Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 15-ի մամուլ


«Վերջի սկիզբը» վերնագրված խմբագրականում «168 ժամ»-ը գրում է․ - «Պատահական չէ, որ այս նամակի հրապարակումից հետո հնչող հարցերից մեկն այն է՝ արդյոք Զորի Բալայանը այն գրել է Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի իշխանության «հորդորով»: Կամ գուցե՝ երկուսը միաժամանա՞կ: Սակայն դա արդեն էական չէ: Ավելի կարևոր ու վտանգավոր է այն, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո Հայաստանում արագ տեմպերով բացահայտվում է մինչև այժմ գոնե ձևականորեն զսպվող ստրկամտությունը. Հայաստանի անկախությունն անվանարկող ժողովներ են տեղի ունենում, այս մեկը Պուտինին խնդրում է հազարավոր հայերի արյամբ ազատագրված Ղարաբաղը դարձնել Ռուսաստանի մաս, նրան ողջունում են պալատական այլ «մտավորականներ»: Իսկ իշխանությունը լուռ է, չի արձագանքում հաստիքային մտավորականների ռուսահպտակության շքերթին, քանի որ նրանք ընդամենը քարոզչական մակարդակում սպասարկում են այն քաղաքականությունը, որի վերջը Հայաստանն ու Ղարաբաղը Ռուսաստանի մաս դարձնելն է»:

«Ժամանակ» օրաթերթը «վատ նախանշան» է համարում Բալայանի նամակը․ - «Պահն իսկապես կարևոր է, և ակնհայտ է, որ ղարաբաղյան ուղղությամբ հունցվում են ինչ-որ զարգացումներ: Երևի բոլորովին պատահական չէ, որ Զորի Բալայանի նամակը հանկարծ հրապարակվեց Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո: Մինչ այդ էլ, իհարկե, տեղի էին ունեցել հետաքրքրական զարգացումներ, մասնավորապես՝ Մաքսային միության մասին սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը, որով Հայաստանն ըստ էության դադարեց գոյություն ունենալ որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական սուբյեկտ»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ - «Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված աղմկահարույց բաց նամակի հրապարակումից հետո բոլորին հուզում է մեկ հարց․ արդյոք այդ նամակը համաձայնեցված էր ՀՀ իշխանությունների հետ: Անկախ այդ նամակում հնչեցված փաստարկների և ձևակերպված առաջարկի ընդունելի կամ անընդունելի լինելուց, մեկ բան է՝ երբ ինչ-որ մոռացված հասարակական գործիչ փորձ է անում հիշեցնել իր մասին՝ հանդես գալով իր՝ այնքան հոգնեցնող երկարաշունչ ոճով, մեկ այլ բան՝ երբ դա արվում է ռուսական և եվրոպական ամենօրյա, ամենժամյա ճնշումների տակ գտնվող Բաղրամյան 26-ի նախաձեռնությամբ»:

«15-ամյա անտերության բարաթը» վերնագրի ներքո «Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ - «Սրանք Հայաստանն ու Ղարաբաղը թալանում ու ներդրումներ էին անում Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Աֆրիկայում: Սրանք Հայաստանի ռազմավարական օբյեկտները հանձնում էին Ռուսաստանին, սրանք մեծ հպարտությամբ ռուսական հատուկ ծառայություններից մեդալներ էին ստանում, սրանք ի վերջո ոչնչացրին Հայաստանի տնտեսությունը, և ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Սերժ Սարգսյանը համարյա բաց տեքստով հայտարարեց՝ Հայաստանը Մաքսային միություն է մտնում անվտանգության նկատառումներից ելնելով: Այսինքն՝ մենք արդեն ի վիճակի չենք ինքնուրույն ապահովել մեր անվտանգությունը նույնիսկ Ադրբեջանից: Եվ ահա այդ հայտարարության ուղիղ «քառասունքի» օրը Զորի Բալայանը ամփոփեց գործընթացը՝ հայտարարելով, թե արդեն ժամանակն է, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, եկեք ու տեր կանգնեք մեզ, թե չէ հետո կարող է ուշ լինել: Եվ իսկապես, եթե 15 տարի շարունակ երկրի դիմադրողականությունը ոչնչացվում է՝ այն հույսով, որ «վճռական պահին» ռուսները մեզ տեր կկանգնեն, բնականաբար՝ հիմա արդեն պիտի շտապեցնել, որովհետև սեփական ռեսուրսները սպառված են»:

Հարցի հետ կապված «Իրավունք» թերթի հետ զրույցում հետևյալ մեկնաբանությունն է ներկայացնում ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը․ - «Զորի Բալայանը լուրջ հասարակական գործիչ է, ով անցել է բավական լուրջ ճանապարհ, իր կյանքի ընթացքում ունեցել է բազում վաստակներ, ձեռքբերումներ: Կարծում եմ, որ նմանատիպ գործիչը իրավունք ունի իր կարծիքը, տեսակետը, ինչու չէ՝ նաև հրապարակայնորեն դա հայտնելու: Սա անձնական տեսակետ է, և կարծում եմ, որ տեղին չէ որևէ արձագանք անելու: Ես միայն կարող եմ ասել, որ մենք ունենք մեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, որը հայտնել ենք տարբեր առիթներով, ֆորմատներում, և բոլորին էլ հայտնի են մեր մոտեցումներն ու տեսակետները դրա հետ կապված: Հիմա պարոն Բալայանի տեսակետը պետք չէ դիտարկել տեսակետ, որին էլ մենք պետք է պարզաբանումներ տանք: Լեռնային Ղարաբաղը բավականին կայացած և ժողովրդավար պետություն է, ունի անցած ուղի, և Արցախը՝ որպես անկախ, սուվերեն հանրապետություն, արդեն իսկ պատասխանում է բոլոր հարցերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG