Մատչելիության հղումներ

Քննարկվեց «Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցը


Իրավապաշտպաններն ահազանգում են բանակում տիրող իրավիճակի մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության պատրաստած` «Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցը այսօր Երևան - Լոնդոն ուղիղ հեռուստակամրջի ընթացքում քննարկվեց հայաստանյան իրավապաշտպանների ու Amnesty International-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն, ներկայացնելով զեկույցը, հիշեցրեց, որ 2012 թվականին, միայն պաշտոնական տվյալներով, 18 զինծառայող է սպանվել հայկական բանակում:

«Իրավապաշտպանները հաղորդել են խոշտանգումների ու ճնշումների տասնյակ դեպքերի մասին, մինդեռ իրավապահները շատ դեպքերում մեղավորներին գտնելու փոխարեն հարցաքննել են այդ մասին բարձաձայնող լրագրողներին», - նշեց նա` շարունակելով. - «Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մեզ պատմել է, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և զինդատախազությունն իրենցից պահանջել են դադարեցնել բանակում չարաշահումների մասին հետաքննությունները»:

Մասնավորապես նշվեց մեկ կոնկրետ դեպք, երբ 2012 թվականին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում բանակում խոշտանգումների ենթարկված զինվոր Ժորա Մկրտչյանը ավելի ուշ մահացելէր:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Հայկ Գրիգորյանը չհամաձայնելով զեկույցում առկա այս դիտարկմանը` պնդեց, թե իրավապաշտպանների վրա ճնշում չի գործադրվում: Ինչ վերաբերում է այս դեպքին, ըստ նրա, տիկին Ալեքսանյանը հրավիրվել է ցուցմունք տալու, քանի որ, ըստ գործող օրենսդրության, անհրաժեշտության դեպքում ճշմարտությունը բացահայտելու համար քննիչը «ոչ թե կարող է, այլ պարտավոր է կանչել այն անձանց, ովքեր կարող են այս կամ այն տեղեկատվության տիրապետել»:

Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ Ժորա Մկրտչյանին խոշտանգելու մեղադրանք ներկայացվել է երեք անձի, սակայն վերջիններս 1 տարվա պայմանական ազատազրկման են ենթարկվել:

«Երեխա ենք պահում, որ տանք այս Հայաստանը ուտի` իր բիզնեսի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովված ասաց Ժորայի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը:

Թեպետ բանակում տիրող իրավիճակի մասին ահազանգում են ոչ միայն խոշտանգված, սպանված զինվորների ծնողները, այլև միջազգային կազմակերպություններն ու Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են թերահավատորեն մոտենալ այս կոշտ գնահատականներին` նշելով, թե բանակը հասարակության մի մասն է ընդամենը, որտեղ հայտնվում են տարբեր ընտանիքներում դաստիարակված երեխաներ:

«Երբ միջազգային կազմակերպությունները խոսում են հայկական բանակում տիրող վատ վիճակի մասին, սա չի նշանակու, որ նրանք Հայաստանի դեմ են պայքարում», - քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար, Վարդան Հարությունյանը. - «Եվ դա դեռ չի նշանակում, որ մյուսները պետք է հարձակվեն իրավապաշտպանների վրա և փորձեն ապացուցել, որ մեր բանակում զինվորին չեն ծեծում... Մեր բանակում զինվորին ծեծում են, մեր բանակում զինվորներն իրար հետ առնչվում են գողական օրենքներով: Եվ չի կարելի աչքերը փակել և ասել` ամեն ինչ լավ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG