Մատչելիության հղումներ

Հակասություններ՝ «Հարսնաքարի» գործով․ մեղադրողը վերանայում է ցուցմունքները


«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն այսօր էլ ասաց, թե ինքն է ծեծել ռազմական բժիշկ, տուժող Գարիկ Սողոմոնյանին: Ամբաստանյալը, իր խոսքով՝ «սխալմամբ» տվեց նաև տուժող Էդգար Նիկոյանի անունը, որին, ըստ մեղադրական եզրակացության, Բաբլոյանը ծեծել է՝ չպատճառելով մարմնական վնասվածք:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հարց ուղղեց, թե Բաբլոյանը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը:

«Մենակ իմ կատարած գործողությունների համար՝ Էդգար Նիկոյանին, Գարիկ Սողոմոնյանին ծեծելու հետ կապված»,- ասաց Արթուր Բաբլոյանը, ապա նշեց, թե Էդգար Նիկյոանին հարվածելու պատասխանատվությունը «շփոթվելու» հետևանքով է ստանձնել, նրա անունը սխալմամբ է հնչեցրել: Այդ մասին Բաբլոյանը հայտարարեց, երբ իրենց հարց ուղղեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե Արթուր Բաբլոյանը մյուս ամբաստանյալների հետ ծեծելով՝ անզգուշությամբ առաջացրել է Վահե Ավետյանի մահը, մյուս տուժողներին՝ Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը պատճառել է վնաս, իսկ տուժող Էդգար Նիկոյանին ծեծել է՝ մարմնական վնասվածքներ չպատճառելով: Էդգար Նիկոյանին ծեծելու մասին տվյալներ է ունեցել նախաքննական մարմինը, բայց, փաստորեն, ամբաստանյալ Բաբլոյանը, մի պահ տալով Նիկոյանի անուն-ազգանունը՝ ասաց, թե դա «շփոթմունք» էր:

Մեղադրող Արմեն Մարուխյանը ամբաստանյալ Բաբլոյանին հարցրեց, թե ինչո՞ւ է որոշել հիմա ցուցմունք տալ: Բաբլոյանը նախաքննության ժամանակ ընդհանրապես ցուցմունք չէր տվել:

«Քանի որ իմ ընկերները որոշեցին ցուցմունք տալ իրենց կատարածի մասին, ես էլ որոշեցի ցուցմունք տամ իմ կատարածի մասին», - հայտարարեց Բաբլոյանը:

Մեղադրող Արմեն Մարուխյանը հարցեր ուղղեց նաև՝ իր խոսքով՝ Բաբլոյանի և մյուս ամբաստանյալների ցուցմունքների հակասությունների մասին: Բաբլոյանը հայտարարեց, թե ինքը հակասություններ չի տեսնում: Դատավոր Դավիթ Հարությունյանը թույլ չտվեց, որ մեղադրողը շարունակի հակասությունների մասին հարցերը:

Բաբլոյանը չպարզաբանեց իր և Ռուբեն Հայրապետյանի հետ շփումը․ դեպքի օրը ստացել էր հեռախոսազանգ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փորձեց հասկանալ, թե ի՞նչ կապ ունի Արթուր Բաբլոյանը Ռուբեն Հայրապետյանի հետ: «Ինչո՞վ է պայմանավորված Ռուբեն Հայրապետյանի հոր անունով գրանցված հեռախոսահամարից Արթուր Բաբլոյանի հեռախոսահամարին հասցեագրված զանգը»: Փաստաբան Տիգրան Եգորյանի այս և մի շարք այլ հարցերի Բաբլոյանը չպատասխանեց: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ամբաստանյալները, որ որեւէ այլ ցուցմունք չէին տալիս, հայտարարություններով էին հանդես եկել ՝ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը նրա ռեստորանի տարածքում կատարվածի վերաբերյալ հերքելու մղումներով:

Ուշագրավ է, որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Գարիկ Մարգարյանի ցուցմունքներից հետո դատավոր Դավիթ Հարությունյանը ընդգծված վերաբերմունքով էր տուժող կողմի փաստաբանին առաջարկում հարցերը հնչեցնել՝ չսպասելով ամբաստանյալների պատասխաններին:

«Դատավորը հուշում է»


Այսօր էլ Արթուր Բաբլոյանի ցուցմունքից հետո դատավորը տուժող կողմի փաստաբանին ասաց՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նախորդ նիստերի ժամանակ ամբաստանյալները չեն պատասխանել տուժողների հարցերին, թող փաստաբանն իր հարցերը փոխանցի մեղադրողին: Փաստաբան Եգորյանն ասաց՝ դատավորն այսպիսով հուշում է, որ Բաբլոյանը չպատասխանի հարցերին:

Արթուր Բաբլոյանի այսօրվա ցուցմունքի որոշ մանրամասներ հակասում են մյուս ամբաստանյալների պնդումներին, որոշ դեպքերում նախաքննական ցուցմունքներին: Մեղադրող Արմեն Մարուխյանն ասաց, որ վերջին երկու նիստին ամբաստանյալների ցուցմունքները վերանայելու անհրաժեշտություն է տեսնում: ժամանակ խնդրեց՝ հաջորդ նիստին միջնորդություններ ներկայացնելու համար: «Ազատության» հարցին ի պատասխան մեղադրողն ասաց, թե միջնորդություններ պետք է պատրաստի նոր հարցաքննությունների համար:

Հիշեցնեմ՝ անցած դատական նիստին անսպասելիորեն ցուցմունք էին տվել ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը: Նորայր Հայրապետյանը, որ մինչ այդ ասել էր՝ ոչ մեկին չի ծեծել, նախորդ նիստին ցուցմունք էր տվել, թե ինքն է Վահե Ավետյանին հարվածողը: Մյուս ամբաստանյալը՝ Գարիկ Մարգարյանը, որը ևս մինչ այդ չէր ընդունել մեղադրանքները, նախորդ նիստին ասել էր՝ ինքն է հարվածել Արտակ Բայադյանին: Այս պնդումները հերքող ապացույցներ կան: Տուժող կողմը պնդում է, որ նման ցուցմունքները պայմանավորված են համաներման կիրառումից օգտվելու հեռահար նպատակներով:

«Պարգեւատրում՝ «Հարսնաքարի» գործը դասավորելու համար»


Այսօր հայտնի դարձավ՝ «Հարսնաքարի» գործով մեղադրանքը պաշտպանող Արթուր Դավթյանը նշանակվել է Երևանի դատախազ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանն այս կապակցությամբ «Ազատությանն» ասաց․ «Արթուր Դավթյանը Ավետյան ցուցակի գլխավոր հավակնորդներից մեկն է, եթե ոչ առաջինը, որովհետև նախաքննության ընթացքում մի շարք կարևոր ապացույցների ոչնչացումը նրա հովանավորչությամբ և թույլտվությամբ է կատարվել: Հետևանքը նրա առաջխաղացումն է՝ դատախազությունում բաժնի պետից դարձավ Շենգավիթի դատախազ, իսկ հիմա ՝Երևան քաղաքի դատախազ: Կարելի է ասել՝ սա պարգևատրում է «Հարսնաքարի» գործը չակերտավոր դասավորելու համար»:

Իսկ «Հարսնաքարի» գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 18-ին:
XS
SM
MD
LG