Մատչելիության հղումներ

Պենևը կարծում է՝ մրցավարը Բուլղարիայի դեմ գործեց


Մրցավարը կարմիր քարտ է ցույց տալիս բուլղարացի ֆուտբոլիստին, 11-ը հոկտեմբերի, 2013
Մրցավարը կարմիր քարտ է ցույց տալիս բուլղարացի ֆուտբոլիստին, 11-ը հոկտեմբերի, 2013
«Ինչպես ամբողջ խաղաշրջանում, այս խաղում ևս մրցավարները գործեցին Բուլղարիայի դեմ»,- երեկ Հայաստան-Բուլղարիա խաղից հետո կայացած մամլո ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը։

Նա ասաց, որ վերջին տարիներին իրենց հավաքականը բավականին բարդ մրցակից է դարձել աշխարհի բոլոր թիմերի համար, ինչն էլ թերևս ամբողջ խաղաշրջանում մրցավարների՝ իրենց դեմ սուլելու պատճառ է հանդիսանում։

«Ակնհայտ է, որ այս խաղում մենք ավելի լավ հանդես եկանք, ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք նույնիսկ 10 և 9 խաղացողներով։ Այս խմբում բոլոր խաղերի ժամանակ մրցավարները միշտ էլ Բուլղարիայի դեմ են դատել։ Օրինակ, կոնկրետ այս հանդիպման 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականը արդեն կարող էր կարմիր քարտ ստանալ և մնալ 10 հոգով, մինչդեռ մրցավարը աչք փակեց։ Բավականին երկար եմ մտածել և եզրակացրել եմ, որ այս ամենի պատճառը մեր ավելի ուժեղ լինելն է»,- հայտարարեց Բուլղարիայի մարզիչը։

Պենևը խոստովանեց, որ այս պարտությունից հետո Բուլղարիայի՝ ընտրական խմբից դուրս գալու շանսերը ավելի քիչ են։ Նա հեգնեց, ասաց՝ պատրաստվում է նամակ գրել ՖԻՖԱ, որպեսզի մյուս հանդիպման ժամանակ Բուլղարիայի հավաքականը հանդես գա 9 կամ 10 ֆուտբոլիստներով, քանի որ այդպես մրցակիցների համար ավելի հեշտ կլինի։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք մարզիչը պարտության համար մեղադրում է միայն մրցավարին, և որ իր հավաքականի ֆուտբոլիստները սխալներ թույլ չեն տվել, նա ասաց, որ իր ֆուտբոլիստները խաղացին կանոնների շրջանակներում։

«Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ես շնորհավորում եմ իմ խաղացողներին. նրանք 10 և 9 հոգով էլ շատ լավ խաղացին, կրկին շեշտում եմ, ես ոչ ոքի չեմ մեղադրում, ընդամենը ներկայացնում եմ փաստերը»,- ասաց Պենևը։

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից հետո ասաց, որ իրենք խաղում էին լավ ֆուտբոլ ցուցադրելու և հաղթելու համար, ինչը ստացվեց։

Նա նաև անդրադարձավ մրցավարի կողմից բուլղարացիներին տրված երկու կարմիր քարտերին.- «Մրցավարը աշխարհի երեք լավագույններից է, և երևի հատուկ էլ նշանակված էր այս խաղին։ Մրցավարը շատ լավ հանդիպում անցկացրեց։ Փառք Աստծո, որ սադրանքների չգնացինք»,- ասաց մարզիչը։

Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, ով ուղիղ եթերում մեկնաբանում էր հանդիպման հեռուստահեռարձակումը, խաղից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն Բուլղարիայում տեղի ունեցած խաղի, երբ նրանց երկրպագուները եկել էին մարզադաշտ միայն մրցակցին վիրավորելու համար, մեզ մոտ երկրպագուները եկել էին հավաքականի տղաներին աջակցելու համար, ինչն էլ մեզ հաջողություն բերեց։

«Ես այսպես էլ ցանկանում էի, որ մենք հաղթեինք և խաղով ապացուցեինք, որ մենք ավելի ուժեղ ենք իրենցից, և Սոֆիայում տեղի ունեցածը ոչ ֆուտբոլային իրադարձությունների հետևանք էր։ Ես չէի ասի, որ մրցավարը մեզ օգնեց, որովհետև երկու կարմիրներն էլ տեղին էին։ Երկու դեպքում էլ խախտումներն ակնհայտ էին, մրցավարը արեց այն, ինչ պարտավոր էր անել»,- ասաց Քալանթարյանը։

Մեկնաբանը ասաց, որ այս հաղթանակի արդյունքում մեր հավաքականը դեռևս պահպանում է խմբից երկրորդ տեղով դուրս գալու շանսերը, իսկ Բուլղարիայի հավաքականը շատ բաներից զրկվեց։

Երևանում նախորդ բոլոր չորս հանդիպումներում հայ ֆուտբոլիստները պարտություն էին կրել։ Սա ընտրական մրցաշարում Հայաստանի առաջին հաղթանակն է սեփական հարկի տակ, երկրպագուները այն նշում էին մինչև ուշ գիշեր։

Հայաստանի հավաքականը թեև ներկայումս աղյուսակի նախավերջին տեղում է, սակայն խմբում երկրորդն է հաղթանակների թվով՝ Իտալիայի հավաքականը տոնել է 6, Հայաստանը՝ 4 հաղթանակ։ Այժմ Հայաստանի հավաքականը պատրաստվելու է վերջին՝ հոկտեմբերի 15-ին Իտալիայում կայանալիք հանդիպմանը խմբի առաջատարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG