Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի դեմոկրատական և հանրապետական ֆրակցիաների առաջնորդները հայտարարել են, որ իրենց միջև համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ պարտքի սահմանաշեմը բարձրացնելու վերաբերյալ՝ այսպիսով հաջողվել է հաղթահարել աշխարհի խոշորագույն տնտեսությանը սպառնացող ճգնաժամը:

Այսպիսով ամերիկյան կառավարությունը հնարավորություն կստանա նաև հետ կանչել հոկտեմբերի 1-ից անորոշ ժամանակով արձակուրդի ուղարկված պետական ծառայողներին:

Այս հայտարարությանը հետևելու են պարտքի սահմանաշեմը բարձրացնելու շուրջ քվեարկություններ ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում: Սենատի երկու ֆրակցիաների առաջնորդները՝ Հարի Ռիդը և Միթչ ՄքՔանելը, համոզմունք են հայտնել, որ օրինագիծը կընդունվի թե՛ դեմոկրատական մեծամասնություն վայելող Սենատում, և թե՛ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատում:

Հինգշաբթի օրը սպառվում էին ԱՄՆ գանձապետարանի տրամադրության տակ եղած գումարները և եթե պարտքի սահմանաշեմը բարձրացնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվեր, Վաշինգտոնը ստիպված էր լինելու իրեն սնանկ ճանաչել:

Պարտքի սահմանաշեմի բարձրացման դեմ էին հանդես գալիս հանրապետականները՝ երկրի նախագահ Օբամայից պահանջելով հրաժարվել երեք տարի առաջ ընդունված և «Օբամաքեյր» անվանումը ստացած առողջապահական ռեֆորմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG