Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանը համաձայն է համաներմամբ ազատ արձակվել


Դատարանի որոշումից դժգոհ էին Ավետիսյանի փաստաբանը, նրա աջակիցները:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կրկին հետաձգվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ կալանքի փոխարեն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի փոխանցմամբ՝ նիստը հետաձգվեց, քանի որ քննիչը չէր ներկայացել:

«Ես դատարանի այդ որոշումը համարում եմ օրենքին հակասող եւ կամայական: Հաշվի առնելով կալանքի հետ կապված հարցի հրատապությունը, դատարանը պարտավոր էր, իմ խորին համոզմամբ, այսօր որոշում կայացնել», - հավելեց փաստաբանը:

Դատարանի որոշումից դժգոհ էին Ավետիսյանի աջակիցները:

«Չեմ կարող հավատալ, որ Վոլոդյան կարող էր այդպիսի քայլի գնալ: Այստեղ իր մարտական ընկերներն են, բոլորս էլ պահանջում ենք, որ ազատ արձակեն նրան և դադարեցնեն քաղաքական հետապնդումները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հրաչ Ստեփանյանը:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը հիշեցրեց, որ ազատամարտիկի կալանավորումից մոտ մեկ ամիս է անցել, սակայն մինչև օրս ամբաստանյալի և տուժողի միջև առերեսում չի իրականացվել․ անհայտ է՝ ումից է Ավետիսյանը խարդախությամբ գումար շորթել:

«Առերեսման հետ կապված մեղադրող դատախազը մի ցնցող պատասխան տվեց այն մասին, որ տուժողը աշխատում է և քանի որ Երևանում չի գտնվում, որոշակի խնդիրներ կան նրա աշխատանքից հետո այդ քննչական գործողությունները կատարելու հետ կապված», - նշեց Արա Զաքարյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներումը Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի հոդվածի վրա տարածվում է, և պաշտպանական կողմը չի առարկում, որպեսզի այդ հիմքով նրան ազատ արձակեն: Ինքը՝ Ավետիսյանը ևս դեմ չէ համաներմամբ ազատ արձակվելուն:

«Սակայն դա չի նշանակում, որ նա համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ», - հավելեց Արա Զաքարյանը:

Դատարանի առջև այսօր կրկին հավաքվել էին Ավետիսյանի մարտական ընկերները: Նրանք շարունակում են պնդել, որ իշխանությունների դեմ ավելի վաղ բողոքի ցույցեր կազմակերպած Ավետիսյանն իրականում ճաղերի հետևում է հայտնվել իր քաղաքական ակտիվության համար:

Մեղադրող կողմը, հիշեցնենք, պնդում է, որ Ավետիսյանը ոմն քաղաքացի Հ․ Զաքարյանից 2000 դոլար է վերցրել՝ խոստանալով վերջինիս թոռանը ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Ավետիսյանը այս մեղադրանքը «շինծու» է որակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG