Մատչելիության հղումներ

Փաստաբանները մտահոգված են ոլորտը կարգավորող օրենդրական փոփոխություններով


Փաստաբանների հանդիպում, արխիվ
Փաստաբանների հանդիպում, արխիվ
Փաստաբանները մտահոգություններ ունեն «Փաստաբանության» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ։

Նախագծի համաձայն՝ փաստաբանից գանձվելու է տարեկան 60 հազար դրամ՝ պետական տուրք, կամ ամիսը 5000 դրամ՝ փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառվելու համար։

«Իհարկե, կան փաստաբաններ, որոնք ի վիճակի են դա վճարելու է, մյուսներն էլ պատրաստ չեն դա վճարել, օրինակ, ես չեմ վճարելու այդ գումարը»,- ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը։

Կառավարությունը պնդում է, որ այդ գումարը պետք է ուղղվի հանրային պաշտպանի գրասենյակին, որը պարտավորված է պետական բյուջեի հաշվին անվճար ծառայություն մատուցել անապահովներին։ Ստացվում է, որ պետությունը փաստաբաններին է փոխանցում այս պարտականությունը։

Արդեն մի խումբ փաստաբաններ իրենց վրդովմունքն են արտահայտել, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախկին և ներկա նախագահները։ Նորընտրիր նախագահ Արա Զոհրաբյանն այս խնդրով դիմել է արդարադատության նախարարին։

Նախարարը երեկ կառավարության նիստում անդրադարձել էր այս հարցին՝ տեղին համարելով դժգոհությունների այս ալիքը։

«Աշխարհում որևէ երկիր չեք գտնի, որտեղ ինչ-որ մեկից ավելի շատ փող ուզեն և ինքը չդժգոհի։ Մենք ասում ենք, որ այդ գումարները ուղղվում են իրավաբանական օգնություն ցուցաբերելուն։ Այսինքն այն, որ փորձում են դրանով բյուջե լցնել, այո՛, ամբողջ աշխարհում էլ փորձում են հարկերի միջոցով բյուջե լցնել»,- հայտարարել էր նախարարը։

Մինչդեռ փաստաբան Լուսինե Սահակյանը տարակուսում է՝ ինչո՞ւ պետք է բյուջեն լցվի իր և ուրիշի աշխատած գումարի հաշվին։ Անպատասխան է մնում նաև այն հարցը, թե ինչու տուրքի չափը հենց 60 հազար դրամ է սահմանվել։

«Նախ պետք է պետությունը պատասխանի այն հարցին, թե ինչ ծառայություն է մատուցում մեզ, որի համար մենք պետք է տուրք վճարենք իրեն, և բացի դրանից, նաև պետք է պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ հատկապես այդ չափով պետք է վճարվի։ Իհարկե, ոչ առաջին հարցին, ոչ երկրորդին չի կարող պատասխան տրվել, որովհետև սա ակնհայտ ապօրինի նախաձեռնություն է»,- ասաց Սահակյանը։

Ուշագրավ է, որ էական չէ, թե փաստաբանը տարվա կտրվածքով որևիցե գործ արել է, թե՝ ոչ, նա պետք է ամեն դեպքում վճարի այդ 60 հազար դրամը։ Հակառակ դեպքում, Սահակյանի խոսքով, կզրկվի արտոնագրից։

Մինչդեռ նախարար Թովմասյանը ճիշտ հակառակն է պնդում.- «Որևէ մեկը արտոնագիր տրամադրելու լիազորությունը Փաստաբանական պալատից չի վերցնում, որևէ կերպ արդարադատության նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ։ Սա համարում եմ մեր ձեռքբերումներից մեկը»։

Սակայն փաստաբաններն ասում են՝ առաջարկվող փոփոխություններով պետությունը փորձում է մտնել իրենց դաշտ և հնարավորություն է ստանում սահմանափակել փաստաբանների անկախությունը։ Մի խումբ փաստաբաններ ծրագրում են առաջարկվող նախագիծը, թեև դեռևս հստակ տեղեկություններ չունեն, թե 1000-ից ավելի գործընկերներից քանիսը կմիանան այդ պայքարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG