Մատչելիության հղումներ

logo-print

Ակտիվիստն անհանգստացած է սեփական անվտանգության համար


Փակ շուկայի ճակատագրով մտահոգ ակտիվիստ Կարո Եղնուկյանը վտանգված է համարում իր անվտանգությունը, ինչի մասին բարձրաձայնում է արդեն մեկ ամսից ավելի` այն օրից, երբ շուկայի շենքի ճակատային հատվածում հայտնվեց նրա նկարով ցուցապաստառը՝ «մասոն, լրտես, գրանտակեր» մակագրություններով։

Եղնուկյանն այսօր «Աազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այդկերպ օրենքը խախտած գործարար-պատգամավորը փորձում է իր նկատմամբ հասարակության մեջ ատելություն սերմանել։

«Չենք իմանում, թե ով ինչ կարող է անել և երբ` այդ պաստառը նայելով և նույնացնելով ինձ այդ ասվածների հետ», - նշեց Եղնուկյանը։

Իր մտահոգության կապակցությամբ ակտիվիստը դիմել է դատախազություն, ոստիկանություն, անգամ Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Եղնուկյանի խոսքով, սակայն, ոստիկանությունն արձագանքել է միայն այն ժամանակ, երբ այս խնդրով սկսել է հետաքրքրվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ըստ Եղնուկյանի, օմբուդսմենի միջամտությունից հետո է միայն ոստիկանությունն իրեն բաժին հրավիրել, ցուցմունքներ վերցրել, ապա քրեական գործ հարուցել։ Անցել է մոտ մեկ ամիս, սակայն, մինչև օրս, ըստ սփյուռքահայ ակտիվիստի, ոստիկանությունից որևէ նորություն չունի։ Մինչ այդ` հոկտեմբերի 15-ին, ակտիվիստի նկատմամբ հերթական ոտնձգությունն է գրանցվել։

«Մեր հերթական ակցիան այս անգամ կազմակերպել էինք Կոմիտասի «Երեւան Սիթի»-ի մոտ։ Հարակից շենքի մոտ մեքենաներն էինք կայանել։ Այնտեղ նաև ակցիայի այլ մասնակիցների մեքենաներն էին։ Ակցիան վերջացնելուց հետո տղաները նկատել էին, որ մեր երկու մեքենաների անվադողերը կտրված են՝ դանակահարված են, մեկը՝ իմը, մյուսն էլ Նախախորհրդարանի «Նախախորհրդարան» պաստառով «Ֆորդ Տրանզիտը»», - ասաց ակտիվիստը։

Բացահայտ հարձակումներից բացի, ըստ Եղնուկյանի, իր նկատմամաբ նաև քողարկված ճնշումներ են կիրառվում։ Նա նշում է, որ վերջին երկու ամիսներին 4 տարբեր աղբյուրներից իրեն ընկերների միջոցով հորդորել են չմասնակցել բողոքի ակցիաներին. - «Ինձ ահազանգել են, որ հեռու մնամ այս ակցիաներից, որ գործ չունեմ, ես հինգ երեխայի տեր հայր եմ, չեմ մտածում իմ ընտանիքի մասին, բա որ հանկարծ մի բան պատահի իմ աղջիկներին և այլն։ Լավ չի լինի ինձ համար, դու չգիտես նրանք ինչ տականքներ են, նրանք ինչի են ընդունակ։ Ալեքսանյանի չորս կողմը կրիմինալներ են։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց մի մասն իսկապես մտահոգված ծանոթներ էին, բայց կարծում եմ, որ մի մասն էլ կարող է ուղղորդված են Սամվել Ալեքսանյանի կողմից»։

Եղնուկյանը մտավախություն ունի, որ իրեն սպառնացողները մի օր էլ խոքսից գործի կանցնեն. - «Այս անգամ մենք դանակահարեցինք ձեր անվադողերը, մյուս անգամ կարող ենք դանակահարել ձեզ»։

Իսկ երեկ ակտիվիստն արդեն երկրորդ անգամ է դիմել մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգելով, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար։

«Հենց նույն օրը գրություն է ուղարկվել ոստիկանություն իր անվտանգության հարցը քննարկելու, իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ոստիկանությունից դեռ պատասխան չենք ստացել, սպասում ենք պատասխանի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանը։

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ գործն ընթացքի մեջ է, ուսումնասիրվում է։ Իսկ Եղնուկյանը նշում է, որ պայքարից հետ չի կանգնելու։ Ոչ ոք և ոչինչ իրեն չի համոզի հետ կանգնել օրենքի երկիր ստեղծելու գաղափարից, առանց դադարի իր գործը շարունակելու է։

Միայն կոչ ունի ուղղված պատկան մարմիններին. - «Կոչ եմ անում պատկան մարմիններին որպեսզի իրենք ձեռնամուխ լինեն իրենց գործը կատարելուն, թույլ չտան, որպեսզի ոտնձգություն լինի իմ նկատմամբ: Եվ իհարկե կոչ եմ անում նաև Սամվել Ալեքսանյանին, որ ձեռնպահ մնա այդպիսի բանից, որովհետև եթե իմ կամ իմ ընտանիքի գլխից մազ պակասի, բոլոր մատերը դեպի իրեն են ուղղվելու։ Եվ էսպես կես կատակ, կես շիտակ ես իրան խորհուրդ կտայի, որ ինքն իր թիկնապահներն ուղարկի իմ հետեւից, ինձ հետապնդեն, որպեսզի ինձ ինչ-որ բան չլինի, որ հետո իրեն չմեղադրեն»։
XS
SM
MD
LG