Մատչելիության հղումներ

Կաշառք՝ համաներում կիրառելու դիմաց


Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է խարդախության մեղադրանքով դատապարտված մի քաղաքացի, որ Արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ (մոտ 1000 դոլար)՝ Ազգային ժողովի ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:

«Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է: Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն», - ասված է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ «կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», հարուցվել է քրեական գործ:

Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է չորսից մինչև տասը տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG