Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Առաքելյան․ «Օգտագործեցին միջադեպը՝ կանխելու երկխոսությունը»


Տիգրան Առաքելյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 14-ը հոկտեմբերի, 2013թ․

Տիգրան Առաքելյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 14-ը հոկտեմբերի, 2013թ․

Ընդդիմադիր ակտիվիստը ազատ արձակվելուց հետո բացառիկ հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Տիգրան Առաքելյանը համոզված է, որ իրեն ազատազրկելով՝ իշխանությունը ընդդիմության հետ երկխոսության գործընթացը վիժեցնելու խնդիր էր լուծում: Այդ մասին նա հայտարարեց համաներմամբ իր ազատ արձակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Եթե հիշում եք, անազատության մեջ ես հայտնվեցի այն ժամանակ, երբ Հայ ազգային կոնգրեսը համառ պայքարի արդյունքում ազատվեց քաղբանտարկյալներ ունենալուց, Հայաստանը ազատվեց քաղբանտարկյալներ ունենալուց, և պայմաններից մեկն էր դա, որպեսզի նստեին իշխանության հետ երկխոսության, և այնտեղ շատ լուրջ հարցեր էին քննարկվում: Եվ այդ պահին այդ գործընթացը վիժեցնելու միակ պայմանը այն կարող էր լինել, որ նորից քաղբանտարկյալ ունենար Հայաստանը», - ասաց Առաքելյանը՝ շարունակելով․ - «Եվ նրանք այդ միջադեպը, ես չեմ ասում՝ իրենք այդ միջադեպը ստեղծեցին, իրենք այդ միջադեպը օգտագործեցին՝ դա ավելի ճիշտ բնութագրում է, նրանք օգտագործեցին միջադեպը՝ կանխելու երկխոսությունը, որովհետև այդ օրը, արդեն երկխոսության այդ փուլում, շատ կոնկրետ հարց էր դրված, այնտեղ պատասխաններ գտնելը անհնար էր իշխանության կողմից: Եվ նրանք գնացին հին մեթոդների՝ ունենալ քաղբանտարկյալներ, քանի որ Հայ ազգային կոնգրեսը չի երկխոսի քաղբանտարկյալներ ունենալու [դեպքում]»:

Իսկ թե երկխոսության դադարեցումից հետո ինչու էին իրեն ավելի քան երկու տարի պահում անազատության մեջ՝ այդ առնչությամբ էլ ընդդիմադիր ակտիվիստը նշեց․ - «Դրանից հետո Հայաստանում՝ մինչ այս պահը, որ ինձ ազատ արձակեցին, յուրաքանչյուր, տասնյակ որոշումներ են մեր քրեական գործով կայացվել, բոլոր որոշումները՝ լինի դա խափանման միջոց փոխելու, լինի դա սովորական ինչ-որ միջնորդություն անելու ու քրեական գործում որևէ բան հետազոտելու, բոլոր որոշումները բացառապես կատարվել են այդ պահի քաղաքական, ներքաղաքական նպատակահարմարությունից, իշխանությունների նպատակահարմարությունից՝ թե ինչ օգուտ կարող են դրանից քաղել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ՝ գոհացնո՞ւմ է արդյոք իրեն Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը այս շրջանում, այն ակտիվությունը, որ ունի ՀԱԿ-ը, Տիգրան Առաքելյանը արձագանքեց․ - «Հայ ազգային կոնգրեսը այսօր ակտիվություն ես չեմ կարող ասել՝ ունի, թե չունի, ինչքանով է բավարար, ինչքանով է ադեկվատ, ընդհանրապես՝ քաղաքական դաշտը ես կուզենայի այսօր տեսնել ավելի ակտիվ, քան կա, ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի: Որովհետև միայն Հայ ազգային կոնգրեսի մեջ ես չեմ տեսնում, Հայ ազգային կոնգրեսի ճակատին չի գրված, որ պետք է ինքը ակտիվ լինի: Իսկ եթե մենք բոլորս ուզում ենք նրա մեջ տեսնել, օգնենք, որպեսզի ավելի ակտիվ լինենք: Ես օգնելու եմ Հայ ազգային կոնգրեսին, որպեսզի ավելի ակտիվ լինի»:
XS
SM
MD
LG