Մատչելիության հղումներ

logo-print
Երևանի քաղաքապետարանի մասնագետները ներկայացրել են ավտոբուսով և միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների ծախսերի հաշվարկները։ Դրանք վերլուծելու արդյունքում պարզ է դառնում, որ ըստ քաղաքապետարանի՝ Երևանում այլևս անհնար է պահպանել ներկայիս 100 դրամ ուղեվարձը։

Մոտ 20 օր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված տրանսպորտային հանձնաժողովը անցկացրեց առաջին նիստը, որտեղ էլ որոշվեց ինչ չափորոշիչներով են հաշվարկելու տրանսպորտի սակագինը։ Երեկ հանձնաժողովի անդամներին են ներկայացվել նախնական հաշվարկները։ Դրանք վերլուծելիս, ըստ հանձնաժողովի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի, ուղեվարձը պետք է դառնա 153 դրամ։

Քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկներում, սակայն, մի շարք ծախսեր Պիպոյանին չափազանցված են թվում, օրինակ, այս հաշվարկով մեկ ավտոբուսին բաժին է հասնում երկու վարորդ, նախկինի համեմատ 250 հազար դրամ ավելի աշխատավարձով։ Ընդ որում, այս նոր թվաբանության մեջ ծախսերը մոտ 20 տոկոսով ավելի են, քան երեք ամիս առաջ, երբ սակագինը բարձացնելուց հետո քաղաքապետարանը հաշվարկ հիմնավորում ներկայացրեց՝ այդ քայլն արդարացնելու համար։

«Ծախսեր կան, որոնք անկախ նրանից քանի օր է շահագործվում, նույնն են մնում, չեն փոխվում, ծախսեր կան, որոնք նվազում են։ Բայց 25 օր շահագործման պարագայում ի՞նչ է փոխվում՝ ուղևորափոխադրումներից գոյացող հոսքերը։ Եթե հաշվարկն իրականացվի 30 օրվա կտրվածքով, ամբողջ ծախսի մեջ՝ 1 միլիոն 45 հազար դրամի մեջ կփոխվի ընդամենը 3.5 տոկոս, այսինքն ծախսերը կավելանան ընդամենը 3.5 տոկոսով, սակայն 25 օրվա պարագայում հոսքերը նվազում են 15-16 տոկոսի չափով։ Այսինքն ի վերջո ինքնարժեքը ձևավորվում է հոսքերով և ծախսերի հարաբերակցությունով։ Սա էական խնդիրներից մեկն է»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանը կարծում է, որ միայն բողոքելը սխալ է, պետք է մասնագետները ապացուցեն, թե որտեղ է քաղաքապետարանը ուռճացրել թվերը։ Հաշվարկում մի քանի սխալներ Պիպոյանը գտել է փաստաթուղթը մեկ օր ուսումնասիրելուց հետո, մինչդեռ նրա կարծիքով, այն ավելի խորը ուսումնասիրման կարիք ունի։ Քաղաքապետարանում ձևավորված հանձնաժողովի անդամները, նրա կարծիքով, չեն կարող մասնագիտորեն ուսումնասիրել և կարծիք հայտնել, քանի որ եկել են միայն առաջարկներ ներկայացնելու համար։ Այս պայմաններում, ըստ Պիպոյանի, պետք է վերանայել հանձնաժողովի կազմը։

Երևանի քաղաքապետին կից տրանսպորտային հանձնաժողովը բոյկոտած քաղաքացիական ակտիվիստները որպես այլընտրանք ստեղծել են իրենց հանձնաժողովը, որտեղ նույնպես քննարկվել է տրանսպորտի ուղեվարձի հարցը։ Արդեն կատարվել են տնտեսագիտական հաշվարկներ։ Այլընտրանքային հանձնաժողովի անդամ Արամ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գինը չի կարող գերազանցել 100 դրամը։

«Այն մեթոդիկան, որով քաղաքապետարանն է հաշվում, ստացվում է, որ միկրոավտոբուսի գինը մոտ 85 դրամի սահմաններում է լինում՝ նաև հաշվի առնելով տերերի շահույթը։ Իսկ ավտոբուսների մոտ մի քիչ ավելի շատ է լինում՝ մոտավորապես 95-97 դրամ, հարյուրը չի անցնում։ Այստեղ նախատեսված է նաև վարորդների աշխատավարձը՝ 200 հազար դրամ ամսական, այն սոցիալական վճարները, որոնք աշխատավարձից փոխանցվում են բյուջե։ Այսինքն՝ օրենսդրորեն սահմանված բոլորը խնդիրները հաշվի են առնված, տրանսպորտի ուղեվարձը այսօր Երևան քաղաքում 100 դրամը չի գերազանցում»,- ասաց Գրիգորյանը։

Մի քանի ամիս առաջ քաղաքապետարանի կողմից բարձրացման համար որպես հիմք ներկայացված թվերից օգտվելով՝ հաշվարկներ էր կատարել նաև Բաբկեն Պիպոյանը, որի համաձայն ուղեվարձի գինը 100 դրամը չէր գերազանցում, մինչդեռ քաղաքապետարանում առաջարկել էին պարզապես մոռանալ անցյալ հաշվարկը։

Պիպոյանի կարծիքով՝ այս փաստաթղթի ընդունումը չի կարելի թույլ տալ։ Առաջիկա օրերին քաղաքապետարանում տեղի կունենա տրանսպորտային հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպության ղեկավարը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել՝ ծախսերը նվազեցնելու համար։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG