Մատչելիության հղումներ

logo-print

Երկար սպասված հաղթանակ սեփական հարկի տակ


Հայաստան - Բուլղարիա. Յուրա Մովսիսյանը երկրորդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ.

Հայաստան - Բուլղարիա. Յուրա Մովսիսյանը երկրորդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ.

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ փուլում Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բուլղարիայի թիմի նկատմամբ։

Սկզբունքային հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեին Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսը՝ իրացնելով տուգանային հարվածը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում, ընդ որում՝ տուգանայինը մրցավարը նշանակեց հենց Օզբիլիսին վայր գցելու համար։ Գրեթե անխուսափելի գոլից փրկվելու համար այդ քայլին դիմած բուլղարացի Նիկոլայ Բոդուրովը հեռացվեց խաղադաշտից, և երկրորդ խաղակեսը Հայաստանի թիմը սկսեց նաև քանակական առավելությամբ։

Այդուհանդերձ, բուլղարացի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման 61-րդ րոպեին՝ կրկին տուգանային հարվածով, հավասարեցնել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Իվելին Պոպովը։

Երկու րոպե անց գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և խաղադաշտից հեռացրեց Բուղարիայի հավաքականի ֆուտբոլիստ Սվետոսլավ Դյակովին, և Հայաստանի թիմը ստացավ արդեն երկու խաղացողի առավելություն։

Չնայած դրան, միայն 87-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին հաջողվեց խփել հաղթական գոլը։

Սա ընտրական մրցաշարում Հայաստանի առաջին հաղթանակն է սեփական հարկի տակ. Երևանում նախորդ բոլոր չորս հանդիպումներում հայաստանցի ֆուտբոլիստները պարտություն են կրել։

Այսօրվա հանդիպմանը մարզադաշտում հետևում էր նախագահ Սերժ Սարգսյանը։

Ընտրական մրցաշարի նախավերջին փուլի բոլոր հանդիպումներից հետո B խմբի աղյուսակը 21 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը, որը մինչ այդ էլ արդեն անհասանելի էր դարձել մրցակիցների համար և ապահովել Բրազիալիայի ուղեգիրը, 13-ական միավորով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են Բուլղարիան և Դանիան, որոնց 12-ական միավորով հաջորդում են Չեխիան և Հայաստանը։ Խմբի միայն մեկ՝ աղյուսակը 3 միավորով եզրափակող Մալթայի հավաքականն է, որ զրկվել է երկրորդ տեղը գրավելու և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարը շարունակելու բոլոր հնարավորություններից։

Հայաստանի հավաքականը թեև ներկայումս աղյուսակի նախավերջին տեղում է, սակայն խմբում երկրորդն է հաղթանակների թվով՝ Իտալիայի հավաքականը տոնել է 6, Հայաստանը՝ 4 հաղթանակ։

Այժմ Հայաստանի հավաքականը պատրաստվելու է վերջին՝ հոկտեմբերի 15-ին Իտալիայում կայանալիք հանդիպմանը խմբի առաջատարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG