Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյանը կաջակցի գլխավոր դատախազին՝ «համապատասխան» արձագանքի դեպքում


Արխիվ -- Բախում ոստիկանության և ընդդիմադիր ցուցարարների միջև Երևանում, 1-ը մարտի, 2008թ․

Արխիվ -- Բախում ոստիկանության և ընդդիմադիր ցուցարարների միջև Երևանում, 1-ը մարտի, 2008թ․

Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը մարտի 1-ի բացահայտման նպատակով նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին նյութեր կտրամադրի, եթե տեսնի, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցի առաջարկներին դատախազությունը համապատասխան արձագանք է ցուցաբերում: Սեդա Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր համար անչափ կարևոր է արդյունքը:

«Ունեմ հարցադրումներ, որոնք կարող եմ առաջադրել ու տեսնել՝ մեր նոր դատախազը ինչպե՞ս է պատասխանում այդ հարցերին», - նշեց Փաստահավաք խմբի նախկին անդամը:

Սեդա Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի ներկայացմամբ է փոխվել գլխավոր դատախազը:

«Այն, որ հանրապետության նախագահն է ներկայացնում մեր դատախազին արդեն իսկ կաշկանդող երևույթ է, որ Մարտի 1-ի բացահայտման գործընթացը սկսվի այս իրավիճակում», - նշեց նա:

Երկուսուկես շաբաթ առաջ՝ Ազգային ժողովում գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկումների ժամանակ պատգամավորները հիշեցրել էին անցած տարիներին Կոստանյանի վերաբերմունքը Մարտի 1֊ի գործի կապակցությամբ:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, թե Գևորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին «ձեռնոց չի նետի»:

Պատգամավորը հիշեցրել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի պաշտոնում Կոստանյանը, ըստ Արամ Մանուկյանի, Եվրադատարանում պնդել է, որ Մարտի 1-ի դեպքերը օրինական են եղել:

Մարտի 1-ի գործով դատապարտված և համաներմամբ բանտից դուրս եկած Սասուն Միքայելյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերը կարող են բացահայտվել միայն իշխանափոխությունից հետո:

«Մեկին մեկով փոխելով՝ պիտի կատարի էս իշխանությունների հանձնարարականը: Ոնց կարող են մարտի 1-ը բացահայտել այս իշխանության օրոք», - ասում է Միքայելյանը, - «Չեմ էլ հավատում, որ կարող է իրենք ձգտեն հարցին լուծում տալ: Չեն կարող, որովհետև իրենք հազար թելով կապված են, մի թել որ քաշես, կարող է այդ բուրգը թուլանալ և փլվել: Դրա համար իրենք իրար կառչած պահում են: Ես չեմ ասել խոսքը, բայց շատ տպավորիչ է ինձ համար՝ լավ է լինել ազատ սոված գայլ, քան թե կուշտ կապած շուն: Այսինքն իրենց կուշտ կապած շներին իրենք չեն կարող ուրիշ ձև: Եթե հանկարծ հացը պակասի, իրենց կուտեն: Դրա համար ատամներով իրենց պահում են»:

Կարելի՞ է ասել, որ ոչ իշխանական քաղաքական ուժերն ամեն ինչ արեցին, որպեսզի իշխանություններին ստիպեն բացահայտել մարտի 1-ի դեպքերը՝ «Ազատության» հարցին ի պատասխան Սասուն Միքայելյանը ասաց․ - «Հնարավորինս արվել է, բայց չեմ կարող ասել, որ ամեն ինչ արեցին: Եթե ամեն ինչ արվեր, կբացահայտվեր: Այսինքն, ամեն ինչ անելը նշանակում էր՝ իշխանափոխության գնալ, որը չկատարվեց, ցավոք սրտի»:

Հավելենք, որ այս պահին Գլխավոր դատախազությունից դեռ որևէ տեղեկություն չկա Արթուր Սաքունցի ներկայացրած առաջարկների վերաբերյալ:
XS
SM
MD
LG