Մատչելիության հղումներ

Աննախադեպ զանգվածային անկարգություններ Մոսկվայում


Ռուսաստան - Անկարգությունները Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, 13-ը հոկտեմբերի, 2013թ․

Ռուսաստան - Անկարգությունները Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, 13-ը հոկտեմբերի, 2013թ․

Փողոց էին դուրս եկել միգրանտների դեմ վրդովված հազարավոր մոսկվացիներ, մեծամասամբ՝ դեռահասներ և երիտասարդներ:

Կիրակի օրը Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում աննախադեպ զանգվածային անկարգություններ տեղի ունեցան, որոնք շարունակվեցին մինչև կեսգիշեր, և կա մտավախություն, որ դրանք դեռ կշարունակվեն:

Շրջանի բնակիչները, մեծամասամբ՝ դեռահասներ ու երիտասարդներ, այդ թվում՝ աղջիկներ, «Ռուսաստանը ռուսների համար է» վանկարկելով հարձակվել են «Բիրյուզա» առևտրի կենտրոնի վրա, ջարդել են խանութների և մոտակայքում կայանված ավտոմեքենաների պատուհանները, նույնիսկ հարձակվել են ոստիկանների վրա:

Անկարգությունները, որոնց մասնակցել է մի քանի հազար մարդ, այնքան ուժգին էին, որ այս շրջանում էին հավաքվել Մոսկվայի բոլոր ոստիկանները, արձանագրվել են նույնիսկ բախումներ:

Միգրանտների դեմ զայրացած մոսկվացիները հարձակվել են նաև բանջարեղենի պահեստային բազային վրա, որտեղ աշխատում և ապրում են մի քանի տասնյակ աշխատանքային միգրանտներ:

Կեսգիշերին ոստիկաններին հաջողվել է ցրել զայրացած բնակիչներին, իսկ ձերբակալվածների թիվը այդ պահի դրությամբ հասնում էր արդեն 400-ի:

Թեժացել էին կրքերը նաև ռուսական ինտերնետում: Մեծամասամբ, ինչպես նկատում են դիտորդները, սոցցանցերի օգտատերերը աջակցում էին անկարգությունների կազմակերպիչներին: Ամենատարածված գրառումներից էր, օրինակ՝ «Եկել է խաչերից [հայկական Խաչիկ անվան կրճատ ձևը, որով ռուս ազգայնականները քամահրանքով կոչում են հայերին, իսկ երբեմն՝ ընդհանրապես կովկասցիներին] ազատվելու ժամանակը»:

Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին անհայտ անձը դանակահարել է ռուս երիտասարդին, ով տեղում մահացել է: Այդ անձի որոնողական աշխատանքների ընթացքում ոստիկանությունը տվել է նրա լուսանկարներ, որ ստացվել են վերահսկողության տեսախցիկների օգնությամբ: Ռուսաստանցի լրագրողներն էլ նրա մասին խոսելիս նշում են, որ կասկածվողը կովկասցի է:

Բոլոր հարցումները այսօր հստակ վկայում են, որ մոսկվացիների առնվազն կեսը խիստ բացասական վերաբերմունք ունեն «ոչ սլավոնների» նկատմամբ, քանի որ ռուսաստանցի դաղստանցիներն ու չեչենները այստեղ նույնպես օտար են համարվում:

Դե իսկ ոստիկանությունը այս անկարգություններից հետո հերթական արշավն է սկսել միգրանտների դեմ: Երեկ ձերբակալել են մոտ ինը տասնյակ արտասահմանցիների, ովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը: Որոշ աղբյուրներ նշում են, որ ձերբակալվածների թվում կա Հայաստանի մեկ քաղաքացի:

Ի դեպ, երեկ վրդովված ամբոխը պահանջում էր նաև տեղի ոստիկանության և շրջանային վարչության ղեկավարների հրաժարականը:

Նշենք նաև, որ Արևմտյան Բիրյուլևո շրջանում ապրում և աշխատում են մեծ թվով ադրբեջանցիներ:

Իրավիճակը լարված է մնում


Երկուշաբթի ցերեկը իրավիճակը մոսկովյան այս շրջանում մնում է լարված: Ժամը 15-ի դրությամբ «Բիրյուզա» առևտրի կենտրոնի մոտակայքում հավաքված են մարդիկ, կոչեր են հնչում ստեղծել հանրային դրուժինաներ՝ շրջանում կարգուկանոնը վերահսկելու համար:

Հավաքված են մարդիկ նաև բանջարեղենի պահեստային բազայի մոտակայքում:

Որոշ չճշտված տեղեկությունների համաձայն՝ այստեղ ոստիկանները ձերբակալել են Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող երիտասարդին, ում ինքնության մասին, սակայն, տեղեկություն դեռ չկա:

Կիրակի ուշ երեկոյան Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը իր ենթականերին, ըստ էության, սպառնացել է․ - «Եթե նման բազաներում կարգուկանոն չհաստատեք, դա ձեր փոխարեն կանեն ուրիշները»:

Արևմտյան Բիրյուլևո շրջանում և Մոսկվայի կենտրոնում այսօր շատ ոստիկաններ կան, կան հատուկ մեքենաներ: Ընդհանուր առմամբ, ոստիկանները երեկ և այսօր ձերբակալել են հազարից ավելի միգրանտների:

Երեկ ոստիկանության հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ձերբակալել էին անկարգությունների մասնակիցներին՝ մոտ 400 հոգի, մեծ մասին արդեն բաց են թողել: Ու թեև «Ռուսաստանը ռուսների համար է» վանկարկող երիտասարդները և պատանիները, այդ թվում նաև՝ դպրոցականներ, երեկ հարձակվել են նաև ոստիկանության ներկայացուցիչների վրա, ջարդել են առևտրի կենտրոնի խանութներն ու մի քանի տասնյակ մեքենաներ, ՕՄՕՆ-ը նրանց նկատմամբ շատ զգույշ էր երեկ և զգույշ է նաև այսօր, հավանաբար՝ կրքերը է՛լ ավելի չթեժացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG