Մատչելիության հղումներ

Հայաստանի գալիք տարվա պետբյուջեի լրացուցիչ 90 միլիարդ դրամի մուտքերը Պետեկամուտների կոմիտեն մտադիր է գանձել խոշոր հարկատուներից։

Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտարարեց կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան։ Նա ասաց՝ քանի որ իշխանությունները մտադիր չեն մեծացնել հարկեր-ՀՆԱ հարաբերությունը, այլ կերպ ասած՝ մտադիր չեն ավելացնել հարկերի, տուրքերի փաստացի հավաքումը, ՊԵԿ-ը այդ լրացուցիչ 90 միլիարդ դրամը ապահովելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի հաշվին։

Միրումյանը ընդգծեց՝ կարևոր է, որ տնտեսությունն աճի, ինչը թույլ կտա ապահովել նման ծավալի լրացուցիչ գումարի մուտքը պետբյուջե։

Սեպտեմբերի վերջին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնելով, որ գալիք տարի իշխանությունները մտադիր են ավելացնել կենսաթոշակներն ու պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը, նշեց նաև, որ դա անելու համար հարկավոր է պետական բյուջեն համալրել լրացուցիչ 90 միլիարդ դրամով։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, որ լրացուցիչ 90 միլիարդը իշխանություններն իրոք կձգտեն հավաքել խոշոր բիզնեսից և լրացուցիչ հարկերն էլ արդարացի կբաշխվի գործարար աշխարհում՝ հաշվի առնելով խոշոր գործարարների ինչպես «ինտեգրված լինելը իշխանական այս կամ այն կառույցների հետ»։

«Եթե մենք նայում ենք խնդիրը այսպես, որ այդ գումարները պետք է հավաքվեն ստվերից, այդ թվում՝ իրենց ընկերներից, ապա վնաս չի լինի, որովհետև այդ գումարը կար, պարզապես չէր վերցվում։ Բայց եթե այդ բեռը պիտի կոտրվի նորից փոքր և միջին բիզնեսի վրա, և քողարկված ձևով բարձվի այլ ոլորտներում, ապա վնաս կլինի»,- ասաց նա։

Մակարյանն ուշագրավ տվյալներ փոխանցեց.- «Փոքր բիզնեսի վիճակը իսկապես ծանր է և մենք չպետք է փորձենք փոքր բիզնեսին ավելի ճնշել։ Դինամիկաները, որ ես միշտ ներկայացրել եմ՝ 2008-ից մինչև օրս, ցույց են տվել, որ գործող և գրանցված տնտեսվարող սուբյեկտների քանակը քանի գնում, նվազում է։ Գործողների թիվը այսօր 76 հազար է, երբ մենք ունենք 180 հազարից գրանցված տնտեսվարող սուբյեկտներ։ Եթե առաջ կեսը չէր գործում, հիմա արդեն 70 տոկոսից ավելին չգործող է»։

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով, անգամ խոշոր բիզնեսի պարագայում դժվար կլինի ապահովել լրացուցիչ 90 միլիարդ դրամի եկամուտներ պետբյուջեի համար, քանի որ հսկայածավալ արտագաղթը Հայաստանից շարունակվում է (ըստ պաշտոնական տվյալների վերջին վեց տարիներին երկրից մեկնել է մոտ 170 հազար մարդ), իսկ մյուս կողմից հարկերը չեն դադարում ավելանալ (հիշեցնենք՝ անցած տարի կառավարությունը հավաքեց լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ ու տուրք, այս տարի պետք է հավաքի լրացուցիչ ավելի քան 110 միլիարդի, իսկ գալիք տարի՝ 90 միլիարդ դրամի):

«Բնակչության նվազմանը զուգահեռ մեծացվում են հարկերը, կամ կարելի է ասել՝ հարկերի ավելացմանը զուգահեռ ավելանում է արտագաղթի տեմպը։ Ես չգիտեմ՝ որը որով է պայմանավորված, բայց վստահաբար Հայաստանի պես փոքր շուկայում սպառողների թվի նվազումը բերելու է բիզնեսի անկմանը»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

Գևորգյանը նույնպես կասկած հայտնեց, թե իշխանությունները կկարողանան կամ կցանկանան արդարացի բաշխել հարկային բեռը բիզնեսի վրա: ՊԵԿ-ի կողմից հրապարկվող հազար խոշոր հարկատուիների ցանկի իր ուսումնասիրությունից մի օրինակ բերեց:

«Հայաստանում առաջին եռամսյակում խոշորագույն տասը հարկատուները իրեն հարկերը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացրել են 10.5 տոկոսով, իսկ վերջին տասը հարկատուները իրենց հարկերը ավելացրել են 42 տոկոսով, այսինքն հարկերի հավաքագրման աճը չորս անգամ փոքրերի մոտ գերազանցում է մեծերից հավաքագրվածի տեմպը։ Սա ապացուցում է, որ լրացուցիչ հարկերի հավաքագրման բեռը իրենց վրա վերցնում են փոքր և միջին գործարարները»,- ասաց Գևորգյանը։
XS
SM
MD
LG