Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Պետք է շարունակենք համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ»


Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ

Իշխող կուսակցության խոսնակը, սակայն, չհստակեցրեց՝ մասնակցելո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանը Վիլնյուսի գագաթնաժողովին:

Իշխող Հանրապետական կուսակցության հինգշաբթի երեկոյան կայացած գործադիր մարմնի նիստը վարել է Հայաստանի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հիմնականում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:

Նա չհստակեցրեց՝ ի վերջո Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Հայաստանի նախագահը գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել:

«Չեմ կարող ասել հիմա՝ Վիլնյուսում կստորագրվի նոր փաստաթուղթ, նոր հայտարարություն, նոր տեքստ, հին տեքստ, թե միայն քաղաքական մաս՝ դրա մասին չեմ կարող վերջնական որևէ բան ասել», - ասաց իշխող կուսակցության խոսնակը՝ շարունակելով․ - «Բայց այն, որ կողմերը գտնում են, որ երկխոսությունը պետք է շարունակել, և Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են շարունակել քաղաքական երկխոսությունը եվրոպացի մեր գործընկերների հետ՝ սա իրականություն է»:

«Եվ մեր խորը համոզմունքն է, որ մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը, երկխոսությունը եվրոպացի մեր գործընկերների հետ, և դա անհրաժեշտ է թե՛ Եվրոպային, թե՛ Հայաստանին, որովհետև այդ համագործակցության արդյունքում, [քաղաքական] այդ բարեփոխումների արդյունքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավարական: Եվ ես կարծում եմ, որ մեր երկխոսության մեխը կլինի քաղաքական բարեփոխումների շարունակումը, Հայաստանում խոսքի ազատության, բազմակարծության, մարդու իրավունքների և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը», - հայտարարեց Շարմազանովը:
XS
SM
MD
LG