Մատչելիության հղումներ

Մաքսային միության համատեքստում Լավրովը չհիշատակեց Հայաստանը


Բելգիա - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում «Էգմոնտ» ինստիտուտում, Բրյուսել, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Բելգիա - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում «Էգմոնտ» ինստիտուտում, Բրյուսել, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Բրյուսելում՝ անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին, ԵՄ - ՌԴ հարաբերություններին, Արևելյան հարևանությանը և Մաքսային միությանը:

Միջազգային հարաբերությունների «Էգմոնտ» թագավորական ինստիտուտը երեքշաբթի օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը բարձրաստիճան փակ կոնֆերանսին եկել էր խոսելու աշխարհաքաղաքական փոփոխություններից և անդրադարձավ Սիրիայի ճգնաժամին, Եվրամիություն - Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև Արևելյան հարևանության և Մաքսային միության ծրագրերին:

«Մեծ ներուժ կա Եվրամիության և եվրասիական ինտեգրացիոն կառույցների համագործակցության մեջ, որ մենք ստեղծում ենք Բելառուսի և Ղազախստանի հետ: Եվրասիական տնտեսական համագործակցության միություններն արդեն շահույթ են ապահովում անդամների համար` մեծացնելով առևտրաշրջանառությունն անդամ երկրների միջև և կրճատելով գործազրկության տոկոսը», - ասաց Լավրովը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մի քանի անգամ անդրադառնալով Մաքսային միությանը՝ Լավրովը նշում էր միայն Բելառուսն ու Ղազախստանը: Հայաստանի մասին` որպես Մաքսային միության անդամ, մաս, մասնակից, Ռուսաստանի արտգործնախարարը չհիշատակեց:

Խոսելով Արևելյան գործընկերության ծրագրից և Վիլնյուսի գագաթնաժողովից՝ Լավրովն ասաց, թե ճիշտ չէ ամեն ինչ վերածել Ռուսաստանի դեմ խաղի:

«Եթե ամեն ինչ վերածվում է աշխարհաքաղաքական խաղի, թե՝ «եկեք Ռուսաստանի քիթը կոտրենք Վիլնյուսում, բոլորին ընդունենք մեր կողմը, հետո էլ վայելենք Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտությունը», ես ձեզ վստահեցնում եմ` Վիլնյուսի գագաթնաժողովի ցանկացած արդյունքի դեպքում մենք չենք լալու, ուղղակի ցավալի է, որ մեր ռազմավարական գործընկերները այս խոստումնալից թեմային մեկանգամյա խաղալիքի պես են վերաբերվում», - հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովի խոսքով` Եվրամիությունը պետք է ջանար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի հարևանության ծրագրի երկրները անելանելի վիճակում չհայտնվեին, այլ կարողանային հավասարապես համագործակցել թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի նախաձեռնած միությունների հետ:

«Եվրամիության հետ Ազատ առևտրի գոտին նշանակելու է, որ համեմատաբար էժան եվրոպական ապրանքները կմտնեն ուկրաինական շուկա, կգրավեն ուկրաինական արտադրանքի տեղը և կհոսեն դեպի Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, իսկ դա կբարդացնի իրավիճակը: Մենք միայն փորձում ենք բացատրել մեր գործընկեր երկրներին, թե ինչ տնտեսական փոփոխություններ տեղի կունենան իրենց մոտ», - ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությանը, թե Մոսկվան փորձում է տապալել Արևելյան գործընկերության ծրագիրը, Սերգեյ Լավրովը ասաց. - «Մենք չենք սկսել այն խոսակցությունը, որ Արևելյան գործընկերության ծրագրի երկրները պետք է ընտրեն` կա՛մ Եվրամիության հետ, կա՛մ Մաքսային միության հետ: Այդ խոսքերը հնչում են Բրյուսելից և հնչում են վաղուց: Դա դեռ 10 տարի առաջ է սկսվել, հետո հորինեցին Արևելյան գործընկերությունը, որը կարծես պետք է հետաքրքիր կառույց դառնար: Բայց Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ Մաքսային միությունն ու Եվրամիության հետ ասոցացումն անհամատեղելի են»:

Լավրովը նաև նշեց, թե համաձայն չէ «եվրոպական արժեքներ» եզրույթին: Ռուսաստանն էլ պակաս արժեհամակարգ չունի, ընդգծեց նա ու հիշեց Դոստոևսկու խոսքերը քրիստոնեական արժեքների և ուղղափառ Ռուսաստանի մասին:
XS
SM
MD
LG