Մատչելիության հղումներ

2795-ամյա քաղաքում 100 տարեկան շենք չկա. Ակտիվիստները Երևանի տոնը «կեղծ» են որակում


Սամվել Ալեքսանյանի աջակիցների բողոքի ակցիան Փակ շուկայի մոտ, արխիվ
Սամվել Ալեքսանյանի աջակիցների բողոքի ակցիան Փակ շուկայի մոտ, արխիվ
Երևանը նշում է իր 2795-ամյակը, սակայն այդ տոնը այսօր մի խումբ ակտիվիստներ որակեցին կեղծ։ Եթե մայրաքաղաքում օրեցօր վերանում են խորհրդանիշ շենքերն ու աղճատվում պատմամշակութային հուշարձանները, ապա ակտիվիստները հարց են բարձրացնում՝ ինչպիսի՞ Երևան ենք մենք ժառանգում ապագա սերնդին։

Փակ շուկայի համար պայքարող «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները այսօր նույնպես Մաշտոցի պուրակից երթով գնացին Փակ շուկա։

«Քաղաքը նախ և առաջ շարունակական հիշողություն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը.- «Մենք աշխարհի տարբեր անկյուններում մենք ունենք մեր պապերի կառուցած շենքեր, իսկ Երևանի ներսում, սրտում տեղի ունեցող այս բարբարոսությունը, որին մենք երկու տարի շարունակ ականատես ենք լինում, խոսում է այն մասին, որ ինչ-որ շատ լուրջ ախտ է մտել մեր մեջ, և այդ ախտից պետք է ազատվենք»։

Շուկայի համար պայքարող ակտիվիստները այսօր հատուկ հանդերձանքով էին՝ դեղին գլխարկներով, որոնք, ըստ նրանց, խորհրդանշում են աղճատված շինությունների ապամոնտաժումը։

Ակտիվիստ Գայանե Բաբլոյանը ցավով նշեց, որ օրն իր համար տոնական չէ, քանի որ Երևանի ծնունդը նշելու առիթները տարեց տարի պակասում են։

«2975 տարեկան քաղաք ունենք, բայց 100 տարեկան շենք չունենք քաղաքում։ Արդեն իսկ ողբ է»,- ասաց ակտիվիստը։

«Աղճատելով շուկան՝ աղավաղում ենք Երևանի պատկերը», «Խնջույք ժանտախտի ժամանակ», մինչ երթով կհասնեին շուկա, բարձրախոսով հաղորդում էին ակտիվիստները՝ համաքաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց երթին, այլ ոչ թե «դառնալ կեղծ տոնակատարությունների մասնակիցը»։

Փակ շուկայի մոտ, ինչպես միշտ, ակտիվիստներին սպասում էին շուկայի սեփականատեր, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցները։ Բորբոքված կանայք և տղամարդիկ սկսեցին հերթական անգամ վիրավորանքներ նետել ակտիվիստների հասցեին։

«Ինչի են էկել, խանգարում են մեր աշխատանքը։ Ներսում կանգնած ենք, դուրս ենք եկել, չենք ուզում սրանց երեսը տեսնենք, զզվցրին։ Զզվեցինք սրանց ձայները լսելով, դուրս ենք եկել, որ չթողենք դաժե էս շուկայի տարածքով անցնեն»,- ասում էր Ալեքսանյանի համակիր կանանցից մեկը։

Կանայք այսօր ևս «Ալեքսանյան՝ բարերար» էին վանկարկում։
XS
SM
MD
LG