Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Առաքելյանի և Հայ ազգային կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների բողոքի վերաբերյալ վճիռը կընդունի երկուշաբթի օրը: Այսօր կայացած դատական նիստից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ:

Երիտասարդ ընդդիմադիրները, հիշեցնենք, պահանջում են արդարացման դատավճիռ:

«Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որում իշխում են հանցավոր տարրեր, ովքեր տոտալ վերահսկողություն են սահմանել բոլոր ոլորտներում` ներառյալ դատարանները` կայացնելու համար արդարացման որոշում, դուք պետք է դրսևորեք առանձնահատուկ համարձակություն և կամք` հակառակվելու համար ձեզ վերահսկողության տակ առած ռեժիմին», - նիստի ժամանակ ասաց Տիգրան Առաքելյանի ընկերների փաստաբան Ստեփան Ոսկանյանը` կոչ անելով դադարեցնել Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը` հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ:

Առաքելյանն ու իր ընկերները մեղադրվում են ոստիկանների կողմից ծառայողականության պարտականությունների կատարման խոչընդոտելու, նրանց նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և հասարակական կարգը խախտելու մեջ:

Փաստաբանի պնդմամբ` ոստիկանությունը իր լիազորությունների սահմաններում չի գործել, երկտասարդներին ապօրինի են բերման ենթարկել, անհարկի ուժ են կիրառել` քաղաքական նպատակներով:

Մինչդեռ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի համոզմամբ` փաստարկները հիմնավոր են, քաղաքական հետապնդում չկա:

Դատաքննության ավարտին ՀԱԿ ակտիվիստներն ամփոփեցին անցած երկու տարիների ոդիսականը: Սարգիս Գևորգյանը, մասնավորապես, ասաց. - «Ես նախորդ դատական նիստին, այս դատական նիստին հայտարարել եմ, որ այո, ես ոստիկանության բաժանմունքում հայհոյել եմ: Հայհոյել եմ այն ոստիկանին, ով Արտակին մտցրել էր իր առանձնասենյակ ու ծեծի էր ենթարկում: Եթե դրա համար կա պատասխանատվության բաժին, որը ես պետք է կրեմ, ես կկրեմ: Բայց չեմ կրի պատասխանատվության այն բաների համար, որոնք չեմ արել: Ու պետք է տղաներն էլ չկրեն այդ պատասխանատվությունը»:

Տիգրան Առաքելյանն ասաց, թե մի տուժողին դատարանում այդպես էլ չտեսան, անգամ, ըստ մեղադրանքի, նրա ջարդված քթի ռենտգեն նկարահանումը չդիտեցին, իսկ մյուս վկան եկավ, ասաց, թե ոչինչ չի հիշում:

Ոստիկան Ավետիսյանը, հիշեցնենք, պնդում է, թե Առաքելյանը կոտրել է իր քիթը:

Վերջին խոսքի փոխարեն Տիգրան Առաքելյանը դատարանին նվիրեց Քրեական դատավարության օրենսգիրք`ասելով. - «Ես իմ ազատությունը արդարության մեջ կգտնեմ: Ես ազատության մեջ հայտնվելով ազատություն չեմ գտնի»:

Առաքելյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի օգոստոսի 9-ից: Երեք ամիս առաջ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի վճիռը և այն ուղարկել լրացուցիչ քննության: Երիտասարդները, ըստ այդ վճռի, դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման: Նրանցից երեքը` Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանն ու Արտակ Կարապետյանը ազատության մեջ են:

Ամբողջ քրեական գործը, հիշեցնենք, հիմնված է միայն ոստիկանության աշխատակիցների հակասական ցուցմունքների վրա:
XS
SM
MD
LG