Մատչելիության հղումներ

Սաքունցն առաջարկում է հարցաքննել Քոչարյանին, Սարգսյանին և այլոց


Հայաստան -- Անվտանգության ծառայությունների և ընդդիմադիրների բախումը Երևանում, 01-ը մարտի, 2008թ․
Հայաստան -- Անվտանգության ծառայությունների և ընդդիմադիրների բախումը Երևանում, 01-ը մարտի, 2008թ․
Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման համար իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջարկում է հարցաքննել 2008 թվականին բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց՝ պարզելու համար ի՞նչ հրահանգներ ու ցուցումներ են նրանք ստացել հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

Եթե նրանք հարցաքննվեն, Մարտի 1-ը կբացահայտվի, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպանը: Իրավապահներին հղած իր նամակում Սաքունցը հանրապետության նախկին ու ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին էլ է խոսել:

Իր այս առաջարկներով Սաքունցը երեկ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին է դիմել՝ գրավոր:

«Ազգային անվտանգության ծառայության պետը այն ժամանակ նույնիսկ հայտարարեց, որ լավ էլ արել են, որ լսել են Արզումանյան, Փաշինյան և ընդդիմության այլ ներկայացուցիչների հեռախոսազրույցները: Այսինքն նրանք ակտիվ գործողություններ են կատարել: Ինչպիսի՞ն են եղել այդ ակտիվ գործողությունները և այդ ակտիվ գործողությունները ինչքանո՞վ են իրավաչափ եղել, կոնկրետ ի՞նչ հրահանգներ են ստացել, ի՞նչ հանձնարարություններ են ստացել, ի՞նչ նպատակով են այդ հանձնարարությունները տրվել: Սրանք հարցեր են, առանց որոնց պարզաբանման մենք Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտում չենք ստանա», - ասում է Արթուր Սաքունցը:

Պետական մի շարք մարմիններ Մարտի 1-ի գործողություններին մասնակցել են, դա, Սաքունցի խոսքով, ամենևին էլ ինքնագործունեություն չի եղել:

«Մարտի 1-ին կատարվել է գործողությունների մի ամբողջ շարք, ներգրավելով ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին, զինված ուժերի ստորաբաժանումներին, որոնք իրենց ցանկությամբ կամ իրենց կամքով չէին կարող հայտնվել այնտեղ և կատարել ինքնուրույն, ինքնակամ գործողություններ առանց հրահանգների», - մեկնաբանում է Սաքունցը:

Կամ հայտնի գործարարների, Ազգային ժողովի պատգամավորների և պաշտոնյաների թիկնազորների անդամներին իշխանությունից բացի ո՞վ կարող էր մասնակից դարձնել Մարտի 1-ի դեպքերի, մեզ հետ զրույցում ասաց Սաքունցը՝ նկատի ունենալով Փաստահավաք խմբի նախկին անդամների բացահայտումը, թե Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչիկ Ղազարյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, նաև Գագիկ Բեգլարյանի, Հովիկ Աբրահամյանի և Մհեր Սեդրակյանի մերձավորներին Մարտի 1-ին հատկացվել է ընդհանուր թվով 950 հատ զինվորական համազգեստ:

«Այն անձինք, նկատի ունեմ առաջին հերթին պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել Մարտի 10-ի իրադարձությունների ժամանակ իշխանության մեջ և անմիջական պատասխանատվություն ունեն Մարտի 1-ի իրադարձությունների համար, նրանք, շարունակելով պաշտոնավարել և շարունակելով քաղաքական դերակատարում ունենալ, նրանք սահմանափակված են Մարտի 1-ի հանցագործության շրջանակներում փոխադարձ պայմանավորվածությունների գալու, ոչ թափանցիկ գործելու ժողովրդի թիկունքում, որովհետև ունեն ընդհանուր մեկ կապող թել՝ դա Մարտի 1-ի հանցագործությունն է», - ասում է Արթուր Սաքունցը:

Մարտի 1-ի գործով քննչական խումբը այս հարցերին չի անդրադարձել, նշում է իրավապաշտպանը՝ Հատուկ քննչական ծառայության վերջին հաշվետվության մեջ էլ իրեն հուզող հարցերի պատասխանները չի գտել: Արթուր Սաքունցը կարծում է՝ մեր քաղաքական, սոցիալակն և իրավական պրոբլեմների պատճառը Մարտի 1-ի չբացահայտված գործն է:

Անգամ զոհերի հարազատներն են զգում, որ գործը կոծկվեց, նրանք արտագաղթում են, ասում է Սաքունցը:

Պատասխան չստանալու դեպքում, ասաց իրավապաշտպանը, կմտածի, որ պետական մարմիններն անգործություն են ցուցաբերում ու դատական կարգով կբողոքարկի՝ «հանցագործության պարտակման փորձը»:

«Եվ ի վերջո՝ Մարտի 1-ի գործը քննող քննչական մարմինն է կոչով դիմել հասարակությանը, խնդրել օգնել գործի բացահայտմանը», - հիշեցնում է Սաքունցը՝ հավելելով, թե հիմա ինքը հենց դա էլ փորձում է անել՝ օգնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG