Մատչելիության հղումներ

Հայաստանը «շարունակելու է ակտիվացնել շփումները ԵՄ-ի հետ»


Հայաստանը «շարունակելու է ակտիվացնել շփումները ԵՄ-ի հետ»
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ավարտեց իր աշխատանքային այցը Բյուսել՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի հետ հանդիպումով:

Շուրջ 40 րոպե տևած հանդիպումից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ իրեն տրվող հիմնական հարցը Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին էր:

«Ես կարող եմ ասել, որ շատ լավ անցավ, և այս վերջին հանդիպումը Եվրախորհրդարանի փոխխոսնակի հետ շատ կարևորում եմ: Մենք ներկայացրեցինք, թե ինչու ենք մենք ցանկություն հայտնել անդամակցել Մաքսային միությանը, և որը չի հակասում և չի ազդելու ապագայում մեր համագործակցության վրա Եվրամիության հետ: Հակառակը մենք շարունակելու ենք ամրապնդել, ակտիվացնել, զարգացնել մեր շփումները Եվրամիության հետ, և դա բխում է մեր ժողովրդի, մեր պետության շահերից, և ժողովրդի, իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Ես բացատրեցի, որ Մաքսային միությանը անդամակցելը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր պետության շահերից: Ես կարծում եմ, որ ինքը ընկալեց»,- ասաց Աբրահամյանը:

Նախորդ անգամ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում էր հունվարին, երբ հանդիպում էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Այդ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԺ նախագահը դեռ պատրաստակամություն էր հայտնել հաջողությամբ ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի բանակցությունները ԵՄ-ի հետ: Այս անգամ, փաստորեն, Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի փոխնախագահին բացատրություններ է տվել Հայաստանի կողմնորոշման փոփոխության հետ կապված:

«Իհարկե, ի սկզբանե իրենք շատ բացասական են վերաբերվում այդ մեր որոշմանը, բայց դա բխում է մեր պետության շահերից, և բացատրեցի մեր գործընկերոջը, որ դա ընդհանրապես կապ չի ունենալու ապագայում մեր համագործակցության հետ: Մենք շարունակելու ենք մեր սերտ համագործակցությանը Եվրամիության հետ և շարունակելու ենք Եվրամիության հետ միասին Հայաստանում բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Հայաստանի ԱԺ նախագահը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ամբիոնից իր ելույթի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր․- «Հայաստանի համար ներկա պայմաններում առավել մեծ նշանակություն են ստանում եվրոպական ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին համահունչ բարեփոխումների շարունակականության ապահովումը: Ցանկանում եմ նաև վստահեցնել ձեզ, որ Հայաստանի խորհրդարանը չի հրաժարվի այդ բարեփոխումների իրականացման առաջատարը լինելու պատասխանատվությունից»:

Այսպիսով, այսօր երեկոյան ավարտվում է Եվրոպահայերի 3-րդ համագումարը, որին մասնակցելու նպատակով Բրյուսելում էին Հայաստանի ԱԺ նախագահը, Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Բակո Սահակյանը, Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը և եվրոպայի տարբեր անկյուններից ժամանած մի քանի տասնյակ քաղաքագետներ, դիվանագետներ և հայկական հարցով մտահոգ մարդիկ:
XS
SM
MD
LG