Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կենտրոնը հիասթափված է էթիկայի հանձնաժողովներից


Երևանի քաղաքապետարան,

Երևանի քաղաքապետարան,

Երևանի իրավաբանական վարչության պետը պատասխանել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին առնչվող դիմումին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել էր քաղաքապետարանի էթիկայի հանձնաժողովին քննության առնել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ դիմումը: Մասնավորապես, ըստ «Հետք» պարբերականի հրապարակման, Նավասարդյանի մի որդին գծատեր է, մյուսին պատկանում է բիզնես, որն առնչվում է հասարակական տրանսպորտում տեղադրվող գովազդին: Բացի այդ, ուղեվարձի թանկացման դեմ անցկացվող ակցիաների ժամանակ պաշտոնյան, ըստ հակակոռուպցիոն կենտրոնի, դրսևորել է հանրային ծառայողին անվայել վարքագիծ՝ հայհոյելով լրագրողներից մեկին:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, հղում անելով «Հանրային ծառայության մասին» օրենքին, պատասխանել էր, որ օրենքով բացահայտված «շահերի բախում» հասկացությունը միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց է վերաբերում: Ըստ իրավաբանական վարչության պետի, դիմումում նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տվել եզրակացնելու, որ տվյալ ընկերությունների մասով Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում: Ինչ վերաբերում է լրագրողին հայհոյելու փաստին, և դրանով էթիկայի կանոնների կոպիտ խախտմանը, ապա վարչության պետը նշել է, որ համակարծիք չեն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի դիրքորոշմանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Սոնա Այվազյանը վստահություն հայտնեց, որ շահերի բախում իսկապես կա, և օրենքի բացն է պատճառը, որ «շահերի բախում» ասվածը տարածվում է միայն բարձրաստիճան անձանց վրա: Ինչ վերաբերում է էթիկայի կանոնների կոպիտ խախտում ձևակերպման հետ համակարծիք չլինելու՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի մոտեցմանը, ապա ըստ Սոնա Այվազյանի․ - «Այստեղ համակարծիք լինելու-չլինելու խնդիր չէ: Պարզապես իրենք պետք է ճանաչեն, որ այո՛, իրենց գործընկերը դրսևորել է ոչ հարիր վարքագիծ և պետք է դրան գնահատական տան, որպեսզի նման դեպքերը չշարունակվեն»:

Առհասարակ, հակակոռուպցիոն կենտրոնը հիասթափված է էթիկայի հանձնաժողովների գործունեությունից:

«Մենք էթիկայի հանձնաժողովներից ակնկալում էինք մի քիչ ավելի պատասխանատու աշխատանք, առավել ևս, որ նրանց ձեռքին առկա լծակները շատ քիչ են իրականում: Այսինքն, նրանք իրավապահ մարմին չեն, նրանք սանկցիաներ չեն կիրառում, բայց առնվազն փորձագիտական մակարդակով մենք ակնկալում ենք, որ էթիկայի հանձնաժողովները գոնե որակական գնահատականներ տան համապատասխան վարքագծերին, որպեսզի դա հնարավորություն տա ինչ-որ իրավիճակ փոխելու, զսպող դեր կատարի՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար», - մեկնաբանեց Սոնա Այվազյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովների ստեղծման օրից ի վեր 7 դիմում ուղղել են Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովին, 6 դիմում էլ՝ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին: ԱԺ-ի հանձնաժողովից ստացել են 1 մերժում այն հիմքով, որ նման դիմում արդեն իսկ ստացվել է՝ խոսքը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընդդիմադիր Վարդգես Գասպարիի արտահայտման ազատությունը խոչընդոտելուն: Սոնա Այվազյանը դա հիմնավոր մերժում է համարում: Մեկ դեպքում՝ ԱԺ պատգմավոր Մհեր Սեդրակյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշման ընդունումն էր: Մյուս դեպքերում, թեև քննվել են դիմումները, բայց ընդունված որոշումները հակակոռուպցիոն կենտրոնին չեն բավարարում, ասում է Սոնա Այվազյանը:

«Նրանք պարզապես փորձել են կոծկել իրենց գործընկերների ոչ ճիշտ վարքագիծը, կամ օգտվել են օրենքի բացերից: Օգտվելով այդ բացերից նաև այնպիսի կարծիքներ են հայտնել, որ ոչինչ չի տալիս և դա որևէ կերպ չի կարող նպաստել իրավիճակի բարելավմանը», - նշեց նա:

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից դրական որևէ պատասխան չեն ստացել, նկատում է Սոնա Այվազյանը: Իսկ ներկայումս սպասում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասով դիմումի պատասխանին: Կազմակերպությունը հանձնաժողովին առաջարկել է պարզել թե ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելիս Երևանի քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում, ինչպես նաև` ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքն ու լիազորությունները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենը գտնում է, որ ներկա իշխանությունների օրոք շատ դժվար է ակնկալել, որ որևէ մարմին անկախ գործի և անկախ որոշումներ կայացնի:

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարում և արդյունքները կհրապարակի սահմանված ժամկետում:
XS
SM
MD
LG