Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպանները դատարանում կվիճարկեն Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը


Մի խումբ իրավապաշտպաններ մտադիր են դատարանում վիճարկել նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը:

Նախաձեռնության հեղինակներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի փոխանցմամբ, Վարչական դատարանին ներկայացվելիք հայցով պահանջելու են ոչ օրինաչափ, Հայաստանի սահմանադրությանը հակասող ճանաչել նախագահի այս քայլը:

«Չի կարող ժողովրդավարական պետության մեջ իր լիազորությունները օգտագործվի ինչպես ինքը ուզենա՝ հաշվետվողականության, թափանցիկության սկզբունքների հիման վրա», - ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանները վիճարկում են ոչ թե որոշումը, այլ դրա ընդունման ձևը, որը ինչպես Սաքունցը բնորոշեց՝ միանձնյա էր, ոչ ժողովրդավարական ու իրավական:

Պատրաստվող հայցը ներառելու է նաև Կառավարության որոշման նախագիծը, որը սահմանում է ժամանակացույցը, թե երբ պետք է ավարտվեն Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական աշխատանքները:

«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Զեյնալյանը վկայակոչում է ժողովրդի առջև հաշվետու լինելու նախագահի պարտավորությունը, իրավապաշտպանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանը հաշվի չի նստել հասարակության հետ՝ ընդամենը մեկ ժամում պատմական որոշում կայացնելով:

«Մաքսային միությունը այլ կերպ ասած՝ Սովետական միությունն է: Դա պարտադրված միություն է, կամավոր սկզբունքի հիման վրա չի ձևավորվում, և դա Հայաստանին որևէ լավ տեղ կամ էլ բանի չի հասցնի», - մեկնաբանեց Արտակ Զեյնալյանը:

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանն էլ, կանխատեսելով դատական այս գործի ելքը, կարծիք հայտնեց, թե երբ նախագահն է պատասխանող կողմը, ապա դատարանը միայն քաղաքական որոշմամբ կարող է բավարարել հայցը, եթե ժողովրդական լայն ճնշում լինի կամ իշխանություններն իրենք ցանկանան որ դատարանը դեմ դուրս գա Մաքսային միությանն անդամակցելուն:
XS
SM
MD
LG