց ես նման բան անել չեմ պատրաստվում: Դա իմ սկզբունքային մոտեցումն է»,- հայտարարեց Իվանիվշիլին:

Ի դեպ, դեռ երեք օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն ասում էր.- «Ջավախքում մինչ օրս վախի զգացում կա Սաակաշվիլիի շահերը ներկայացնող կլանների, նախ և առաջ՝ Ախալքալակի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի հանդեպ: Վերջինս էլ ակտիվորեն այն միտքն է տարածում շրջանում, որ Ախալքալակում իշխանափոխություն տեղի չի ունեցել, որ ամեն ինչ այստեղ նախկինի պես է: Այդ վախն էր նաև պատճառը, որ օրերս Բիձինա Իվանիշվիլիի և նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը Ախալքալաքի կենտրոնում ներկա էր 1500, առավելագույնը՝ 2000 մարդ: Գործող վարչապետի պարագայում դա այնքան էլ շատ չէ»։

XS
SM
MD
LG