Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից


Ավելի քան երկու տարի բանտում մնալուց հետո ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանն այսօր մասնակիորեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Վերաքննիչ քրեական դատարանը մասամբ բավարարեց Տիգրան Առաքելյանի և մյուս ընդդիմադիր ակտիվիստների՝ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքը, բեկանեց Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Վերաքննիչը Տիգրան Առաքելյանին անմեղ ճանաչեց Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մասով:

Դատարանը միևնույն ժամանակ Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչեց նույն հոդվածի առաջին մասով՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանության համար:

Վերաքննիչն այսպիսով մասամբ բավարարեց 2011 թվականի օգոստոսի 9֊ին Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցածի կապակցությամբ Տիգրան Առաքելյանի բողոքը, կիրառելով նաև համաներումը՝ ազատ արձակեց ակտիվիստին:

Վերաքննիչը նույն մոտեցումը ցուցաբերեց նաև Հայ ազգային կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների՝ Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ: Ակտիվիստներին չարդարացրած Վերաքննիչ դատարանը նրանց մեղավոր ճանաչեց: Արտակ Կարապետյանին դատապարտեց և համաներմամբ ազատեց պատժի կրումից, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի դեպքում ևս դատարանը արդարացման դատավճիռ չկայացրեց՝ նրանց խուլիգանության մեղադրանքով դատապարտեց շուրջ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ մեկ տարվա փորձաշրջանով:

Վերաքննիչ դատարանի դատավճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսում:

Բավականաչափ խրթին դատավճռի հրապարակումից հետո դահլիճից ամոթանք էին տալիս դատավորներին:

Տիգրան Առաքելյանը պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, քանի որ պահանջում էր լիակատար արդարացում:

Առաքելյանն «ավելի ակտիվ է լինելու»


«Երբեք անազատ ինձ չեմ զգացել, թեկուզ եղել եմ քրեակատարողական հիմնարկում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Տիգրան Առաքելյանը:

Մեկնաբանելով դատավճիռը՝ ընդդիմադիր ակտիվիստն ասաց․ - «Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին: Այստեղ որևէ օրենք չկիրառվեց բաց թողնելու: Մի փոքր օգտվել էին այս անգամ Քրեական դատավարության օրենսգրքից, այդքանը»:

Տիգրան Առաքելյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատավճռի ընդունման վրա ազդել է՝ «հասարակական հնչեղությունը, վերջին նիստերին, վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրական ճնշում կար իշխանությունների վրա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ այս դատավճռից հետո փոխելո՞ւ է իր հասարակական գործունեության ոճը, ընդդիմադիր ակտիվիստը պատասխանեց․ - «Այո, փոխելու եմ, ավելի ակտիվ եմ լինելու»:

Տիգրան Առաքելյանին դիմավորեցին դատարանի բակում նրան սպասող համակիրները: Ակտիվիստին նվիրեցին այն սպիտակ շապիկը, որի վրա պատկերված էր Տիգրան Առաքելյանի դիմանկարը, նրան բանտից ազատելու պահանջը և որպես այդ պահանջին միանալու հավաստիք՝ գույնզգույն գրիչներով քաղաքացիների ստորագրությունները:

Տիգրան Առաքելյանին ջերմ ընդունեցին նաև ազատամարտիկները, որոնք սպասում էին պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի քննությանը:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության պատգամավորները ևս Տիգրան Առաքելյանին դիմավորողներից էին: Դատարանի բակում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը․ - «Այս դատավարությունը, շնորհիվ մեր տղաների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի, վերածվեց դատավարության ռեժիմի նկատմամբ: Այս դատավարության ընթացքում ամբաստանյալի նստարանին նստած էին Սերժ Սարգսյանը, Եվա Դարբինյանը, այդ դատախազի անունն ի՞նչ էր․․․ Մարտիրոսյան․․․ բազմաթիվ քննիչներ․․․ տո հենց Աղվան Հովսեփյանը: Նրանք բոլորը նստած էին որպես ամբաստանյալ այս դատավարության ընթացքում»:

Ընդդիմադիրները որոշեցին Տիգրան Առաքելյանին հրավիրել Սարյանի արձանի մերձակայք, որտեղ նախորդ տարիներին ևս ընդդիմադիրները հանդիպում էին բանտից ազատված իրենց համախոհներին:
XS
SM
MD
LG