Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում առաջին հետընտրական հանրահավաքը անցկացվեց


Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 12-ը հոկտեմբերի, 2013թ․

Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 12-ը հոկտեմբերի, 2013թ․

Իլհամ Ալիևի անհապաղ հրաժարականի պահանջը շաբաթ օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքի գլխավոր կարգախոսն էր:

Հարկ է նկատել, որ սա վերջին շրջանում ընդդիմության նախաձեռնած թերևս ամենաբազմամարդ ու տպավորիչ բողոքի գործողությունն էր:

Դիմելով մասնակիցներին՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն արձանագրում էր․ - «Փոխվում են ժամանակներն ու դարաշրջանները, իսկ Ալիևների վարչակազմի մեթոդները անփոփոխ են»:

«2003 թվականին Իլհամը գողացավ իմ հաղթանակը, ժողովրդի տարած հաղթանակը: Այսօր նա նույն կերպ վարվեց Ջամիլ Հասանլիի հետ: Բայց ինչի հասավ Իլհամն այս 10 տարվա ընթացքում` միլիարդների կարողություն դիզեց` փոխարենն արժանանալով ժողովրդի ատելությանը», - նշում էր Ղամբարը:

Հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ներկայացնող Ջամիլ Հասանլիի համոզմամբ էլ՝ այն, ինչ կատարվեց, քվեարկության արդյունքների համատարած խեղաթյուրում էր:

«Հոկտեմբերի 9-ից հետո Ադրբեջանն անդառնալիորեն փոխվել է: Թեև իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունները, այնուհանդերձ, հասարակությունն է փոխվել: Իրականում հոկտեմբերի 9-ին քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 20 տոկոսը: Նրանց 65-70 տոկոսը քվեարկել է ընդդիմության թեկնածուի օգտին: 2500 տեղամասերից ստացված մեր փաստական տվյալները վկայում են, որ այս քրեական, կոռումպացված թալանչիական ռեժիմը համատած կերպով կեղծել է ընտրությունները», - նշում էր Հասանլին:

Ընտրությունների բողոքարկման օրինական գրեթե բոլոր ուղիներից, սակայն, ադրբեջանական ընդդիմությունն արդեն իսկ զրկվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ կայացած նիստի ժամանակ զուտ տեխնիկական պատճառաբանություններով մերժվեց ընդդիմադիրների ներկայացրած բողոքի քննությունը:

Ուշագրավ է, որ ԿԸՀ-ում Ջամիլ Հասանլիի լիազոր ներկայացուցչին հնարավորություն չտվեցին մասնակցել երեկվա նիստին․ ոստիկանությունը նրան ձերբակալեց և հինգ ժամ ներքին գործերի բաժնում պահեց հենց այն ժամանակ, երբ նա գնում էր մասնակցելու ընտրական հանձնաժողովի նիստին:

Ադրբեջանական ընդդիմության վերջին հույսը Արևմուտքի արձագանքն է: Սա է պատճառը, որ մի քանի ժամից Ջամիլ Հասանլին կմեկնի սկզբում Բրյուսել, ապա՝ Ստրասբուրգ, որտեղ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ կքննարկի Ադրբեջանում ստեղծված հետընտրական կացությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG