Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 12-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է.- «Երեկվանից Երևանում խոշոր ու շքեղ տոնական միջոցառումներ են, երգ ու պար, զուռնա-դհոլ, տոնախմբություն: Այն ամենը, ինչ արվում է «Քաղաքի տոնի», անցյալ դարի 60-ականների վերջերից հաստատված ավանդական «Էրեբունի-Երևան» տոնակատարության ժամանակ: Գուցե ավելի ճոխ, գուցե փոքր-ինչ համեստ: Տոնն ու տոնականը շատ է: Դրոշակներ, պաստառներ, սրտիկներով պլակատներ, երգ ու պար, արհեստների ու արհեստավորների վարպետության յուրօրինակ ցուցահանդես: Ամեն ինչ կա, միայն մի տեսակ ուրախությունն է կարծես քիչ: Չէ, չենք ասում, թե մարդիկ տոնակատարության անմիջական վայրերում մռայլ ու «ամպամած» են շրջում: Բայց մի տեսակ ընդհանուր մթնոլորտում ինչ-որ բան պակասում է: Ինչ-որ շատ կարևոր բան»:

Մայրաքաղաքի տոնին է անդրադարձել նաև «Հայկական ժամանակ»-ը.- «Արդյոք անկեղծ ուրախանում ենք մեր մայրաքաղաքով։ 2795-ամյա մեր քաղաքում նույնիսկ 100-ամյա շինություն գրեթե չի մնացել։ Մի ընդգծված համառությամբ և հետևողականությամբ հին Երևանը ոչնչացվում է, հատկապես վերջին տարիներին Երևանը մայրաքաղաքից վերածվել է պարզապես մեծ բնակավայրի, որն այլևս չունի կոլորիտ, չունի պատմություն։ Քաղաքային իշխանությունները իրենց չեն խնայում Երևանի համար ինչ-որ սիմվոլներ ստեղծելու համար, իսկ այսօրվա Երևանի ամենանկեղծ, ամենաբնորոշ սիմվոլը պատմական շենքերը քանդող էքկավատորի կովշն է։ Երևանում կազմակերպված յուրաքանչյուր այսպիսի անիմաստ տոնակատարության գումարով կարելի է մի քանի պատմական շենք վերականգնել կամ նորոգել, բայց իշխանությունը նախապատվությունը տալիս է քեֆ-ուրախություններին։ Ինչո՞ւ։ Պատասխանն շատ պարզ է՝ պատմական շենքերը խանգարում են, շատ են խանգարում այս կամ այն օլիգարխին, այս կամ այն պաշտոնյային Երևանի կենտրոնում իրենց հերթական շուշաթղթած օբյեկտը կառուցելիս։ Եվ հետո պատմական շենքերը վերականգնելը, նորոգելը, խնամելը, պահպանելը ամենօրյա ջանք է պահանջում։ Դրա համար պետք է նաև ճաշակ ունենալ, ունենալ լայն մտահորիզոն, պետք է արմատներով խրված լինել հարազատ քաղաքի պատմության մեջ։ Այս ամենը, սակայն, բացակայում է»։

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տարած երեկվա հաղթանակին.- «Երեկ ես ուրախացել էի Բուլղարիայի հետ խաղում մեր հավաքականի հաղթանակով՝ նախևառաջ այն պատճառով, որ այդպիսով հերքվեց դավադրության հերթական տեսությունը, թե իբր սեփական հարկի տակ մերոնք «խաղը ծախում են»՝ ինչ-ինչ «բուքմեյքերային խաղերի» պատճառով: Հետաքրքիր է, որ մեր միտքը մշտապես գնում է դեպի ինչ-որ «մութ ուժեր», երբ մենք չենք կարողանում որևէ բան բացատրել: Բա էլ ինչպե՞ս վարվենք, եթե Երևանում պարտվում ենք Մալթային, իսկ հետո հյուրընկալվելիս հաղթում ենք Դանիային և Չեխիային: Ահա թե ինչպես: Նախ՝ պետք է ընդունել, որ կյանքում և մասնավորապես սպորտում կարող են լինել պատահականություններ (գնդակը, ինչպես ասում են, կլոր է), կարող են գոյություն ունենալ սովորական աչքի համար անտեսանելի հոգեբանական բարդույթներ, վերջապես՝ իրենց դերն են խաղում խաղացողների և մարզիչների բացթողումները: Մի խոսքով՝ ամենևին պարտադիր չէ՝ երբ հանդիպում ես ինչ-որ մի անբացատրելի երևութի, դրա մեջ տեսնել դավադրություն, քո թշնամիների կախարդանքը, նավսը, թուղթուգիրը»։

«Չորրորդ իշխանություն»-ը արձագանքում է վարչապետ Տիգրան Սարգսյանի Մոսկվա կատարած վերջին այցին.- «Այս այցը աննախադեպ կարելի է համարել ոչ թե Հայաստանի կամ Ռուսաստանի Դաշնության, այլ անձամբ Հայաստանի վարչապետի համար։ Բանն այն է, որ Հայաստանի վարչապետին այդպես էլ չի հաջողվել հանդիպել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ։ Խայտառակությունն այն է, որ նրան հանդիպել են միայն Մեդվեդևի տեղակալները։ Ի դեպ, այս մասին հայտնում են հենց Հայաստանի կառավարության պաշտոնական աղբյուրները։ ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում ոչինչ չկար գրված մեր վարչապետի այցելության մասին։ Այսինքն տեղի ունեցածն այնքան անկարևոր է ռուսների համար, որ նրանք հարկ էլ չեն համարել դրա մասին թեկուզ փոքրիկ պաշտոնական հաղորդագրություն տեղադրել իրենց կայքում»։

«Ժամանակ»-ին հաջողվել է մի քանի հարց ուղղել այժմ արդեն պաշտոնաթող դատախազ Կորյուն Փիլոյանին։ «Ի վերջո անհասկանալի է` ինչո՞ւ որոշեցիք հեռանալ դատախազությունից»,- հարցնում է թերթը։ «Ես իմ ցանկությամբ խնդրել եմ ինձ աշխատանքից ազատել: Ինձ որևէ մեկը չի համոզել, ինձ որևէ մեկը չի դրդել, ընդհակառակը, բոլորի համար անակնկալ ա եղել: Որոշել եմ հանգստանալ, հոգնել եմ»,- պատասխանում է Փիլոյանը։ «Իսկ հնարավո՞ր է, Դուք գնալու եք Աղվան Հովսեփյանի հետ աշխատելու»։ «Ես էս պահին բերքահավաք եմ անում, իմ ծառերից խնձոր եմ քաղում: Ձեզ էլ հրավիրում եմ, կհյուրասիրեմ»։ «Պարոն Փիլոյան, Դուք Ձեզ գնահատված համարո՞ւմ եք»։ «Ես չեմ ուզում պատասխանել Ձեր հարցերին հիմա»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG