Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյանը հավատում է հավաքականի հաղթանակին


Իտալիայի հավաքականին դժվար հանդիպում է սպասում, բայց մենք պետք է հաղթենք մրցակցին, Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսում նման հայտարարություն է արել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին։

Goal.com-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Հայաստանը դեռ կարող է խմբից երկրորդ տեղով դուրս գալ, այդ պատճառով էլ ամեն ինչ կանի հաղթելու համար։

«Մենք պետք է լավ հանդես գանք, այդ նպատակով էլ ես հատուկ կազմ եմ ընտրել: Եկեք նաև չմոռանանք, որ Հայաստանը հարձակման գծում լավ ֆուտբոլիստներ ունի, նրանք կարող են վտանգավոր պահեր ստեղծել մեզ համար»,- ասել է Պրանդելլին։

Football Italia-ի փոխանցմամբ՝ Չեզարե Պրանդելլին Հայաստանի հետ խաղի համար մի շարք տակտիկական փոփոխություններ է արել ու հույս է հայտնել, որ իր ֆուտբոլիստները խելացի ֆուտբոլ կցուցադրեն։

Այս խաղում հարցականի տակ է Իտալիայի հավաքականի առաջատար Մարիո Բալոտելլիի մասնակցությունը։ Վնասվածքի պատճառով նա չէր կարողացել մասնակցել Դանիայի հետ կայացած նախորդ հանդիպմանը։ Պրանդելլին հույս է հայտնել, որ Հայաստանի հետ խաղին Բալոտելլին արդեն ապաքինված կլինի։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ թեև Իտալիան արդեն ապահովել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի իր ուղեգիրը, բայց դա չի խանգարելու, որ այսօրվա խաղում իտալացիները ձգտեն միայն հաղթանակի։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում տեղադրված տեսանյութի համաձայն՝ Մինասյանը ասել է, որ թեև Իտալիան այս խմբում ուժեղագույն թիմն է, բայց Հայաստանի հավաքականը մեծ պոտենցիալ ունի, որ այս խաղում հաղթանակը հնարավոր է։

«Մեր հավաքականը բազմիցս ցույց է տալիս, որ դրսում կարող է ավելի լավ խաղալ, քան թե տանը, այնպես որ ոչ մի ճնշում չի լինի: Ես հուսով եմ, որ մեր մոտիվացիան ավելի մեծ է լինելու, քանի Իտալիայինը»,- ասել է Մինասյանը:

Հավաքականի մարզիչը վերջնական կազմը դեռ չի որոշել։

Հարցականի տակ է Արազ Օզբիլիսի և Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը, քանի որ նախորդ խաղում նրանք վնասվածքներ էին ստացել։

Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը հնարավոր են համարում նաև մարզական մեկնաբանները։ Սենիկ Կարա-Պողոսյանի կարծիքով՝ այս խաղաշրջանը ցույց տվեց, որ մեր հավաքականը հատկապես լավ է հանդես գալիս, երբ խաղում է մրցակցի դաշտում, և երբ նախաձեռնությանը տիրում է մրցակիցը։

«Դրսում տոնած հաղթանակները մեր՝ երկրորդ համարով լավ խաղալու ունակությունն է: Մենք պարզապես հիանալի ենք խաղում երկրորդ համարում: Որպես առաջին համարով գնդակ տանող թիմ՝ մենք բավականին լուրջ ենք կաղում»,- ասաց Կարա-Պողոսյանը:

Մարզական մեկնաբանը երկու թիմերի հնարավորությունները հավասար է գնահատում, մինչդեռ Իտալիան, ըստ նրա, կորցնելու ավելի քիչ բան ունի, քան մենք։ Հաղթանակը, իհարկե, հնարավոր է, բայց Կարա-Պողոսյանի կարծիքով՝ դժվար է ասել, թե որքանով այն կօգնի մեզ, քանի որ մեր հավաքականի խմբից դուրս գալը կախված է ոչ միայն այս, այլև մի շարք այլ խաղերից։

Խմբից դուրս գալու շանսերը մեծ հաշվով կախված են նաև այլ խմբերում այսօր տեղի ունենալիք խաղերի արդյունքներից։ Ամեն դեպքում եթե Հայաստանի հավաքականը կարողանա հաղթել Իտալիային, ապա միայն այդ փաստն արդեն մեծ ֆուտբոլային տոն կլինի։

Անդրադառնալով այսօրվա խաղին՝ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է՝ «պատրաստ ենք Իտալիայի դեմ խաղին, առա՛ջ հայեր»։

Հայաստանի ազգային հավաքականը Իտալիա է ժամանել երեկ, ֆուտբոլիստներն արդեն մարզում են անցկացրել, ամենուր հավաքականի տղաներին ուղեկցում են երկրպագուները։

Ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա այսօր Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22.45-ին։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG