Մատչելիության հղումներ

«Ադբեջանին ավելի կոշտ են քննադատում, քան Հայաստանին՝ մարտի 1-ից հետո»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիև
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիև
Պաշտոնական Վաշինգտոնը կտրականապես հերքում է Բաքվից հնչող պնդումները, թե իբր ամերիկյան իշխանությունները փորձել են կանխորոշել հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների ելքը` թելադրելով Ադրբեջանի իշխանություններին, թե որ թեկնածուն քանի տոկոս քվե պետք է ստանա:

Այս շաբաթասկզբին նման աղմկալի հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, դեռ Հեյդար Ալիևի նախագահության տարիներից «գորշ կարդինալի» համբավ ունեցող նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը:

Մի շարք իշխանամետ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել էր.- «ԱՄՆ պաշտոնատար անձիք մեզ խորհուրդ էին տալիս [ընդդիմադիր] Ազգային խորհրդի թեկնածուին տալ քվեների 25 տոկոսը, իսկ մեզ պահել 74-75 տոկոսը: Այդ դեպքում նրանք նշում էին, որ Պետդեպարտամենտի գնահատականը հավասարակշռված կլինի: Հետևելով այս տրամաբանությանը՝ ստացվում էր, որ ցանկացած այլ արդյունք հանգեցնելու էր երաշխավորված վատ գնահատականի»։

«Պարզվեց, որ դա ոչ թե բարեկամական խորհուրդ էր, այլ խիստ նախազգուշացում: Ամերիկացիները փաստորեն փորձում էին մեզ ստիպել, որ մենք ոչ թե իրական, այլ զուտ ձևական ընտրություններ անցկացնենք՝ հավելագրումներ կատարելով որոշ թեկնածուների օգտին: Արդյոք սա Ադրբեջանի ընտրողների ազգային արժանապատվության ոտնահարման փո՞րձ չէր»,- ենթակա լրատվամիջոցների թղթակիցների նման հռետորական հարց էր ուղղել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Մեհտիևի հայտարարությունը առաջացրել է պաշտոնական Վաշինգտոնի իսկական զայրույթը: Սկզբում Մեհտիևի հայտարարությունները հերքեցին Բաքվում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները, ապա կոշտ հայտարարություններ սկսեցին հնչել հենց Վաշինգտոնից:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երեկ երեկոյան խնդրին անդրադարձավ Պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսակին.- «Բաքվում գործող մեր դեսպանատունն արդեն իսկ հայտարարել է, և ես ստիպված եմ կրկնել` այն, ինչ հայտարարեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, կատարյալ կեղծիք է»։

Ի դեպ, Մեհտիևը կոշտ քննադատության էր ենթարկել նաև ԵԱՀԿ դիտորդներին՝ նրանց մեղադրելով երկակի չափանիշների կիրառման մեջ:

«Երբևիցե ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում կայացած ընտրություններին նման կոշտ գնահատական չէին տվել: Նրանց նախնական զեկույցը հիմնված է ընդդիմության կողմից տարածված ստի և կեղծքիների վրա»,- ասել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Մեհտիևի խոսքով՝ Ադրբեջանում կայացած ընտրությունները շատ ավելի ազատ էին, քան Հայաստանում վերջին երկու նախագահական ընտրարշավերը:

«Չնայած դրան՝ պաշտոնական Երևանին առանձնապես չեն քննադատում»,- տարակուսում է ադրբեջանցի պաշտոնյան` լրագրողների համար նույնիսկ պատմական յուրատեսակ էքսկուրս կատարելով.- «Հիշենք թեկուզ 2008-ին Հայաստանում կայացած խայտառակ ընտրությունները, երբ Երևանում միայն պաշտոնական տվյալներով 10 ցուցարար զոհվեց: Կամ անցած փետրվարի ընտրությունները, երբ թեկնածուներից ոմանց նկատմամբ ճնշումներ էին գործադրվում, իսկ Պարույր Հայրիկյանի վրա նույնիսկ կրակեցին: Չնայած դրան՝ հայկական լոբբիստական կառույցների շնորհիվ ամերիկյան վերնախավը շարունակում է հայամետ դիրքորոշում դրսևորել՝ չհրաժարվելով Ադրբեջանի հանդեպ որդեգրած կանխակալ մոտեցումներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG